Քաղաքական

12.03.2021 11:07


Վարչապետի հրաժարականը պահանջող ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարին հեռացրել են ԱԳՆ համակարգից

Վարչապետի հրաժարականը պահանջող ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարին հեռացրել են ԱԳՆ համակարգից

Օրերս Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հրամանով ԱԳՆ համակարգից ազատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Հրայր Կարապետյանը, որը գլխավոր հյուպատոսի պաշտոնից հետ էր կանչվել 2019 թվականի հուլիսից: Այս մասին գրում է Yerkir.am-ը։

Հիշեցնենք, որ Հրայր Կարապետյանի դիվանագիտական առաքելության ընթացքում Սանկտ Պետերբուրգում կառուցվեց եւ համայնքի ուժերով կահավորվեց գլխավոր հյուպատոսության նոր շենքը, Սանկտ Պետերբուրգում տեղադրվեց Կոմիտաս վարդապետի արձանը, ստեղծվեցին երկկողմ կապեր ՌԴ մի շարք նահանգների եւ ՀՀ մարզերի միջեւ եւ այլն:

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած դերի համար Հրայր Կարապետյանը պարգեւատրվել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի, ԱՊՀ եւ ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի մի շարք մեդալներով եւ շքանշաններով, արժանացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՌԴ արտգործնախարարության եւ Սանկտ Պետերբուրգի կառավարության պատվոգրերի ու շնորհակալագրերի:

Վերջին շրջանում Հրայր Կարապետյանը սուր քննադատությամբ էր հանդես գալիս ՀՀ կառավարության ու վարչապետի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ, հատկապես մատնանշվում էին հայ-ռուսական հարաբերություններում թույլ տրված կոպիտ սխալները: ՀՀ մի շարք դիվանագետների հետ Հրայր Կարապետյանը նույնպես միացել էր այն հայտարարությանը, որով պահանջվում էր ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը:

Այս խորագրի վերջին նյութերը