Մեկնաբանություն

05.03.2021 12:16


Պայքար Սյունիքի համար․ Ալիևի հույսը Նիկոլն է

Պայքար Սյունիքի համար․ Ալիևի հույսը Նիկոլն է

Կապիտուլյացիան ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը մոռացել է հայկական երկու տարածքների մասին՝ Արցախի և Սյունիքի։ Արցախն ինքը հանձնել է և այնտեղ գնալու, հայրենասեր երևալու շոու կազմակերպելու կարիք այլևս չունի (փաստորեն, Նիկոլին սպասարկող ուղղաթիռը փչանալու է, քանզի այլևս թռիչքներ դեպի Արցախ չեն լինելու)։

Ինչ վերաբերում է Սյունիքին, ապա Նիկոլն այնտեղ ուզում էր ձևական այց անել, բայց չստացվեց։ Սյունեցիները չթույլատրեցին։ Նիկոլը հասավ Սիսիան, վռնդվեց հոգևորականի կողմից ու մաքրվեց տարածքից։

Նիկոլը հիմա Սյունիքի մասով բացառապես ադրբեջանաթուրքական ծրագրերի շրջանակներում է գործում։ Իրենից GPS–ով տարածք են ուզում, ինքը տալիս է։

Նիկոլական զիջումների արդյունքում Սյունիքի կարևորագույն ճանապարհները գործնականում անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հիմա հարաբերականորեն խաղաղ է այնտեղ, բայց ցանկացած պահի կարող է իրավիճակը փոխվել ու Սյունիքը կկտրվի ամբողջ Հայաստանից։

Նիկոլի հանձնումների շնորհիվ ադրբեջանական վերահսկողության տակ է անցել Իրան–Հայաստան ռազմավարական մայրուղին, ինչը ևս լրջագույն սպառնալիք է մեր անվտանգային համակարգին։

Նիկոլի զիջումները թույլ են տվել Իլհամ Ալիևին Սյունիքն արդեն հայտարարել ադրբեջանական տարածք։

«Նոյեմբերի 10–ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը պետք է միացնի Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Այս միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի, այդ պատճառով ես կոչ եմ անում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներին միանալ նախագծին։ Ուզում եմ շեշտել, որ տրանսպորտային միջանցքն անցնելու է պատմական Ադրբեջանի տարածք Զանգեզուրով և նոր տնտեսական հնարավորություններ է ստեղծելու»,– հայտարարել է Ալիևը։

Պաշտոնական Երևանը զրո արձագանք է տվել Ալիևի այս ձևակերպումներին։ Այլ բան չէր էլ սպասվում։ Չէ՞ որ Նիկոլը, իր թիմակիցները, իրեն կցված օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն, պրոթուրքական ու պրոադրբեջանական քարոզ են տանում նույն Ալիևի ասածներին համահունչ։

Թուրքերը պատերազմը սկսեցին Արցախի ու Սյունիքի համար։ Արցախի պետականությունը ոչնչացավ պատերազմի արդյունքում, բայց ինչ-որ տարածք մնաց մեզ ռուսների միջամտության արդյունքում։

Սյունիքը ռազմական ճանապարհով վերցնել չստացվեց, սակայն Ալիևի հույսը Նիկոլն է, որը հանձնում է Սյունիքի կարևոր հատվածներն առանց աչքը թարթելու։ Իրեն հավատացողների «դուխով» բառաչոցների ներքո։ Սա նշանակում է, որ մենք կա՛մ նոր պատերազմի նախաշեմին ենք, կա՛մ Հայաստանի ամբողջական կորստի։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը