Մեկնաբանություն

12.03.2021 12:26


Մի հայտարարված ռազմական հեղաշրջման պատմություն

Մի հայտարարված ռազմական հեղաշրջման պատմություն

Երբ Օնիկ Գասպարյանի ղեկավարած Հայաստանի զինված ուժերի հրամկազմը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարություն տարածեց, ես տանն էի։ Արագ դուրս եկա ու շտապեցի կառավարության շենք։ Ուզում էի ռազմական հեղաշրջումը մոտիկից տեսնել։ Նաև՝ լուսաբանել։

Ենթադրում էի, որ զինված ուժերը կառավարության շենքը շրջապատած պետք է լինեին։ Նիկոլին պատերին ծեփելու կամ ասֆալտին փռելու կադրեր էի ուզում որսալ որպես լրագրող։ Քաղաքացին և լրագրողը միախառնվել էին մեջս։

Մինչև կառավարության շենք հասնելը հակասական էմոցիաներ ունեի։ Մի կողմից լավ է, որ Նիկոլին ֆուկ անելը կյանքի է կոչվելու, բայց մյուս կողմից լավ չէի զգում, որ դա մաքուր քաղաքական ձևով չէր տեղի ունենալու, և որպես քաղաքացի ինչ-որ տեղ դիտորդ եմ դառնում, այլ ոչ թե անձամբ հեռացնող։

Երբ հասա կառավարություն, տեսա միայն ոստիկանների։ Նիկոլը դեռ չէր հասցրել ծղրտալ Ֆեյսբուքում ու ժեխահավաք կազմակերպել։ Մտածեցի՝ երևի ուշացել եմ։ Հետո պարզվեց, որ մեր զինվորականները նոր խոսք են ասել ռազմական հեղաշրջումների պատմության մեջ։ Բերիային «վերցրած» Ժուկովը, իշխանության եկած Պինոչետը, Եկատերինային իշխանության բերած Օրլով եղբայրները և մյուսները գերեզմաններում շուռումուռ եկան։ Օլիվեր Կրոմվելն էլ հետմահու կրկնակի կախվեց։ Եգիպտոսի ղեկավար Ալ Սիսին զարմանքից պապանձվել է հավանաբար։

Մեր ռազմական հեղաշրջման առանձնահատկությունն այն էր, որ Նիկոլը զինվորականներից էր վախենում, զինվորականները՝ Նիկոլից։ Մի քանի օր իրար դեմ-դիմաց կանգնեցին, նայեցին միմյանց վախեցած աչքերին ու ցրվեցին տներով։ Այնպես, ինչպես սարերում կռվող փոքրիկ կոտոշավորներն են իրար դեմ կանգնում, ոտքերը գետնին խփում, բայց չեն հարձակվում, վերջում էլ ամեն մեկը շրջվում ու բզոտած հետ է փախչում։

Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ ինքն այլ կարգավիճակով է ծառայելու հայրենիքին՝ չհասկանալով, որ ինքն այլ կարգավիճակով, քան Նիկոլին զինուժով հեռացնողը, պետք չէ հայրենիքին։

Օնիկը հայրենիքին պետք էր պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ ու նոյեմբերի 10–ին։ Այս բոլոր ժամանակահատվածներում էլ նա չկար։ Ավելի ճիշտ՝ կար, բայց լուռ էր։ Լուռ հետևում էր, թե ինչպես են թուրքական բայրաքթարները սպանում մեր երեխեքին, իսկ Նիկոլն ու Արծրունը «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո «միս» էին մատակարարում թուրքերին, որպեսզի հետո Շուշին հանձնեն ու հերոսանան, թե բա 25․000 կյանք ենք փրկել՝ չասելով, թե քանիսի՞ն են զոհել հանուն հայ–թուրք–ադրբեջանական քիրվայության ու Հայաստանի վիլայեթացման։

Հիմա ախմախ վիճակ է։ Զինված ուժերի հրամկազմը հայտարարել է, որ շարունակում է պահանջել Նիկոլի հրաժարականը։ Նիկոլն էլ իր հերթին գլխավոր շտաբի նոր պետ է նշանակել մեկին, ում միակ ֆունկցիան լինելու է բանակը վերացնելը։ Նիկոլին բանակ պետք չէ, քանզի այն պետք չէ Էրդողանին։ Հետաքրքիր է, բանակն է՞լ է նույն կարծիքին։ Անկապ հարց եմ տալիս։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը