Քաղաքական

19.03.2021 12:58


Երբ քաղաքական ուժերն իրար համարում են թշնամի, քաղաքագիտական բոլոր նորմերի համաձայն՝ ընտրությունների արդյունքում երկիրը հայտնվում է քաղաքացիական պատերազմի հորձանուտում․ քաղաքագետ

Երբ քաղաքական ուժերն իրար համարում են թշնամի, քաղաքագիտական բոլոր նորմերի համաձայն՝ ընտրությունների արդյունքում երկիրը հայտնվում է քաղաքացիական պատերազմի հորձանուտում․ քաղաքագետ

Արտահերթ ընտրությունները քաղաքական ճգնաժամից դուրս գալու ձևերից են․ դրանք լա՞վ տարբերակ են, թե՞ վատ, այլ հարց է, որովհետև լավագույն տարբերակն այն կլիներ, որ լիներ ժամանակավոր կառավարություն, և արտահերթ ընտրություններն անցկացներ այդ կառավարությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը։

Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների անցկացումը հանրության պահանջն է, բայց կարևոր է՝ ով պետք է անցկացնի դրանք, որ համարվեն արդար։ Ըստ Բոզոյանի՝ ճգնաժամից դուրս գալու համար պետք է քաղաքակիրթ հանգուցալուծում, ու թեև դրա լավագույն տարբերակն ընտրություններն են, քանի որ դրանց միջոցով է ձևավորվում նոր լեգիտիմ իշխանությունը, բայց այդ ընտրությունները պետք է ընդունվեն բոլորի կողմից։

«Լավ կլիներ՝ գտնվեր չեզոք թիմ, որը կկարողանար այդ ընտրություններն անցկացնել։ Միայն այդ տարբերակով ընտրության արդյունքները կլինեն վստահելի և չեն բերի քաղաքացիական բախումների։ Եթե այս ընտրություններն անցկացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ապա այդ ընտրության արդյունքները վստահելի չեն լինելու հակառակ կողմի համար, որովհետև այսօր մեծ բևեռացվածություն կա։ Արդյունքում` ճգնաժամը կարող է ոչ թե հաղթահարվել, այլ ավելի խորանալ, ինչպես մեզ մոտ եղել է հետընտրական պրոցեսների ժամանակ վերջին 20-25 տարում»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե իշխանությունն ընտրություններն անցկացնի այս ընտրական օրենսգրքով, ապա դրա արդյունքները լեգիտիմ չեն լինելու հասարակության մեծ մասի համար։

«2018-ի իշխանափոխությունից հետո նրանք նշում էին, թե կընդունեն կուսակցությունների մասին նոր օրենք, Ընտրական օրենսգիրքը կփոխեն, հետո միայն կանցկացնեն ընտրություններ։ 2018-ին անցկացրին արտահերթ ընտրություններ՝ ոչ մի բան չփոխելով և ամեն ինչ բարդելով այն ժամանակվա ընդդիմության վրա։ Անցել է շուրջ 3 տարի, բայց այդ ընթացքում ևս ոչինչ չեն փոխել, և ամենամեծ ցինիզմն այն է, որ նույն Ընտրական օրենսգրքով ուզում են անցկացնել ընտրություններ։ Հասարակության մեծ մասը համոզված է, որ այս ընտրական համակարգով հնարավոր չէ լուրջ ընտրություններ անցկացնել»,-ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ էական խնդիր է նաև հասարակության բևեռացվածությունը, ատելության մթնոլորտը։

«Հայաստանն այժմ հայտնվել է լուրջ ճգնաժամի մեջ, որը բաժանել է մեր հասարակությանը, խորը անդունդի մեջ է գցել բոլորին։ Ես կարծում եմ, որ այդ ճգնաժամը սկսել է ոչ միայն պատերազմի հետևանքով, այլև 2018-ից հետո ձևավորված ատելության մթնոլորտից։ Ցավոք, «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունն իրականում բերեց բոլորի հանդեպ թույնի ու ատելության։ Այն այժմ բումերանգի օրենքի համաձայն վերադարձել է նաև այս իշխանության դեմ»,-նշեց նա։

Վերջինիս խոսքով՝ երբ քաղաքական ուժերն իրար համարում են ոչ թե քաղաքական մրցակից, այլ թշնամի, ճգնաժամը կարող է միայն խորանալ։

«Եթե քաղաքական ուժերն իրար մրցակից են, ընտրության արդյունքներն էլի կարող են վստահելի չլինել, բայց դա չի բերի մեծ ցնցումների, արյունահեղության, բայց երբ քաղաքական ուժերի միջև անհաղթահարելի ատելություն է, մեկը մյուսին համարում է օտարերկրյա գործակալ, որը եկել է ՀՀ-ն կործանելու, քաղաքագիտական բոլոր նորմերի համաձայն՝ այդպիսի ընտրությունների արդյունքում երկիրը հայտնվում է քաղաքացիական պատերազմի հորձանուտում»,-ասաց Երվանդ Բոզոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը