Քաղաքական

03.03.2021 12:56


Ավարտվել է Արմեն Սարգսյանի և Հայրենիքի փրկության շարժման պատվիրակության հանդիպումը․ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման հարցի վերաբերյալ Նախագահը նոր հայտարարությամբ հանդես կգա (տեսանյութ)

Ավարտվել է Արմեն Սարգսյանի և Հայրենիքի փրկության շարժման պատվիրակության հանդիպումը․ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման հարցի վերաբերյալ Նախագահը նոր հայտարարությամբ հանդես կգա (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Հայրենիքի փրկության շարժման պատվիրակության հանդիպումը։ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր՝ կապված ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի ազատման դիմումը ՍԴ ուղարկելու կամ չուղարկելու վերաբերյալ։

«Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերի ընթացքում իր որոշման մասին կհայտնի»,-նշեց նա։

Նախագահը հայտնել է նաեւ, որ ի գիտություն կընդունի իրենց խոսքը, իսկ մինչ այս պահը ՍԴ չդիմելու պատճառների մասին ոչինչ չի ասել։

Հիշեցնենք, որ Նախագահի աշխատակազմը երեկ հայտարարել է, որ Նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Այսինքն՝ հրամանագրի նախագահի սահմանադրականության հարցը չի վիճարկելու Սահմանադրական դատարանում, թեեւ ավելի վաղ հայտարարել էր, որ այն առերեւույթ պարունակում է Սահմանադրության խախտումներ։

Նախագահի հետքայլից առաջ հայտնի էր դարձել, որ Փաշինյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ, իսկ մարտի 1-ի երեկոյան Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ճնշումներ են կիրառվում ՀՀ նախագահի ու ԳՇ պետի վրա։

Փաստորեն՝ նախագահը տեղի է տվել ճնշումներին, որի հետեւանքով Օ.Գասպարյանին պաշտոնից ազատելու Սահմանադրական խախտումներով հրամանագիրը իրավունքի ուժով կարող է վաղը մտնել ուժի մեջ։

ՀՓՇ-ն արդեն հայտարարել է, որ խիստ մտահոգիչ է համարում Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրապարակած դիրքորոշումը:

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը