Քաղաքական

23.03.2021 14:50


ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ. 4-4 համամասնությամբ Ռոբերտ Քոչարյանի գործը քննվեց գրավոր ընթացակարգով (տեսանյութ)

ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ. 4-4 համամասնությամբ Ռոբերտ Քոչարյանի գործը քննվեց գրավոր ընթացակարգով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Դատավորներ Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը միջնորդեցին դիմումը քննել բանավոր ընթացակարգով՝ հաշվի առնելով նաև գործի հասարակական հնչեղությունը։ Արևիկ Պետրոսյանը հղում արեց ՍԴ աշխատակարգի 67֊րդ կետին, որով գործի քննության ցանկացած փուլում անհրաժեշտության դեպքում հնարավոր է անցնել բանավոր ընթացակարգի, մանավանդ, որ նման պրակտիկա ՍԴ֊ն ունեցել է։

Միջնորդությանը դեմ արտահայտվեցին ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, դատավորներ Երվանդ Խունդկարյանը և Էդգար Շաթիրյանը։ Դիլանյանի խոսքով՝ «հասարակության հիշողության մեջ ՍԴ-ի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ բոլոր պատկերացումները ձևավորվել են բացառապես ՍԴ-ի կայացրած որոշումների բովանդակության հիման վրա»։ Բացի այդ, ըստ ՍԴ նախագահի՝ բանավոր ընթացակարգի անցումը կարող է անհարկի ձգձգել գործի քննությունը։ Ի պատասխան սրան՝ Հրայր Թավմասյանն արձագանքեց․ «Եթե անհարկի ձգձգումների մասին էիք խոսում, պետք է բարի լիներ հուլիսի 7֊ին նշանակված նիստը հաջորդ տարվա մարտի 23֊ին չքննել։ Պետք էր ժամանակին կազմակերպել, որ այս գործը քննվեր»։

ՀՀ սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Որոշման հրապարակման օրն այս պահին հայտնի չէ։ Գործի քննությունն ընթացավ գրավոր։

Այս խորագրի վերջին նյութերը