Քաղաքական

18.03.2021 15:30


Աբու Դաբիի՝ ռազմարդյունաբերական ցուցահանդեսում միայն բուկլետներով տաղավարի համար վճարվել է շուրջ 108 մլն դրամ. ԲՏԱ նախարարությունը ներկայացրել է ծախսերը

Աբու Դաբիի՝ ռազմարդյունաբերական ցուցահանդեսում միայն բուկլետներով տաղավարի համար վճարվել է շուրջ 108 մլն դրամ. ԲՏԱ նախարարությունը ներկայացրել է ծախսերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերության ցուցահանդեսի մասնակցության համար ՀՀ-ի կողմից կատարված ծախսերը։ Համաձայն նախարարության հաշվետվության՝ միայն տաղավարի վարձակալության համար վճարվել է 108.352.652 ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշներ չկային, փոխարենը բուկլետներ էին։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։

ԲՏԱ հաշվետվությունը ստորև։

Ցուցահանդեսին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմում՝ կազմակերպչական հարցերը կանոնակարգելու համար, ընդգրկված են եղել նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի 6 աշխատակիցներ, ինչպես նաև հայկական տարբեր ռազմարդյունաբերական ընկերությունների ավելի քան 45 մասնագետներ։

Նախարարության պատվիրակության ավիատոմսերի գնման, օրապահիկի և հյուրանոցի գիշերակացի համար վճարվել է 8․604․603 ՀՀ դրամ՝ համաձայն ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335֊Ն որոշմամբ սահմանված պահանջների։

Տաղավարի տարածքի վարձակալության համար վճարվել է 108.352.652 ՀՀ դրամ («Capital Events» և «Berns Brett Masaood» ընկերություններին):

Տաղավարի նախագծման և կառուցապատման արժեքը՝ 23,000,000 ՀՀ դրամ («Էքսպո Գրուպ» ՍՊԸ)։

Անհրաժեշտ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ www.procurement.am կայքում։

Նախարարի պաշտոնական ներկայացուցչական ծախսերը կազմել են 139,000 ՀՀ դրամ (ՀՀ 2021 թ. նախարարության պահպանման միջոցներով նախատեսված ներկայացուցչական ծախսերի հաշվին)։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 61-Ա հրամանի 4-րդ հավելվածով սահմանված մասնակից ընկերությունների մեկական ներկայացուցչի 4 օրվա գիշերակացի ծախսերը. 9 հոգի՝ 3,637,700 ՀՀ դրամ (25,320 ԱՄԷ դիրհամ), մնացած բոլոր ծախսերն իրականացրել են ընկերությունները՝ համաձայն ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335֊Ն որոշմամբ սահմանված պահանջների։

Ընկերությունները, քննարկման արդյունքում, նպատակահարմար են գտել ցուցանմուշներն ուղարկել միասնական տարբերակով՝ հաշվի առնելով դրանց բնույթը և ընդհանուր գործընթացի բարդությունը։ Նկատի ունենալով ժամկետների սղությունը՝ Նախարարությունը հնարավորինս աջակցել է մասնակից ընկերություններին առաջացած խնդիրների կարգավորման հարցում։

Նախատեսված է եղել նաև, որ փոխադրման ծառայության դիմաց կվճարեն մասնակից ընկերությունները:

Աղբյուրը`tert.am

Այս խորագրի վերջին նյութերը