Քաղաքական

23.03.2021 07:55


Շվեյցարիայի իշխանությունները մերժել են Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի գործով իրավական փոխօգնության միջնորդությունը՝ մեղսագրվող մեղադրանքը որակելով քաղաքական

Շվեյցարիայի իշխանությունները մերժել են Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի գործով իրավական փոխօգնության միջնորդությունը՝ մեղսագրվող մեղադրանքը որակելով քաղաքական

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ընթացքում բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան զինվորականներ Յուրի Խաչատուրովի եւ Միքայել Հարությունյանի ֆինանսական գործունեությունն ուսումնասիրելու համար, սակայն չի կարողացել ոչինչ գտնել։ Անգամ միջազգային գործընկերները հրաժարվել են համագործակցել՝ արձանագրելով, որ հարուցված հետապնդման մեջ առկա է քաղաքական կոմպոնենտ ։

Մասնավորապես՝ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունները դիմել էին Շվեյցարիային՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործերով կալանավորված նախկին պաշտոնյաների՝ Ռ. Քոչարյանի, Յու. Խաչատուրովի եւ Մ. Հարությունյանի բանկային հաշիվների մասին եւ դրանց վրա արգելանք դնել՝ պատճառաբանելով, թե հնարավոր է նրանք Շվեյցարիայում հաշիվներ ունենան։ Նկատենք, որ ՀՔԾ-ն ոչ թե ասել է, որ բանկային հաշիվներ ունեն այս կամ այն բանկում, այլ ընդամենը ենթադրություն են հայտնել, թե գուցե այդ երկրում հաշվեհամար ունեն, ինչին Շվեյցարիայի իշխանությունները շատ կտրուկ են արձագանքել։

Արձանագրելով, որ որեւէ փաստացի տվյալ ՀՀ իշխանությունները չեն ներկայացրել՝ ոչ հաշվեհամար, ոչ բանկի անուն եւ ոչ էլ որեւէ այլ կոնկրետ տեղեկատվություն՝ Շվեյցարիայի իրավապահներն ընդգծել են. «Հնարավոր չէ ընթացք տալ 2018.թ օգոստոսի 14-ին միջազգային փոխօգնության հայցին։ Իրականում այս հայցը բավարար մանրամասներ չի տալիս կասկածի տակ դրված անձանց գործունեությանը կասկածելի համարելու համար և ոչ էլ տալիս է ապացույցներ, որ Շվեյցարական բանկում առկա են միջոցներ։ Բացի դա՝ կապը Շվեյցարիայի հետ ակնհայտ չէ հայցում, իսկ պահանջվող միջոցառումները շատ ընդարձակ են ձևակերպված»։ Ավելին, նկատել են, որ ներկայացված միջնորդության ուսումնասիրությունից հետեւում է, որ այն վերաբերում է քաղաքական խախտումներին։

«Ըստ շվեյցարական իրավունքի՝ շվեյցարական իշխանությունները չեն կարող բավարարել փոխօգնության հայցը, եթե այն վերաբերում է այնպիսի իրավախախտմանը, որը պահանջող կողմի համար հանդիսանում է քաղաքական կամ դրան հարակից իրավախախտում»,-նշված է փոխօգնության միջնորդությանն ի պատասխան Շվեյցարիայի իշխանությունների պատասխանում։

Նկատենք, որ Քոչարյանի եւ մյուսների գույքի վրա արգելանք դնելու միջնորդությամբ ՀՀ իշխանությունները Շվեյցարիային դիմել էին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուց անմիջապես հետո, երբ նրան մեղադրանք էր առաջադրվել 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար։ Այսինքն, անգամ հեռավոր Շվեյցարիան նկատել էր մեղադրանքի քաղաքական բնույթը ու հրաժարվել այդ հարցով համագործակցել ՀՀ իշխանությունների հետ։

Փոխարենը պաշտոնական գրությամբ ՀՀ իշխանություններին նաեւ սովորեցրել են, թե իրավական փոխօգնության միջնորդությունն ինչպիսի վավերապայմանների պետք է համապատասխանի, որպեսզի իրենք այն քննարկման առարկա դարձնեն ու կից ուղարկել հուշաթերթիկ՝ միջազգային փոխօգնության հայցադիմումի անհրաժեշտ բովանդակության և պայմանների վերաբերյալ։

ՀՀ իշխանություններին ուղարկված սկանդալային փաստաթուղթն ստորագրել է Շվեյցարիայի Արդարադատության դաշնային գրասենյակը։

Լուսանկարում՝ փաստաթղթի եզրափակիչ մասը։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը