Մեկնաբանություն

19.03.2021 11:58


Դատարաններն՝ ընդդեմ պետությունը քանդողի

Դատարաններն՝ ընդդեմ պետությունը քանդողի

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուն պես սկսեց քանդել գրեթե ամեն ինչ։ Կառուցելու մասին խոսք անգամ չկար, թեև որդեգրել էր «Կառուցենք Հայաստանը նորովի» կարգախոսը։

Նիկոլի «նորովին» միայն ասֆալտ անելն էր, որը նախկինում էլ էր արվել։ Ասֆալտի գործում նորովիության ուշագրավ դետալն այն էր, որ բիտումի բիզնեսի մեջ էր մտել Նիկոլի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, և «չերեզ» ասֆալտ Նիկոլը փող էր աշխատում։

Ինչ վերաբերում է պետական կառույցներին, ապա Նիկոլն այստեղ իսկական ավերածություններ գործեց։ Ամենազգալին ամբոխի քայքայիչ ֆունկցիան ուժային կառույցներում էր։ Մեր անվտանգության համակարգին այնպիսի հարվածներ հասցվեցին, որ կորցրեցինք Արցախի պետականությունը և հարցականի տակ հայտնվեց Հայաստանի գոյությունը։

Նիկոլը քանդեց Հայաստանի ու Արցախի բանակները, գործնականում փալաս սարքեց ԱԱԾ–ն, ոստիկանությունը դարձրեց իր անձնական պաշտպանության գվարդիան, նախարարությունները վերածեց պարգևավճար լափող կառույցների, խորհրդարանը դարձրեց ուսապարկային, դատախազությունը տրանսֆորմացրեց իր անձնական ցանկությունները կատարող բութ գործիքի։

Նիկոլը, սակայն, չկարողացավ մինչև վերջ ոչնչացնել դատական համակարգը, չկարողացավ այն դարձնել գրպանային։ Կյանքը ցույց տվեց, որ իշխանության այս ճյուղը, որը նախկինում հաճախ էր քննադատվում, էվոլյուցիայի ընթացքում ահագին անկախացել ու դրական որակներ է ստացել։

Առանձին խայտառակ դեպքերը մի կողմ դրած՝ դատավորները կանգնեցին պետության պաշտպանության խրամատում։ Նրանք չբավարարեցին Նիկոլի կապրիզներն ու ապօրինի ցանկությունները։ Առաջինը Ալեքսանդր Ազարյանն էր։ Նա կանգնեց ամբոխային ոհմակի, ամբոխապետի դեմ ու պետության կողքին։ Կանգնեց միայնակ՝ ապացուցելով, որ իրավունքը, օրենքը և ամենակարևորը՝ պետությունը պահելը քաղաքացու պարտականությունն է։

Հետո ի հայտ եկան մի շարք դատավորներ, որոնք չլքեցին պետության սահմանագիծը և պահեցին իրենց դիրքերը։ Նիկոլին դա հիստերիկության գիրկը նետեց։ Նա նույնիսկ հրահանգեց շրջափակել դատարանները, բայց իր հիստերիկության ու ապօրինության մեջ մնաց քիչ մարդկանցով ու վաղը նաև դրա համար է դատվելու։

Պետության պահպանության առումով իր բարձրության վրա մնաց նաև Սահմանադրական դատարանը։ 7 դատավորները մերժեցին Նիկոլի անպարկեշտ առաջարկը՝ «Փող՝ պետության դիմաց»։ Ոմանք կորցրեցին աշխատանքը, բայց տեղի չտվեցին։ Վաղվա Հայաստանում այդ մարդիկ պետք է ամենաբարձր գնահատականին արժանանան։

Դատարանները հիմնականում շարունակում են օրինապահությունը, ինչը հունից հանում է Նիկոլին։ Դա է պատճառը, որ նա շարունակում է իր ուսապարկային ոհմակին քսի տալ ԲԴԽ ղեկավար Վարդազարյանի վրա։ Դա է պատճառը, որ Նիկոլն ուզում է սեփականաշնորհել դատարանները՝ ընտրակեղծիքների հիմնադիր Ջհանգիրյան Գագիկին փորձելով ԲԴԽ ղեկավար կարգել, որպեսզի դատարանները վերածի դակիչի։

Կռիվը դատական համակարգի ու նիկոլի միջև շատ լուրջ բնույթ ունի։ Նիկոլը պահանջում է ապօրինություններ, դատարանների մեծ մասը դիմադրում է։ Դատարանների կռվի վերջին օրինակը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հարցով որոշումն էր։ Դատարանի որոշմամբ Գասպարյանը դեռ մնում է ԳՇ պետ, իսկ Նիկոլի «թաշկինակ» Արտակ Դավթյանը ոչ մի բան է այդ պաշտոնում։

Ամփոփենք․ դատարաններն այն եզակի ինստիտուտներից են, որոնք պահում են պետությունը նիկոլական ոտնձգություններից։ Առաջնագիծը հիմա իշխանության այդ ճյուղով է անցնում։ Նիկոլն ուզում է վերացնել Հայաստանը, որ չդատվի։ Դատարանները պաշտպանում են Հայաստանը, որ վաղը դատեն բոլոր հանցագործներին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը