Մեկնաբանություն

17.03.2021 12:40


Թուրքիան մտավ Ազատության հրապարակ․ թուրքական հաճախորդաց հարեմում Նիկոլը մրցակիցներ ունի

Թուրքիան մտավ Ազատության հրապարակ․ թուրքական հաճախորդաց հարեմում Նիկոլը մրցակիցներ ունի

Մինչ մեր հանրության գիտակից ու պետականամետ հատվածը պայքարում է Թուրքիայի նախագահ Էրդողանի պաշտպանության տակ հայտնված Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար, Թուրքիան «Ազգային ժողովրդավարական բևեռի» անվան տակ ակտիվացնում է իր մյուս դրածոներին։

Մինչ ոմանք քննարկում են թուրքական պաշտպանության տակ հայտնված իշխանության միջոցով կազմակերպվելիք արտահերթ ընտրությունների թեման, Թուրքիան հերթական ականն է պայթեցնում մեր պետության տակ։ «Ծռերը» Երևանի կենտրոնում անարգել հնչեցնում են Հայաստանի պետականության վերջին փշրանքները վերացնելու թեզերը։

Հայ–թուրքական, հայ–ադրբեջանական, ռուս–թուրքական մրցակցությունը ռազմի դաշտից տեղափոխվել է Հայաստանի քաղաքական դաշտ։ Թուրքերն այս պահին շահեկան դիրքերում են, քանզի Նիկոլը դեռ վարչապետ է, իսկ մարգինալ «ծռերն» ազատորեն քարոզում են հակապետական գաղափարները, սորոսականները շարունակում են սողոսկել պետական համակարգեր, արմանբաբաջանյաններն ու արամսարգսյանները ամենօրյա ռեժիմով վայրահաչում են։

Թուրքիան՝ Ազատության հրապարակում

Երեկ Ազատության հրապարակում հավաքվածները բոցաշունչ ելույթներ էին ունենում։ Խոսում էին ու գոռգոռում։ Դրանց կարելի էր ուշադրություն չդարձնել, եթե խոսքը թուրքական 5–րդ շարասյան մասին չլիներ։ «Ծռերն» անվանափոխվել են ու մեյդան դուրս եկել։ Սրանք էլ նիկոլենց պես հաճախ են կրկնում «ինքնիշխանություն» բառը և «ինքնիշխանության» տակ հասկանում Ռուսաստանից ազատվելը, իրականում՝ Թուրքիայի տակ մտնելը, ինչը հուշում է, որ սրանց ու Նիկոլի կուռատորը նույն կենտրոնն է, պարզապես տարբեր ձևերով է խաղացնում ձեռքի տակ հայտնված մատերիալը։

Ժիրոյենց բերանում գերազգայանական բառապաշար, իսկ ձեռքերում՝ ջահեր են դրել, որպեսզի փորձեն այդ դաշտում մրցել ՀՅԴ–ի հետ ու զուգահեռաբար վարկաբեկել ազգայինը։

Մարդիկ, ովքեր ահաբեկչություն են իրականացրել, ոստիկաններ սպանել, նիկոլական իշխանության կողմից ազատ են արձակվել ու առաջ են տանում թուրքամետ գիծը։ Ճիշտ է, նրանք Ազատության հրապարակում ԱՄՆ դրոշն էին ծածանում ու փրփուրը բերաններին քննադատում Ռուսաստանին, բայց մինչև վերջ անկեղծ լինելու դեպքում պետք է բարձրացնեին թուրքական դրոշը, քանզի իրենց արածն ու ասածը բացառապես Թուրքիայի շահերն են սպասարկում։

Ուշագրավ է, որ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Տիգրան Խզմալյանը (սա ադրբեջանական քարոզիչ է), Գարեգին Չուգասզյանը և մյուսները քննադատում են Նիկոլ Փաշինյանին, բայց որևէ ռեակցիայի չեն արժանանում «ժողովրդի» վարչապետի կողմից (Նիկոլն իր մյուս ընդդիմախոսներին ամեն կերպ հետապնդում է բոլոր գործիքակազմերով)։

ՊՊԾ գունդը գրաված ահաբեկիչներին Նիկոլը հանգիստ կարող է բանտ նստացնել, ընդորում՝ ապացուցված սպանությունների համար, բայց դա չի անում։ Չի անում, քանզի չի կարողանում։ Պատճառն այն է, որ ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ թուրքական 5–րդ շարասյան առաջամարտիկ «ծռերին» նույն կենտրոնն է ղեկավարում։ Խոսքը Թուրքիայի մասին է։

Էրդողանը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, բայց դա չի նշանակում, որ նրան տրվում է քարտ բլանշ Թուրքիայի շահերը սպասարկող «ծռերի» դեմ աշխատել։ Մեր երկիրն այն օրն է ընկել, որ Թուրքիան հա՛մ իշխանության մեջ է մտել, հա՛մ փորձում է այդ իշխանությանն ընդդիմություն ձևավորել ու այդ դաշտն էլ վերահսկել՝ երկուսին աշխատացնելով ընդդեմ իր աշխարհաքաղաքական մրցակից Ռուսաստանի դեմ։

Սորոսի «ծռերը» և Հայաստանի զավթումը

Մինչև Նիկոլի վարչապետ դառնալն էլ սորոսաթուրքական ուժերն ակտիվացել էին Հայաստանում (հատկապես եվրաասոցացման շրջանակներում), բայց նրա վարչապետությունից հետո այդ ուժերը դարձան իշխանության փայատեր, Նիկոլի ձեռքերով ոչնչացրեցին Արցախի պետականությունը և հիմա անցել են Հայաստանը վերջնականապես կործանելու գործին։

Նույնիսկ մանկապարտեզի երեխաներին է հայտնի, որ Արցախի մնացուկների միակ երաշխավորը դարձել է Ռուսաստանը։ Հայաստանի անվտանգությունն էլ գրեթե 100 տոկոսով կախված է Մոսկվայից։ Սա պետք է ցավով նշել, քանզի նախկինում ՀՀ–ն ևս սուբյեկտ էր ու մեր բանակն էր մեր երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավորը։ Նիկոլը քանդեց մեր անվտանգության համակարգը։

Ստեղծված իրավիճակում ՌԴ–ի դեմ հանդես գալը, ռուսական բազան Գյումրիից հեռացնելու կոչեր հնչեցնելը, ՌԴ դեսպանատան դեմ կապիկություններ անելը ձեռնտու է միայն Թուրքիային։ «Ծռերը» սպասարկում են հենց այդ թուրքական շահը և սա պետք է ուղիղ ասել։ Ազատության հրապարակում հավաքված «ծռամետների» մեծ մասը, բնականաբար, չի հասկանում, որ ազգային դրոշների ներքո սպասարկում է թուրքական շահը։ Հավաքվածների մոտ հարց չի՞ առաջանում, թե որտեղի՞ց ոչ մի տեղ չաշխատող սեֆիլյաններին, չուգասզյաններին այդքան փող, որ հավաքներ կազմակերպեն ու դեռ մի բան էլ առոք փառոք ապրեն։

Ժիրայրն այնքան է կոմպլեքսավորվել փողի հարցում, որ հայտարարում է, թե բա մեր Սորոսը ժողովուրդն է։ Նրա մոտ ըստ Ֆրեյդի է ստացվում ինքնախոստովանական ցուցմունքը։ Ինչևէ։

Թուրքիան տարիներ շարունակ ֆինանսավորել է հակառուսական գիծը և դա արել տարատեսակ արևմտյան հիմնադրամների անվան տակ։ Թուրքամետ գործունեությունը մեզանում քողարկվել է «արևմտամետության» ու «ինքնիշխանության» անվան տակ, բայց հիմա Հայաստանն այնքան է թուլացել, որ թուրքական 5–րդ շարասյունը բացահայտ է գործում։ Բացահայտ է պաշտպանում Թուրքիայի շահը։

Նիկոլի շրջապատը «խաղաղություն» է քարոզում ու հանձնում Հայաստանի տարածքները, սորոսաթուրքերը հակապետական քարոզ են տանում ցանցերում, բացահայտված գործակալ Արման Բաբաջանյանը կուսակցություն է ստեղծում ու վայելում իշխանության հովանավորությունը, «ծռերն» էլ ԱՄՆ դրոշով միտինգ են անում (Երևանում ԱՄՆ դրոշով հակառուսական ակցիա անելը նույնն է ինչ Թուրքիայի դրոշով անես, քանզի ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան ԱՄՆ տարածաշրջանային գործընկերն է)։

Մեր տարածաշրջանում ռուսական դերի նվազեցումն ավտոմատ բերում է թուրքականի մեծացման։ Երրորդ տարբերակ չկա։ Վրաստանի օրինակն աչքներիս առաջ է։ Արցախյան պատերազմն էլ ցույց տվեց, որ ՀՀ հակառուսական իշխանությունների «պասից» օգտվելով Թուրքիան ուղղակիորեն մտավ ռազմական գործողությունների մեջ ու ստացանք կապիտուլյացիա։

Հայաստանը դարձել է մեր թշնամի երկրների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի համար «պռախադնոյ դվոռ»։ Ու քանի դեռ Նիկոլը վարչապետ է, այս ամենը խորանալու է։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․։ 2016–ի ապրիլյան պատերազմից հետո Ժիրայր Սեֆիլյանն իր հետույքն էր պատռում, թե բա հեկտարներով հող ենք կորցրել ու իշխանությունները թույլ չեն տալիս, որ ինքը գնա ու ազատագրի այդ հողերը։

2020–ի պատերազմի ժամանակ Սեֆիլյանը ֆեյսբուքում կռվողներ ու պիկապներ էր հավաքում, բայց 44 օրում այդպես էլ տեղ չհասավ ու մնաց ֆեյսբուքյան հայրենասիրության տիրույթում, բայց հիմա Ազատության հրապարակում խոստանում է ոչ միայն Նախիջևանը վերցնել, Արցախի տարածքները հետ բերել, այլ նաև Կարսը, Իգդիրը և այլն։ Ահա՛ թե ինչպիսի կապիկություններով են թուրքերը Հայաստանում քաղաքական գործընթացներին միջամտում ու փորձում վերահսկել լիբերալից մինչև ազգայնական, պացիֆիստից մինչև «ռազմահայրենասիրական» դաշտերը։ Իսկ այս պայմաններում մեր ԱԱԾ–ն զբաղված է Նիկոլի քմահաճույքները կատարելով ու ֆեյք բռնելով։ Պետության վախճանը հենց այսպես է լինում։

Այս խորագրի վերջին նյութերը