Աշխարհ

22.03.2021 11:04


«Դրանով փորձ է արվում միասեռականությունը նորմալ երևույթ դարձնել». Թուրքիան բացատրել է՝ ինչու է դուրս եկել Ստամբուլյան կոնվենցիայից

«Դրանով փորձ է արվում միասեռականությունը նորմալ երևույթ դարձնել». Թուրքիան բացատրել է՝ ինչու է դուրս եկել Ստամբուլյան կոնվենցիայից

Թուրքիան որոշել է դուրս գալ «Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին» ստամբուլյան կոնվենցիայից, քանի որ դրա էությունը փոխվել է, և այն օգտագործվել է «միասեռականությունը նորմալ երևույթ դարձնելու» նպատակով:

Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, գրում է Anadolu-ն:

«Կանանց իրավունքների պաշտպանության նախնական նպատակը ստանձնել են մի խումբ մարդիկ, որոնք փորձում են նորմալ երևույթ դարձնել միասեռականությունը, ինչն անհամատեղելի է Թուրքիայի սոցիալական և ընտանեկան արժեքների հետ»,-շեշտել են հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Թուրքիայի՝ կոնվենցիայից դուրս գալը «ոչ մի կերպ չի նշանակում», որ երկիրը վտանգում է կանանց իրավունքների պաշտպանությունը: Դա ցույց է տալիս, որ Թուրքիան բարեփոխումներ է իրականացնելու՝ կանանց դեմ աճող բռնության դեմ պայքարելու համար:

Նշենք՝ «Կանանց իրավունքների պաշտպանության մասին» ստամբուլյան կոնվենցիան ընդունվել է 2011 թվականին: Այն դարձել է ընտանեկան բռնության դեմ պայքարի առաջին եվրոպական համաձայնագիրը: Թուրքիան առաջին երկիրն էր, որը վավերացրել է այն: Կոնվենցիան ստորագրող պետություններին պարտավորեցնում է քրեականացնել հոգեբանական, ֆիզիկական և սեռական բռնությունները, հղիության արհեստական հարկադիր ընդհատումը, հարկադիր ամուսնությունը և ստերիլիզացումը, ինչպես նաև սեռական ոտնձգությունները:

Մարտի 20-ի գիշերը թուրքական Resmi gazete պաշտոնաթերթում հրապարակվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած որոշումը, որով Թուրքիան դուրս է գալիս Ստամբուլյան կոնվենցիայից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը