Լրահոս

03.03.2021 11:35


Մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման պատվիրակության հանդիպումն Արմեն Սարգսյանի հետ (տեսանյութ)

Մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման պատվիրակության հանդիպումն Արմեն Սարգսյանի հետ (տեսանյութ)

Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

«Փաստինֆո»-ի հաղորդմաբ` Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանցյանը

Հիշեցնենք, որ Նախագահի աշխատակազմը երեկ հայտարարել է, որ Նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Այսինքն՝ հրամանագրի նախագահի սահմանադրականության հարցը չի վիճարկելու Սահմանադրական դատարանում, թեեւ ավելի վաղ հայտարարել էր, որ այն առերեւույթ պարունակում է Սահմանադրության խախտումներ։

Նախագահի հետքայլից առաջ հայտնի էր դարձել, որ Փաշինյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ, իսկ մարտի 1-ի երեկոյան Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ճնշումներ են կիրառվում ՀՀ նախագահի ու ԳՇ պետի վրա։

Փաստորեն՝ նախագահը տեղի է տվել ճնշումներին, որի հետեւանքով Օ.Գասպարյանին պաշտոնից ազատելու Սահմանադրական խախտումներով հրամանագիրը իրավունքի ուժով կարող է վաղը մտնել ուժի մեջ։

ՀՓՇ-ն արդեն հայտարարել է, որ խիստ մտահոգիչ է համարում Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրապարակած դիրքորոշումը:

«Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը: Ելնելով վերոգրյալից՝ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ Նախագահի հետ»,-նշված է երեկ ՀՓՇ-ի հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը