Լրահոս

08.03.2021 15:45


Հակահամաճարակային միջոցառումները խստացնելու կարիք չկա. կրկին անցնել բացօթյա տարածքում դիմակ կրելու պարտադրանքին՝ աբսուրդ է. համաճարակաբան

Հակահամաճարակային միջոցառումները խստացնելու կարիք չկա. կրկին անցնել բացօթյա տարածքում դիմակ կրելու պարտադրանքին՝ աբսուրդ է. համաճարակաբան

Մեզ մոտ մի քանի ամիս է, ինչ առկա է վարակի կայունացում, այնպես որ թվերի աճը հակահամաճարակային միջոցառումների նվազման հետ կապել պետք չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում կորոնավիրուսով վարակվածների թվի աճին և հնարավոր պատճառներին:

«Հակահամաճարակային միջոցառումնեը խստացնելու կարիք միանշանակ չկա, նույնիսկ եթե թվերը հասնեն 400-ի: Մենք տեսանք, որ խստացումները ոչնչի չբերեցին, իսկ դիմակները պետք է կրել այնտեղ, որտեղ անհրաժեշտ են. կրկին անցնել բացօթյա տարածքում դիմակ կրելու պարտադրանքին, աբսուրդի է վերածվելու: Դիմակը իր արդյունավետությամբ 4-րդ, 5-րդ տեղում է, համաճարակի կառավարումը ավելի մեծ արդյունավետություն ունի, օրինակ՝ կոնտակտավորների վերահսկում, վաղ հայտնաբերում, մեկուսացում, բուժում, դա տասնյակ անգամ ավելի արդյունավետ է, քան դիմակ դնելը»,-ընդգծեց նա:

Արդյոք հնարավոր են վարակի կրկնակի դեպքեր, բժիշկն ընդգծեց՝ պետք է նկատի ունենալ, որ կարող են լինել եզակի կրկնավարակի դեպքեր, բայց դրանք համաճարակի վրա ազդեցություն ունենալ չեն կարող.

«Միանշանակ է, որ չկա այդպիսի մասսայական երևույթ, որովհետև արդեն մեկ տարի է՝ վարակը սկսվել է, Եվրոպայում մեծ տարածում ունեցավ, ու եթե այդ տրամաբանությամբ նայենք, կրկին պետք է վարակը ուժգնանար, բայց նման բան չկա: Պետք է հասկանալ, որ վարակը բնության օրենքներին է ենթարկվում, և վարակված ու առողջացած անձի մոտ 1-2 տարի պահելու է բավականին լավ իմունիտետ, որից հետո կարող է իմունիտետը թուլանալ, եթե անգամ իրենք վարակվեն, ապա շատ ավելի բարենպաստ ընթացք կունենա»:

Հովհաննիսյանի խոսքով՝ մեր մոտ թվերի աճ նկատվեց հոկտեմբերին, որին խթանեց պատերազմական վիճակը, և այդ ընթացքում մեծ քանակով մարդիկ վարակվեցին, ապա՝ ալիքը նվազեց: Բացի այդ, բժշկի կարծիքով, այսօր քաղաքական իրավիճակը այնպիսին է, որ շահարկումներ կարող են լինել ցանկացած ոլորտում, ներառյալ առողջապահական, և դա հաշվի չառնել հնարավոր չէ:

«Վարակվածության պաշտոնական թիվն անցել է 170 հազարը, բայց պարզ է, որ դա մի քանի անգամ ավել է, մի քիչ դժվար է հաշվարկել, գնահատվում, է, որ պետք է վարակվածների և ապաքինվածների թիվը մոտենար բնակչության կեսին և գնար վարակի կայունացման, ալիքաձև բռնկումներ չլինեին, հիմա տագնապային վիճակ չէ, թոքաբորբի դեպքերը շատ չեն, ԿՏ-ի (Համակարգչային տոոմգրաֆիա-խմբ.) հերթեր չկան»:

Անդրադառնալով պատվաստումներին՝ բժիշկը նշեց, որ նախևառաջ պետք է պատվաստանյութի հավասարակշռված ընտրություն կատարվի, պետք է ընտրվի մաքսիմալ արդյունավետն ու անվտանգը, որի վրա մեծ ազդեցություն չեն թողնում մարկետինգային քայլերը, և պետք է ճիշտ ընտրվեն թիրախային խմբերը. «Պետք է պաշտպանենք այն մարդկանց, որոնք եթե վարակվեն, ապա անբարենպաստ ելքի հավանականությունը մեծ է: Չգիտենք, թե 5 կամ 10 տարի հետո պատվաստանյութն ինչ ազդեցություն կունենա, բայց 80-անց անձանց պետք է անպայման պատվաստել, իսկ 30 տարեկաններին պատվաստելը, իմ կարծիքով, սխալ է, պետք է հասկանալ, որ խմբերն ունեն պատվաստման կարիք»:

Այս խորագրի վերջին նյութերը