Մեկնաբանություն

16.03.2021 11:19


Արտահերթը Նիկոլո՞վ, թե՞ Նիկոլի վրա

Արտահերթը Նիկոլո՞վ, թե՞ Նիկոլի վրա

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին բոլորն են խոսում։ Կարծես՝ բոլորն էլ կողմ են դրան։

Նիկոլ Փաշինյանն էլ է խոսում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Պարբերաբար։

Արտահերթ ընտրությունները նաև Հայրենիքի փրկության շարժման օրակարգում է։ Հենց շարժումն է առաջ քաշել արտահերթի հարցը։

Շարժման ու Նիկոլի պատկերացումների տարբերությունն այն է, որ առաջինն արտահերթը պատկերացնում է հետևյալ հաջորդականությամբ ու ձևով՝ Նիկոլի հեռացում, նոր վարչապետի ու ժամանակավոր կառավարության ձևավորում, իրավիճակի կայունացում, մեկ տարի անց արտահերթ ընտրություններ՝ պայմանով, որ գործող վարչապետն անձամբ չի մասնակցի ընտրություններին ու կդառնա ազատ ընտրությունների երաշխավորը։

Ինչ մնում է Նիկոլին, ապա նա ուզում է արտահերթի գնալ իր վարչապետության պայմաններում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Նիկոլի մոտիվացիան շատ պարզ է․ նա ուզում է կեղծել ընտրությունները, քանզի գիտի, որ այլ տարբերակով որևէ շանս չունի։ Նրա ուսապարկերը հայտարարում են, թե բա ո՞նց կարող ենք մենք կեղծել, ֆլան, ֆստան, սակայն ստախոսների ու կեղծարարների իշխանությունից այլ բան չի սպասվում։

Արցախը կեղծիքներով հանձնած, պատերազմի քարոզչությունը լկտիաբար կեղծած, զոհերի թիվը կեղծած ու թաքցրած, վիրավորների, անհետ կորածների, գերիների թիվը կեղծած ու թաքցրած, կեղծիքը պետական կառավարման միակ գործիքը դարձրած, համայն հայության ու պետական բյուջեի փողերը լափած Նիկոլ Փաշինյանը չի՞ կեղծելու ընտրությունները։ Իհա՛րկե, կեղծելու է, եթե իրեն վստահվի։ Համենայդեպս փորձելու է։ Թուրքիայի պաշտպանության հույսին մնացած Նիկոլն ազատ ընտրություննե՞ր է կազմակերպելու։

Ի դեպ, 2018–ի արտահերթ ընտրությունները նույնպես կեղծվել են։ Ամենալկտի ձևով են կեղծվել։ Հոգեբանական կեղծիքն ամենազզվելին է։ Մարդկանց էն գլխից է խաբել Նիկոլն ու կեղծել։ Էյֆորիայի մթնոլորտում ընտրություններ անցկացնելն ամենակեղտոտ ընտրակեղծիքն է, քանզի ընտրողն ընտրության հնարավորություն չունի։

Մի խոսքով, արտահերթի հարցը մնացել է Նիկոլո՞վ, թե՞ Նիկոլի վրա (քաղաքական տապանաքարի) երկընտրանքի արանքում։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․ Նիկոլ Փաշինյանի երբեմնի առաջնորդ ու քիրվայության գծով գաղափարական հայր Լևոն Տեր–Պետրոսյանը կոչ է արել Նիկոլին թռնել։ Թռնել վարչապետի աթոռից ու Հայաստանից։ Այսինքն՝ վարվել նույն կերպ, ինչպես 2008թ․ մարտի 1–ին։ Այն ժամանակ էլ Լևոնը տանը նստած էր, Նիկոլն այդ ընթացքում ամեն ինչ ավիրեց, 10 հոգու գլուխ կերավ, իր առաքելությունն այդպիսով ավարտեց ու թռավ։ Լևոնն այդ գիշերն ամենահանգիստը քնեց (իր խոսքերն են)։

Հիմա Նիկոլը 5.000–ի գլուխն է կերել, Արցախի պետականությունն է ոչնչացրել, տասնյակ հազարավորներին է անտուն թողել ու թուրքերի հետ քիրվայության քարոզ է սկսել։

Փաստորեն, Նիկոլն արեց իր գործը, Նիկոլը կարող է թռնել։

Այս խորագրի վերջին նյութերը