Քաղաքական

27.05.2011 13:51


Արմեն Ռուստամյան. «Համաներումն արեցին, և ուղղակի առնչվեց մարտի 1–2–ի իրադարձություններին»

Արմեն Ռուստամյան. «Համաներումն արեցին, և ուղղակի առնչվեց մարտի 1–2–ի իրադարձություններին»

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով համաներմանը` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշել է, թե ինքը դեռ վաղուց է ասել, որ այս խնդիրը պետք է լուծվի երկու ճանապարհով՝ իրավական և քաղաքական։ Իրավական առումով պետք է վերացվեն այն հոդվածները, որոնք ՔՕ–ում անորոշության տեղ են թողնում, ու  հստակ չի արձանագրվի՝ ի վերջո քաղաքակա՞ն են մոտիվացիաները, թե՞ քրեական։ Նա ընդգծել է, որ կա նաև քաղաքական ճանապարհ, քանի որ այն արարքները, որ կատարվել են մարտի 1–2–ի հետ կապված, քաղաքական մոտիվացիա ունեն, ու շահարկումները միշտ լինելու են. «Մեկն ասելու է՝ քրեական հանցագործ են, մյուսն ասելու է՝ քաղաքական հանցագործ են»։

Դրան վերջ դնելու համար, Ա. Ռուստամյանի խոսքերով, անհրաժեշտ էր քաղաքական լուծում։ Քաղաքական լուծումն էլ համաներումն էր։

–Համաներումն արեցին, և ուղղակի առնչվեց մարտի 1–2–ի իրադարձությունների  հետ, և մենք ասացինք, որ կիսատ–պռատ այս ձևով համաներում անելը սխալ է։ Եթե մենք ասում ենք, որ պետք է համաներվեն բոլոր նրանք, ովքեր մարտի 1–2–ի հետ առնչված են, ուրեմն բոլորն էլ պետք է իսկապես համաներվեին, և այս էջը փակվեր։ Հիմա խոսվում է, որ լարվածությունը մեղմելուն է ուղղված այս համաներումը։ Իսկ ինչո՞ւ ստեղծեցինք այս լարվածությունը, ինչի՞ պահեցինք, որ հիմա էլ լարվածությունից ազատվելը համարում ենք լուրջ նվաճում,– տարակուսել է նա։

Համաներում հայտարարելու Սերժ Սարգսյանի քայլը Արմեն Ռուստամյանը բացատրում է նրանով, որ իշխանությունները, ովքեր էլ որ լինեն, եթե ժողովրդավարական կարգեր հաստատված չեն երկրում, միշտ վախենալու են 2 բանից՝ դրսի և ներսի ճնշումներից։

–Իշխանություններն ամեն ինչ անում են, որ միշտ այդ ճնշումները նվազեցնեն, որպեսզի դա բնականաբար չհանգեցնի իրենց հեռացմանը։

Նա ընդգծել է, որ իշխանությունները հենց սկզբից գնացին շատ սխալ ճանապարհով՝ դրսի ճնշումները չեզոքացնելով, ինչի նպատակով էլ  սկսվեց հայ–թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը։ Իրավիճակն այդ ընթացքում, սակայն, ավելի բարդացավ, որովհետև, նրա համոզմամբ, դրսի ճնշումներին դիմակայելու համար  ներսում պետք է հզորանալ, և չզիջելու համար պետք է զարգանալ սեփական ռեսուրսների հիման վրա։

–Երբ տեսան՝ դա տեղի չունի, հիմա վերադարձան ներսը։ Ներսում արդեն ունենք 3 տարվա քայքայված վիճակ ու հենց այդ ձախորդ քաղաքականության պատճառով ավելի խորացած դժվարություններ, և ստիպված են հիմա փնտրել ներսում լուծումներ, որ այդ ճնշումները ներսում ավելի չուժեղանան։ Իսկ սոցիալական բունտը Հայաստանում, սոցիալական ընդվզումը իսկապես կամաց–կամաց պոռթկում էր, և դա երևում էր։ Պատահական չէր, որ ով հրապարակ էր դուրս գալիս, տասնյակ հազարավոր ժողովուրդ էր հավաքվում։ Այսինքն՝ սա իրական վիճակ է, որի հետ պետք էր հաշվի նստել, ու բնականաբար՝ այս լարվածությունը թուլացնելը նաև դրան է ուղղված, որ գոլորշին բաց թողնվի,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը