Լրահոս

07.03.2021 12:01


«Փորի, ախպեր ջան, փորի». ինչպես համշենահայ երիտասարդը հայտնվեց Թաղավարդում ու ողջ մնաց (տեսանյութ)

«Փորի, ախպեր ջան, փորի». ինչպես համշենահայ երիտասարդը հայտնվեց Թաղավարդում ու ողջ մնաց (տեսանյութ)

2020 թվականի 44–օրյա պատերազմը ինքնությունը պահելու պայքար էր ոչ միայն Արցախի ու ՀՀ հայերի, այլև Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցների համար։ Հովհաննեսը համշենցի երիտասարդ է, որը պատերազմի ընթացքում Արցախի Թաղավարդում էր։

Հովհաննես Մկրտչյանը Հայաստան է եկել 2020-ին՝ ֆիլմ նկարահանելու, բայց դա զուգադիպել է նախ կորոնավիրուսի, ապա արցախյան 44–օրյա պատերազմի հետ, ինչի հետևանքով համշենահայ երիտասարդը մնացել է մայր հայրենիքում։ Պատմում է, որ պատերազմի ժամանակ ձգտում էր մեկնել Արցախ, բայց մշտապես ստանում էր մերժումներ։ Չլինելով Հայաստանի քաղաքացի` հնարավորություն չի ունեցել կռվել թշնամու դեմ, առաջարկել է թիկունքային աշխատանքներ, կրկին մերժվել է։

«Ընկերս եկավ, ես նրան ասացի, որ պետք չի սպասել, թե հնարավորություն կունենանք առաջնագիծ գնալու։ Չեն թողնի։ Բայց նա հաջորդ օրը կազմակերպեց, որ կարողանանք մեկնել Արցախ։ Գնեցինք համազգեստ, ժամը 7-ին մեկնեցինք։ Սկզբում շատ դժվարություններ կային։ Մեզ տարան Կարմիր Շուկայի մոտ, հետո Թաղավարդ։ Շատ ամուր տղաներ կային ջոկատում։ Տարբեր երկրներից եկել էին կամավորներ, որոնք իրենց հնարավորության սահմաններում օգնում էին Արցախի պաշտպանության գործին։ Ամենակարևորը՝ մենք ունեինք կարգապահություն։ Որևէ մեկը չէր փորձում ինքնահաստատվել մյուսի հաշվին։ Մենք բոլորս դարձանք մեկ մարդ»,-պատմում է Հովհաննեսը։

Նրանց ջոկատում հիմնականում եղել են տարբեր ոլորտների մասնագետներ։ Հովհաննեսն ասում է՝ մարդիկ մեկը մյուսի նկատմամբ շատ հոգատար էին, քանի որ համարում էին՝ իրենց գործունեությունը պակաս կարևոր չէ։
«Մենք երկու օր չէինք քնել։ Ամբողջ գիշեր փորում էինք։ Ծանր օրեր էին, կռիվները չէին դադարում։ Մեր հրամանատարն ուժեղ, թիկնեղ տղա էր։ Գիշերն ասում էր` փորի, ախպեր ջան, փորի։ Ինքն ամբողջ գիշեր փորում էր։ Մեր հրամանատարն ասում էր` Հովհաննես, փորո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես, թե մեր դիմաց ովքեր են, դե փորի։ Նա լավ օրինակ էր, թե ինչպես է հնարավոր մեկ մարդ դառնալ, մեկ մարմին»։

Համշենահայերը Թուրքիայում էլ համարվում են մարտաշունչ էթնիկ խումբ։ Նախնիներից պահպանված բարբառով Հովհաննեսը ներկայացնում է Արցախի, Հայաստանի ու հայրենակիցների մասին իր վերաբերմունքը։

«Հայրս սովորեցրել է, որ երբ խոսում ես հայերեն, պետք է հայերեն մտածել։ Մեր մշակութային արժեքները, մեր պատմությունը պետք է միավորող գործոն լինեն։ Ես այդպես եմ դաստիարակվել»,–ասում է նա։

Համշենցի Հովհաննեսը պատրաստ է հաստատվել Հայաստանում և այստեղ ներդրում ունենալ պաշտպանության ոլորտում, զարգանալ իր մասնագիտության մեջ։

Հիշեցնենք` Արևմտյան Հայաստանի Համշենի տարածաշրջանում տարբեր հաշվարկներով ապրում է 700-800 հազար հայ։

Ցեղասպանության ժամանակ համշենահայերը համեմատաբար խուսափել են կոտորածից, սակայն հետո նրանցից շատերը հեռացել են Թուրքիայից՝ տեղափոխվելով Ռուսաստան կամ Հայաստան։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը