Մեկնաբանություն

26.05.2011 12:10


Նախագահականում ընդունու՞մ են, որ Սերժ Սարգսյանը կազինոյում 50 000–ի խաղադրույք է արել

Նախագահականում ընդունու՞մ են, որ Սերժ Սարգսյանը կազինոյում 50 000–ի խաղադրույք է արել

Դեռ 2011–ի մայիսի 19–ին «7օր»–ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ նախահագի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին՝ խնդրելով մեկնաբանել համացանցում տարածված ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ այդ տեսանյութում Վիկտոր Դալլաքյանը Սերժ Սարգսյանին հանցագործ և խաղամոլ է անվանում։ «Պատրաստվո՞ւմ եք որևէ ընթացք տալ այդ տեսանյութի կապակցությամբ»,–նախագահականից հետաքրքրվել էր «7օր»–ը։ Մինչև օրս, սակայն, նախագահական նստավայրից այդպես էլ պատասխան չենք ստացել։

Ընդգծենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գրավոր հարցմանը պետական մարմինները պարտավոր են պատասխանել 5-օրյա ժամկետում։ Ու քանի որ այդ ընթացքում մեզ չեն պատասխանել՝ կարող ենք ենթադրել, որ նախագահականում ասելիք չունեն (լռությունը համաձայնության նշան է) Դալլաքյանի մեղադրանքների մասով և ընդունում են, որ Սերժ Սարգսյանը կազինո գնալիս՝ 50 հազար դոլար խաղադրույք է կատարում և, ըստ Դալլաքյանի, վատնում է թոշակառուների փողերը։

Պատգամավորի այդ հայտարարության կապակցությամբ որևէ ընթացք չի տրվել նաև ՀՀ դատախազության կողմից։ Մեզ պատասխանել էին, թե հայցվոր կողմ չկա, ուստի գործ չի կարող հարուցվել, այնինչ մամուլի հրապարակումն արդեն իսկ կարող էր հիմք դառնալ՝ Սերժ Սարգսյանի կամ Վիկտոր Դալլաքյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։ Խոսքը գնում է երկրի թիվ մեկ պաշտոնյային ներկայացված մեղադրանքներին և լռությունը տվյալ դեպքում չի կարող հարցեր չառաջացնել։ Ս. Սարգսյանն ու Վ. Դալլաքյանն առնվազն պետք է հարցաքննվեն և կողմերից մեկը պետք է պատասխան տա կա՛մ պետական գումարների մսխման, կա՛մ զրպարտանքի համար։ Թե ինչու այս ամենը չի արվում՝ մնում է միայն ենթադրել։

Ի դեպ, երեկ Վիկտոր Դալլաքյանն իրեն հատուկ էնտուզիազմով ԱԺ ամբիոնից կրկին գովում էր Սերժ Սարգսյանին՝ դրական գնահատելով վերջինիս բարի կամքը համաներման նախաձեռնության մասով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը