Լրահոս

06.03.2021 07:51


Փորձել էր հրկիզել 17 միլիոն 375 հազար դրամի զինվորական հանդերձանքը (տեսանյութ)

Փորձել էր հրկիզել 17 միլիոն 375 հազար դրամի զինվորական հանդերձանքը (տեսանյութ)

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները բացահայտել են նոյեմբերի լույս 11-ի գիշերը Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 9/2 հասցեի մոտ գտնվող զինվորական հանդերձանքը հրկիզելու փորձ կատարած անձին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ 2020-ի նոյեմբերի լույս 11-ի գիշերը ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը փորձել է հրկիզել Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 9/2 հասցեի մոտ գտնվող զինվորական հանդերձանքը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ, նախնական հաշվարկով՝ առնվազն 17 միլիոն 375 հազար դրամին համարժեք զինվորական հանդերձանքը ձեռք էր բերվել «Հանուն հաղթանակի» քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից։ Հենց նախաձեռնության անդամներն էլ նկատել են այրվող հանդերձանքն ու հնարավորինս արագ մարել կրակը։

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձի հատկանիշներով։ Նշանակվել են փորձաքննություններ։ Քրեական գործի շրջանակներում ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հանցավոր արարքը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ «Խոսքը Եղվարդի բնակիչ 29-ամյա երիտասարդի մասին է։ Նա մարտի 1-ին հրավիրվեց տարածքային քննչական բաժին, որտեղ նրան մեղադրանք առաջադրվեց։ Մարտի 3-ին մեղադրյալը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը