Լրահոս

05.03.2021 11:05


Փոփոխությունը վերաբերում է միայն նոր կենսաթոշակառուներին. հները կշարունակեն իրենց թոշակները ստանալ «Հայփոստ»-ի միջոցով

Փոփոխությունը վերաբերում է միայն նոր կենսաթոշակառուներին. հները կշարունակեն իրենց թոշակները ստանալ «Հայփոստ»-ի միջոցով

Վերջին շրջանում «Հայփոստ»-ը բազմաթիվ բողոքներ է ստանում, որտեղ կենսաթոշակառուները անհանգստություն են հայտնում իրենց կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման հետ կապված:

Այս առնչությամբ «Հայփոստի» տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հարգելի կենսաթոշակառուներ, հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակը չի առաջացել «Հայփոստ» ՓԲԸ-ում ընդունված որևէ որոշման արդյունքում:

2020թ. ընդունված «Պետական կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից բոլոր նոր կենսաթոշակառուները Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում իրենց կենսաթոշակները պետք է ստանան անկանխիկ՝ բանկային քարտերով:

Բացի այդ գործող թոշակառուները կենսաթոշակին առնչվող որևէ փոփոխության դեպքում (լիազորված անձի փոփոխություն, կենսաթոշակի տեսակի փոփոխություն, հաշմանդամության կարգի փոփոխություն, կենսաթոշակ վճարման վերսկսում, կենսաթոշակ ստանալու իրավունքի վերականգնում, կենսաթոշակի վերահաշվարկում) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նույնպես ուղղորդվում են կենսաթոշակի անկանխիկ վճարման եղանակի:

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտնում է, որ դեռևս հոկտեմբերին դիմել է Կենտրոնական բանկին՝ էլեկտրոնային փողի թողարկման թույլտվություն ստանալու համար, որը հնարավորություն կտա շարունակել կենսաթոշակների բաշխման գործընթացը «Հայփոստ»-ի միջոցով ինչպես բաժանմունքների, այնպես էլ հասցեական առաքման միջոցով: Թույլտվության տրամադրման գործընթացը դեռևս չի ավարտվել:

Ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում Կենտրոնական բանկը «Հայփոստ»-ին կտրամադրի համապատասխան թույլտվություն, և «Հայփոստ»-ը կկարողանա սպասարկել կենսաթոշակառուներին առավել հարմար եղանակով:

Հիշեցնենք, որ կենսաթոշակի վճարման գործընթացի այս փոփոխությունը վերաբերում է այն կենսաթոշակառուներին, ովքեր նոր են ձևակերպում իրենց կենսաթոշակը, կամ կենսաթոշակին առնչվող որևէ փոփոխություն են կատարում:

Այն կենսաթոշակառուները, որոնց մինչ այժմ սպասարկել է «Հայփոստ»-ը, կշարունակեն իրենց կենսաթոշակները ստանալ «Հայփոստ»-ի միջոցով:

Այս խորագրի վերջին նյութերը