Քաղաքական

18.03.2021 13:41


«Կառավարությունն ասել է՝ թքած ունենք դատական ակտի վրա». Օնիկ Գասպարյանի փաստաբան

«Կառավարությունն ասել է՝ թքած ունենք դատական ակտի վրա». Օնիկ Գասպարյանի փաստաբան

Եթե այստեղ դատարանի որոշման կատարման խնդիր կա, ապա պաշտոնատար անձի կողմից դատական ակտը չկատարելը հանգեցնում է մինչեւ քրեական պատասխանատվության։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Վարչական դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, եւ հետայսու Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես Գլխավոր շտաբի պետ:

Այսօր էլ վարչապետի աշխատակազմը պարզաբանում է տարածել, թե Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։

«Կառավարությունն ասել է՝ թքած ունենք դատական ակտի վրա։ Վարչական դատարանը ժամանակավորապես բավարարել է մեր հայցը, ասել է, որ չկա այդպիսի իրավահարաբերություն, որ կարող են Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատել։ Դա նշանակում է, որ այն, ինչ եղել է Օնիկ Գասպարյանի հետ կապված, չէր կարող հանգեցնել պաշտոնից զրկմանը։ Արդյունքում՝ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել։ Դատարանն իր որոշման մեջ հստակ գրել է, որ այս հայցի ապահովումը կիրառում է նրա համար, որովհետեւ Գասպարյանն ունի 5 տարի անընդմեջ աշխատելու իրավունք, եթե հիմա հայցի ապահովում չկիրառի ու այդ ընթացքում ուրիշին նշանակեն, պարոն Գասպարյանի՝ 5 տարի անընդմեջ պաշտոնավարման խախտվելու է։ Կառավարության այդ մեկնաբանությունը աբսուրդի ժանրից է»,-նշեց փաստաբան Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունը շատ բան կարող է ասել, բայց եթե նույն հարցը մեկնաբանում է դատարանը եւ ասում՝ Սահմանադրությունից այդպիսի բան չի բխում, ուրեմն պիտի ենթարկվեն դատական ակտին. «Եթե Վարչական դատարանն էլ է Սահմանադրությունը մեկնաբանում եւ նշում, որ այնտեղից չի բխում, որ ինքն իրավունքի ուժով ազատված է, նշանակում է՝ պետք է հարգեք դատարանի ակտը։ Հստակ է, որ Կառավարությունն ինքը չի կարող կամայական որոշել»։

Նշենք, որ Օնիկ Գասպարյանն այսօր նույնպես գնացել է աշխատանքի։ Ըստ փաստաբանի՝ նա չէր կարող չներկայանալ, քանի որ ռազմական դրության պայմաններում հանրային ծառայողի՝ աշխատանքի չներկայանալը կարող է դիտվել որպես արարքը ծանրացնող հանգամանք։

Այս խորագրի վերջին նյութերը