Մեկնաբանություն

11.03.2021 10:08


Պետություն՝ առանց բանակի․ Էրդողանը մտավ գլխավոր շտաբ

Պետություն՝ առանց բանակի․ Էրդողանը մտավ գլխավոր շտաբ

Մեր երկրում անհեթեթ իրավիճակ է ստեղծվել։

ՀՀ զինված ուժերի ղեկավարությունը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդորում՝ հրաժարականի պահանջի այնպիսի հիմնավորումներ է ներկայացրել, որ Նիկոլին կարելի էր մի քանի անգամ գնդակահարել։

Նիկոլն էլ իր հերթին որոշել է հեռացնել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։ Վերջինս վերահաստատել է, որ Նիկոլը, ըստ էության, դավաճան է կամ առնվազն ոչ կոմպետենտ անմեղսունակ և ․․․ իր աշխատանքից ազատվելու հարցով դիմել է վարչական դատարան։

Ինչ վերաբերում է հրամկազմին, ապա սրանք նույնպես վերահաստատել են, որ Նիկոլը պետք է հեռանա, քանզի սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը և ․․․ հոտնկայս դիմավորել են Նիկոլին, լսել նրա կցկտուր ճառը, հոտնկայս հրաժեշտ տվել։

Այս արանքում ՀՀ նախագահի աթոռին գամված Արմեն Սարգսյանը մի անգամ ասել է, որ Օնիկ Գասպարյանին հեռացնելու Նիկոլի առաջարկը հակասահմանադրական է, իսկ մյուս անգամ իրեն էշի տեղ է դրել ու փաստացի համահեղինակ դարձել Նիկոլի որոշմանը։ Արմեն Սարգսյանը, փաստացի, դակել է Էրդողանի սրտի ուզած որոշումը։

Նիկոլը գլխավոր շտաբի պետ է առաջարկել Արտակ Դավթյանին։ Սա այն տարած–հետ բերած գեներալն է, որին նշանակեցին ԳՇ պետ, որը քանդեց բանակը՝ այն սարքելով թղթային, և որին հանել էր Նիկոլն աշխատանքից՝ կորոնավարակի սուր շրջանում որդու հարսանիքը կազմակերպելու համար։

Հիմա ինչպե՞ս են համատեղ աշխատելու Արտակ Դավթյանն ու բանակը, Նիկոլն ու բանակը։ Անհասկանալի է։

Դատելով ամենից՝ Նիկոլը ձգտելու է ոչ թե լեզու գտնել բանակի հետ, այլ ոչնչացնել այն։ Ինքը ուրիշ բան չի կարող անել։ Ինքը միայն քանդելու հատկություն ունի։ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրվայության ձգտող Նիկոլին բանակ պետք չէ։ Թուրքական վիլայեթություն կառուցող Նիկոլին և իրեն կից օլիգարխ Սուքիասյան Խաչատուրին բանակը խանգարիչ է։ Պատահական չէ, որ Էրդողանը դեմ արտահայտվեց բանակի վարքագծին ու բացահայտորեն պաշտպանեց Նիկոլին։

Ալիևը ձգտում է Արցախում վերացնել Պաշտպանության բանակը՝ հիմնավորելով, որ այն ադրբեջանական տարածք է ու այդ տարածքում չեն կարող լինել Բաքվի վերահսկողությունից դուրս զինված ուժեր։ Էրդողանն էլ իր հերթին է ցանկանում Հայաստանը թողնել առանց բանակի, քանզի Նիկոլի ձեռքերով այն թուրքական տարածքի է վերածվում։ Ալիևին էլ, Էրդողանին էլ Նիկոլը բավարարում է։ Իսկ հայ ժողովրդին բավարարո՞ւմ է այս ամենը։ Հարցս հռետորական է։

Կորյուն Մանուկյան

ՀԳ։ Հետաքրքիր է, եթե երեկ գլխավոր շտաբ գնար Էրդողանը, ապա մեր հրամկազմը նրան նույնպե՞ս հոտնկայս դիմավորելու էր ու 7–րոպեանոց ճառ լսեր։ Սա էլ հռետորական հարցերի շարքից է։

Այս խորագրի վերջին նյութերը