Կարծիք

27.05.2011 18:21


Արհեստածին դաշինքը եւ նրա հետեւանքները

Արհեստածին դաշինքը եւ նրա հետեւանքները

Երեք տարի առաջ բանտերը լեցուն էին քաղբանտարկյալներով, բայց Հայաստանում այնպիսի իրավիճակ էր, որ ժողովրդի գերակշիռ մասը համոզված էր, թե Սերժ Սարգսյանը երկար չի դիմանա եւ ստիպված կլինի թողնել զբաղեցրած պաշտոնը: Կարող է տարօրինակ հնչել, բայց երեք տարի առաջ Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ իշխանությունը շատ ավելի թույլ էր, քան այսօր: Իհարկե, մեծ հաշվով այսօր էլ է թույլ եւ խոցելի, բայց երեք տարի առաջ Սերժ Սարգսյանի վարչախումբը ճոճվում էր եւ ամեն վայրկյան կարող էր փլուզվել:

2008թ. աշնանն էլ Սարգսյանից սկսեցին արդեն երես թեքել նույնիսկ նրանք, ովքեր քվեարկել էին նրա օգտին, եւ նույնիսկ նրանք, ովքեր օգնել էին նախագահ ընտրվել: Դրա հետ մեկտեղ Կոնգրեսի վարկանիշն ավելի բարձր էր: Կարճ ասած, վարչախումբը չէր կարողանում կառավարել, իսկ ժողովուրդն էլ չէր ցանկանում ապրել նման իշխանության պայմաններում: Կարճ ասած՝ մնում էր իշխանությունը վերցնել:

Երեք տարվա հեռավորությունից արդեն պարզ երեւում է, որ այն ժամանակ Կոնգրեսի առաջնորդները իշխանությունը վերցնելու խնդիր չէին դրել: Ավելին, որոշում կայացրին երկարատեւ դադար վերցնել եւ ժողովրդին տուն ուղարկեցին:

Հիմա էլ Կոնգրեսի ներկայացուցիչներն ասում են, թե երեք տարի առաջ որեւէ մեկը չէր պատկերացնի, որ Ազատության հրապարակն ազատ կլինի: Ոմանց թվում է, որ եթե Հայաստանի բնակչության կեսից ավելին աղքատ է, ապա նրանց կարելի է խաբել ամենապրիմիտիվ տեխնոլոգիաների միջոցով: Փորձ է արվում ժողովրդին համոզել, թե Ազատության հրապարակում հանրահավաք անելը գրեթե հրաշքի նման մի բան է կամ քաղբանտարկյալների ազատ արձակումն անակնկալ մի քայլ է: Ամեն ինչ պարզ է: Պետք է ժողովրդին համոզել, որ համաժողովրդական պայքարը լուրջ արդյունքների է հասել, եւ որ «երկխոսությունը» դեռ չսկսված արդեն պտուղներ է տալիս:

Ինչ վերաբերում է այդ «երկխոսությանը», ապա այն արդեն զավեշտի է նմանվում: Կոնգրեսը պնդում է, թե քննարկման թեման լինելու է բացառապես արտահերթ ընտրությունը, իսկ վարչախումբն էլ շեշտում է, թե նման հարց չի կարող քննարկվել: Անկախ այս պնդումներից, արդեն պարզ է, որ «երկխոսությունը» կայանալու է եւ Կոնգրեսի քարոզչամեքենան էլ փորձելու է ամեն օր նվազող իր համակիրներին համոզել, թե իրականում հենց իշխանափոխության հարցն է քննարկում, բայց վարչախումբը ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում այդ մասին բարձրաձայն խոսել:

Իրականում, իրավիճակն արդեն այնպիսին է, որ այլեւս Կոնգրեսի եւ վարչախմբի ջերմ շփումներին կարելի է չանդրադառնալ: Հիմա դաշնակիցներն ընդհանուր շահ ունեն եւ փորձելու են առայժմ քողարկված ձեւերով միմյանց աջակցել եւ պաշտպանել: Բնականաբար, գտնելու են նաեւ ընդհանուր հակառակորդներ, որոնց դեմ էլ պայքարելու են: Ամեն ինչ գնում է նրան, որ նրանք պայքարելու են բոլոր այն ուժերի դեմ, որոնքէ դուրս են մնացել իրենց վերահսկողությունից: Այլ կերպ ասած, նրանք պայքարելու են հասարակության գերակշիռ մասի դեմ:

Անշուշտ, նրանց գործը դժվար է, չափազանց դժվար, քանի որ հպարտանալու գրեթե ոչինչ չունեն: Վարչախումբը տապալել է արտաքին քաղաքականությունը: Տնտեսությունը կաթվածահար վիճակում է: Աղքատության եւ գործազրկության մակարդակը գնալով աճում է: Բարեբախտաբար տապալվեց նաեւ նախաձեռնողական քաղաքականությունը: Այս ամենի հետ մեկտեղ գնալով ընկնում է վարչախմբի դաշնակից Կոնգրեսի հեղինակությունը` մի շարք հասկանալի պատճառներով:

Զարմանալի չէ, որ այս իրավիճակում վարչախումբն ամեն ինչ անելու է այս խայտառակ իրավիճակի պատասխանատվությունն իր վրայից գցելու համար: Նրանք, ովքեր ժամանակին ասում էին, թե Հայաստանը պատվով է հաղթահարել տնտեսական ճգնաժամը, եւ որ նույն այդ ճգնաժամից մենք նույնիսկ կարող ենք օգուտներ քաղել, հիմա փորձում են ապացուցել, թե իրենց ճիշտ չեն հասկացել: Իսկ ամենավատն այն է, որ փորձ է արվում անհաջողությունները բարդել նախորդ կառավարությունների վրա: Նախկին կառավարությունները փայլուն չեն աշխատել, բայց ավելի քան ակնհայտ է, որ առկա ձախողումները բարդել նախկինների վրա` մեղմ ասած` ճիշտ չէ: Ավելին, այս գործելաոճն է՛լ ավելի է գցում վարչախմբի հեղինակությունը եւ մեկ անգամ եւս ապացուցում, թե ինչ խղճուկ վիճակում են գտնվում նրանք:

Իսկ խղճուկ իշխանությունը չի կարող երկար գոյատեւել: Այդ իսկ պատճառով, արդեն այսօր պետք է ամեն ինչ անել, որ վարչախմբի անկումը խոշոր ավերածություններ չառաջացնի:

Գաղտնիք չէ, որ վարչախմբի հույսը հիմա Հայ ազգային կոնգրեսի հետ դաշինքն է, բայց մեծ արագությամբ իր համախոհներին եւ աջակիցներին կորցնող այդ կառույցի հետ հույսեր կապելն անհույս գործ է:

Հայաստանին օդի եւ ջրի նման անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, արմատական բարեփոխումներ, իսկ դա հնարավոր կդառնա միայն մի դեպքում, եթե գործող վարչախումբը չկարողանա վերարտադրվել: Բարեբախտաբար, ամեն ինչ գնում է նրան, որ վերարտադրության բոլոր ծրագրերը տապալվեն: Կարող է տարօրինակ հնչել, բայց Կոնգրես-վարչախումբ դաշինքը եւս նպաստում է այդ ծրագրի տապալմանը:

Իսկ հանրությանը մնում է միայն արագացնել այն քաղաքական ուժի ձեւավորումը, որն էլ կկարողանա իրականացնել երկար սպասված բարեփոխումները, որից հետո Հայաստանը վերջապես կազատվի քաղաքական եւ տնտեսական կեղտոտ դաշտից:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը