Մեկնաբանություն

06.03.2021 12:57


Ովքեր են Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները

Ովքեր են Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները

Եթե կողմնակիցների թվից հանենք նրա տնեցիներին, ապա Նիկոլի ժողովրդի առավելագույնն արձանագրվեց մարտի 1–ի հանրահավաքում։ Վարչական, կրիմինալ, օլիգարխիկ և այլ տիպի ռեսուրսները ներդնելով՝ հնարավոր եղավ հրապարակ բերման ենթարկել շուրջ 20.000 հոգի։ Դրանց մեջ, իհարկե, սեփական կամքով եկած «հպարտ» քաղաքացիներ էլ կային, բայց հիմնականում բերովիներ էին։ Սա Նիկոլի առավելագույնն է։ Ինչը նշանակում է, որ նա մեր հանրության մարգինալ փոքրամասնությունն է ներկայացնում։

Բացի բերման ենթարկվածներից Նիկոլի կողմնակիցներ են բոլոր նրանք, ովքեր անձնական շահ ունեն նրա իշխանությունից՝ պաշտոն ունեն, թալանի հնարավորություն են ստացել, պարգևավճար են պոկում պետական բյուջեից, վախենում են դատվելուց, պարզապես ուսապարկ են։

Նիկոլի կողմնակիցների թվին կարելի է դասել նաև նրանց, ովքեր ընդդիմախոսում են Նիկոլի ընդդիմադիրներին։ Այս շերտը Նիկոլին դեմ է, բայց քանի որ ուզում է ինքը փոխարինի Նիկոլին ու դրա հնարավորությունը չի տեսնում, ուստի կռվում է Նիկոլի դեմ կռվողների դեմ։ Սրանց կողմից բերվում են հազար ու մի էժանագին փաստարկներ, կիրառվում են ցածրակարգ տեխնոլոգիաներ, որպեսզի հիմնավորվի ու արդարացվի իրենց դեստրուկտիվ դիրքորոշումը։ Նպատակը մեկն է՝ Նիկոլին պահել աթոռին այնքան ժամանակ, մինչև փողոցային պայքարը մաշվի, ինչից հետո իրենք հայտարարեն, թե բա տեսաք, չստացվեց, հիմա մեր հերթն է։ Էս շրջանակները քաղաքականապես այնքան թերհաս են ու այնքան «շուստրի», որ չեն հասկանում, որ եթե Հայրենիքի փրկության շարժմանը և զինված ուժերին չհաջողվի հեռացնել Նիկոլին, ապա ոչ թե իրենց ճանապարհն է բացվելու, այլ փակվելու են Հայաստանի ճանապարհները։ Իսկ փակված ճանապարհներում խաղեր տվողները ոչինչ չեն կարող շահել՝ ոտատակ ընկնելուց բացի։ Փակված ճանապարհների արդյունքում շահելու է միայն Թուրքիան։ Մի՞թե սա դժվար է հասկանալը։

Նիկոլի կողմից, կամա թե ակամա, խաղում է նաև խորհրդարանական ընդդիմությունը։ Խոսքը հատկապես վերաբերում է «Լուսավոր Հայաստանին»։ Էդմոն Մարուքյանը, կեղծ երրորդ ուժ խաղալով, միշտ օգնության է հասնում նեղն ընկած Նիկոլին՝ դիմացն ակնկալելով հաճախորդավճար։ Ինչ մնում է «Բարգավաճ Հայաստանին», ապա այս խմբակցության վարքագծերը հանրահավաքներում ու խորհրդարանում խիստ տարբերվում են իրարից։ ԱԺ նիստերի սահուն ու հանդարտ ընթացքից չի զգացվում, որ ԲՀԿ–ականները փողոցում գոռում են «Նիկո՛լ, դավաճա՛ն»։ Ինչևէ։

Իսկ մեծ հաշվով Նիկոլը հանրային որևէ շերտի հենարան չունի։ Նույնիսկ պողոսները նրա հենարանը չեն։ Այլ հարց է, որ պողոսները Նիկոլի հակակշիռ տեսնում են նախկիններին ու չեն ուզում վերջիններիս վերադարձը, բայց դա այլ խոսակցության թեմա է։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը