Կարծիք

27.05.2011 17:57


Ուժի ցուցադրման անհաջող փորձեր

Ուժի ցուցադրման անհաջող փորձեր

Սերժ Սարգսյանի ամենամերձավոր շրջապատը սկսել է խոստովանել, որ նա մինչ օրս հասարակական լեգիտիմություն չունի: Այսուհանդերձ, եթե հասարակության գերակշիռ մասը համոզված է, որ նա այդ լեգիտիմությունն այդպես էլ չի ունենա, եւ որ Սերժ Սարգսյանի վերընտրվելը նախագահի պաշտոնում կործանարար կլինի Հայաստանի համար, ապա գործող նախագահի թիմն այլ կարծիք ունի: Նրանք կարծում են, որ տեղի ունեցող գործընթացների արդյունքում Սերժ Սարգսյանին կհաջողվի պահել աթոռը և դա անել նաև հաջորդ ժամկետի համար։

Դժվար չէ կռահել, որ Սարգսյանին եւ նրա թիմին ոգեւորում են Հայ ազգային կոնգրեսի ղեկավարների վերջին գործողությունները եւ հատկապես հայտարարությունները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, առաջին հայացքից լոյալ վերաբերմունքը գործող վարչախմբին:

Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը զբաղեցրեց աննախադեպ ընտրակեղծիքներից եւ մարտի 1-ի ողբերգակլան դեպքերից հետո: Եթե այս ամենին գումարենք նաեւ այն փաստը, որ նույնիսկ կառավարման ապարատում Սարգսյանը աջակցություն չունի, ապա հասկանալի է դառնում, թե ինչպիսի իրավիճակում է նա ղեկավարում երկիրը 2008 թվականի ապրիլից: Իսկական հրաշք է, որ նման թույլ դիրքերում գտնվող մարդը կարողանում է պահպանել զբաղեցրած պաշտոնը: Ավելին, ոչ միայն պահպանում է, այլ նաեւ սկսել է մտածել վերարտադրվելու մասին:

Երկար խորհել պետք չէ հասկանալու համար, որ Սարգսյանին եւ նրա թիմակիցներին ոգեւորում են վարչախումբ-ՀԱԿ փոխհարաբերությունները, կիսափակ կամ կիսաբաց դռները, Եղիազար Այնթապցու մասին հիշատակումները, կայունության երաշխավոր լինելու մասին հայտարարությունները: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանին սկսել է ոգեւորել ստեղծված իրավիճակը:

Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները մասնավոր տարատեսակ զրույցներում խոստովանում են, որ Հայաստանում ձեւավորված ավանդույթի համաձայն՝ իշխանությունը ձեռք է բերվում ուժով եւ ուժի մասին ապացույցներով: Նույն այդ զրույցներից դատելով կարելի է հանգել այն եզրակացության, որ նույնիսկ Սերժ Սարգսյանն է ընդունում, որ մինչ օրս ուժի ցուցադրման բոլոր փորձերը մատնվել են անհաջողության: 2008թ. ապրիլից Սերժ Սարգսյանը տարատեսակ հնարքներով եւ մեթոդներով փորձում է ապացուցել, որ ինքը բավական զորեղ է իշխանությունը պահելու համար, բայց, մեղմ ասած, նրան գրեթե որեւէ մեկը չի հավատում:

Զավեշտ է, բայց փաստ, որ մինչ օրս Սերժ Սարգսյանի թիմը համոզված է, որ իշխանությունը պահպանելու համար ֆուտբոլային քաղաքականությունը հաջողված հնարք էր: Եթե մի փոքր ուշադիր հետեւենք Սերժ Սարգսյանի քարոզչամեքենայի աշխատանքներին, ապա պարզ կդառնա, որ նրանք շարունակում են համոզված մնալ, որ հենց այդ նախաձեռնողականության արդյունքում Սարգսյանը պահպանեց իր պաշտոնը: Մնում է հարցնել, թե նրանք պատկերացնո՞ւմ են, թե ինչ կլիներ, եթե ադրբեջանցիները երես առած եւ կամակոր երեխայի նման քթները չխոթեին այդ գործընթացի մեջ:

Այս ամենի հետ մեկտեղ Սերժ Սարգսյանի թիմը խոստովանում է, որ ներիշխանական ասպարեզում ուժի ցուցադրման փորձերը մատնվում են անհաջողության: Իսկ ավելի ճիշտ կլինի ասել, որ նրանք շեշտում են, թե մինչ օրս ուժի ցուցադրման փորձ էլ չի եղել: Այսպես, թե այնպես պարզ է, որ Սերժ Սարգսյանը գոհ չէ առկա իրավիճակից եւ մտածում է, թե ինչպես ցույց տա իր ուժը: Նկատելի է նաեւ, որ Սարգսյանը տեսնում է արդեն, թե երբ կարող է իր ուժով հպարտանալ: Այստեղ եւս Սարգսյանին օգնության է հասնելու Հայ ազգային կոնգրեսը: Եթե ինչ որ պահից սկսած երկխոսությունն ավելի քան բացահայտ լինի եւ երկխոսության թեման էլ այն չլինի, ինչի մասին խոսում են կոնգրեսական որոշ առաջնորդներ եւ ակտիվիստներ, ապա Սարգսյանը կարող է ներիշխանական դաշտում հպարտորեն շեշտել, թե տեսեք-տեսեք ես այնքան հզոր եմ, որ «երկխոսության» դաշտ բերեցի նրան, ով ցանկանում էր կազմաքանդել մեր բուրգը:

Ամբողջ հարցը սակայն նրանում է, որ այս քայլը այն էֆեկտը չի տա, ինչին ձգտում է Սերժ Սարգսյանը, քանի որ նույն ներիշխանական դաշտում հաստատ գիտեն, որ «երկխոսությունը» Սարգսյանի ուժի հետ որեւէ կապ չունի:

Նկատելի է նաեւ, որ նրանք, ովքեր երազում են Սերժ Սարգսյանի ձեռքով կրակից շագանակներ հանել, իսկ հետո դատարկ դաշտում ֆեոդալի կարգավիճակում կառավարել երկիրը, գործող նախագահին ոգեւորելով փորձում են նրան հանել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլ բոլոր նրանց դեմ, ում հետ Քոչարյանը նորմալ կամ ջերմ հարաբերություններ է ունեցել: Սարգսյանի իմիջմեյքերներն իրենց շեֆին ուզում են ապացուցել, որ Քոչարյանի եւ նրա թիմի դեմ բացահայտ գործողությունները ոչ միայն կբարձրացնեն նրա վարկանիշը, այլ ուժի ցուցադրման հրաշալի տարբերակ կլինեն:

Ընդ որում, երբ հետեւում ես Սարգսյանի քարոզչամեքենային, հասկանում ես, որ նրանք այժմ ցանկանում են հասարակությանը նախապատրաստել Սարգսյանի վճառական գրոհին ընդդեմ բոլոր նրանց, ովքեր չեն համաձայնվում խոնարհվել վարչախմբի առաջ: Ընդ որում, ակնհայտ է, որ Սարգսյանի անհամբեր թիմակիցները Սարգսյանին դրդում են օր առաջ սկսել հարձակումը, փորձելով ապացուցել, որ ինչքան ուշանա հարձակումն, այնքան կհեշտանան հակասարգսյանականի գործերը:

Բայց նկատենք, որ որքան արագ նա փորձի իրականություն դարձնել մեկ երկիր` մեկ ֆեոդալ ծրագիրը, այնքան արագ կլքի նախագահի պաշտոնը: Հայաստանը ոչ Ադրբեջան է, ոչ էլ Ղազախստան կամ Թուրքմենստան: Այն, ինչ կատարվում է վերոհիշյալ երկրներում, մի շարք սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով չի կարող տեղի ունենալ Հայաստանում: Որքան շուտ Սարգսյանը գիտակցի այս փաստը, որքան շուտ դուրս գա ամբիցիոզ եւ անհամբեր երիտասարդների ազդեցությունից, որքան շուտ հասկանա, որ եթե շարունակի իր քաղաքական եւ տնտեսական ծրագիրը, որը պարզապես կործանում է Հայաստանը, այնքան ավելի շուտ մենք կկարողանանք շտկել մեր պետության մեջքը:

Սարգսյանը վերջապես պետք է դուրս գա իր իսկ սնած քարոզչամեքենայի ազդեցությունից եւ հասկանա, որ իր մրցակիցը կամ հակառակորդը ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է, այլ հայ ժողովուրդը իր գրեթե բոլոր խավերով: Նա եւ իր թիմը չեն կարող պայքարել ամբողջ երկրի դեմ, որքան էլ թվացյալ աջակցություն ստանան միջազգային հանրության կողմից: Այդ նույն միջազգային հանրությունը շատ արագ կլքի նրան` երբ հասունանա այդ պահը:

Պարզ է, որ Սարգսյանի թիմը նրան դրդում է բացահայտ պայքարի դուրս գալ նաեւ ԲՀԿ-ի դեմ։ ԲՀԿ-ի դեմ դուրս գալը նույնքան անխոհեմ քայլ է, որքան ձմռանը Էվերեստի գագաթը գրոհելը: Եւ եթե Սարգսյանը եւ նրա թիմը հույսը դրել են ՀԱԿ-ի վրա, ապա այստեղ եւս սխալվում են, քանի որ ամեն օր Կոնգրեսը հասկանալի պատճառներով կորցնում է իր համախոհներին, կորցնում է այն մարդկանց, ովքեր կոնգրեսի կողքին էին, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստանում էր կազմաքանդել բուրգը և ապահովել «Սերժիկ, հեռացի՛ր» կարգախոսը, այնինչ շարժվում է «Հավերժ Սերժիկի հետ» ծրագրով: Եթե մի անգամ ԲՀԿ-ի դեմ պայքարում Կոնգրեսը կարողացավ օգնել վարչախմբին, ապա այլեւս նման տարբերակ չի կարող լինել, քանի որ շատերի դեմքն արդեն պատռվել է: Եւ ինչքան էլ Սերժ Սարգսյանը եւ Կոնգրեսը համատեղ ջանքերով փորձեն ժողովրդին ապացուցել, որ «երկխոսություն» կոչվածը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի համար, այսուհանդերձ, պարզ է, որ ժողովրդի թիկունքում կնքված գործարքը հարված է պետության թիկունքին: Որքան շուտ գիտակցենք այս ամենը, այնքան ավելի շուտ կկարողանանք առաջ շարժվել և դիմահար հարված հասցնել ժողովրդի թիկունքում գործարքի գնացողներին:

Վարդան  Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը