Կարծիք

24.05.2011 17:17


Եվրոպայի խոհուրդը չի խաբվում Էրդողանի երկերեսանիությունից

Եվրոպայի խոհուրդը չի խաբվում Էրդողանի երկերեսանիությունից

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ ամիս ամոթալի մի ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)։ Մեվլութ Չավուշօղլուն, ով հանդես էր գալիս ավելի շուտ որպես Թուրքիայի լոբբիստ, քան ԵԽԽՎ-ի նախագահ, շռայլ գովեստի խոսքերից հետո Էրդողանին հրավիրեց ամբիոն։ Չավուշօղլուն, իշխող «Արդարադատություն և զարգացում կուսակցության» (AKP) հիմնադիր անդամն է, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի անդամ։ Իր երկար ելույթում, վարչապետն անամոթաբար Եվրոպայի խորհրդարանականների համար ժողովրդավարության և ազատության դասեր տվեց։ Հաշվի առնելով իր երկրի՝ մարդու իրավունքների ոլորտում տխուր պատկերը՝ Էրդողանը չպետք է բարձրացներ նման հարցեր։ Հայտարարելով, որ Թուրքիայի անդամակցությունը «կենսական է Եվրոպական միության» համար, նա բնութագրեց որպես «հիմարներ» այն անձանց, ովքեր դեմ են Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը «պոպուլիստական և շինծու պատճառներով»։ Հանդես գալով իր կառավարության ձեռքբերումների մասին մի շարք կասկածելի և ուռճացված հայտարարություններով՝ Էրդողանը հավաստիացրեց, որ «Թուրքիան իրականացրել է պատմական բարեփոխումներ, հատկապես ժողովրդավարացման ոլորտում...: Կառավարությունը նաև աշխատանքներ է տարել ազատության սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։ Վերջին տասնամյակում ժողովրդավարությունն ամրապնդվել է, և շատ հարցեր, որոնք տասնամյակ առաջ փակ էին քննարկման համար, այժմ քննարկվում են ազատ։ Խոշտանգումների նկատմամբ հանդուրժողականությունը զրոյական է, իսկ ազատ արտահայտվելու խոչընդոտները վերացվել են։ Ոմանք կպնդեն, որ ազատ արտահայտվելու սահմանափակումները գույություն ունեն, սակայն դա չի համապատասխանում իրականությանը... Մամուլն ազատ է, և ազատորեն քննադատում է բոլորին...: Թուրքիայում, 26 լրագրող կալանավորվել կամ ձերբակալվել են հանցագործ լինելու պատճառով, և ոչ թե որ լրագրող են»։ Այս անհավանական խոսքերը արտասանվեցին վարչապետի կողմից, մի մարդ, ով մի րոպե չհապաղեց դատի տալու այն թերթերին, որոնք իր ծաղրանկարն էին հրապարակել։ Երբ Էրդողանն ավարտեց իր ելույթը, Չավուշօղլուն փրկեց նրան ծանր կացությունից՝ թույլ տալով խորհրդարանական անդամների միայն մի քանիսին ուղել 30 վարկյան տևողությամբ իրենց հարցերը։ Էրդողանը դժգոհեց, երբ շվեցարիացի խորհրդարանական Անդրեաս Գրոսը հիշեցրեց նրան «Թուրքիայի պատմության մութ կողմը»՝ հարցնելով նրան, թե ինչու էր Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը հետապնդվում խոսքի ազատության իրավունքն իրականացնելու համար։ Ի պատասխան խորհրդարանական Անն Բրասուրի՝ (Լյուքսեմբուրգ) Թուրքիայում գրաքննության մասին հարցին, վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ թուրքական «դատարաններն անկախ են և իրավունք ունեն իրականացնել հետաքննությունն ըստ իրենց հայեցողության»։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հարցրեց Էրդողանին, թե որն էր Հայաստանի և Թուրքիայի արձանագրությունների ստորագրման նպատակը, եթե Թուրքիան չի պատրաստվում բացել Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ չի լուծվել Արցախի հակամարտությունը: Վարչապետը պատասխանեց, որ Թուրքիան չի կարող թույլ տալ Հայաստանին «ապօրինաբար խլել Ադրբեջանցիներից իրենց իրավունքները» և իսկապես Հայաստանի հետ սահմանը փակ կպահի, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել: Ապա, Էրդողանը հանդես եկավ մի շարք արտառոց հայտարարություններով։ Նա անզգուշորեն հիշեցրեց իր եվրոպական լսարանին Թուրքիայի կողմից 1915 թվակականի ցեղասպանության ժամանակ հայերի տեղահանման մասին՝ նշելով, որ թեև Թուրքիան կարող է, բայց չի տեղահանում փաստաթուղթ չունեցող 40,000 հայաստանցի աշխատողներին։ Նա նաև իր դժգոհությունը հայտնեց, որ Հայաստանը բավականաչափ ճնշում չի գործադրում իր Սփյուռքի վրա։ Վարչապետը հավանաբար մոռացել է, որ Եվրոպայում ապօրինի ապրող միլիոնավոր թուրքեր կարող են նույնպես արտաքսվել։ Էրդողանը զգուշորեն խուսափեց Կարսում «հայ-թուրքական բարեկամության հուշարձանը» քանդելու իր անձնական հրամանի մասին Ռուստամյանի հարցին պատասխանելուց։ ԵԽԽՎ-ի նիստի առավել ամոթալի մասը Էրդողանի կոպիտ պատասխանն էր ֆրանսիացի խորհրդարանական Մուրիել Մարլանդ-Միլիթելոյի՝ Թուրիքայում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության մասին հարցին։ Էրդողանը վիրավորեց տիկնոջը՝ նշելով, որ թուրքերենում տգետ մարդը բնութագրվում է որպես ինչ-որ մեկը Ֆրանսիայից, որտեղից էլ և նա էր։ Նա հրավիրեց տիկնոջը Թուրքիա, որտեղ վերջինս կարող էր պատկերացում կազմել իր երկրի մասին։ Ի տխրություն Էրդողանի, պարզվեց, որ Մարլանդ-Միլիթելոն շատ ավելին գիտի Թուրքիայի փոքրամասությունների մասին, քան հենց ինքը վարչապետը։ Մարլանդ-Մլիթելոն հերթական մամլո ասուլիսի ժամանակ բացահայտեց, որ ինքը սերում է հայ ընտանիքից, որը փախել էր Թուքիայից ցեղասպանության ժամանակ։ Էրդողանը նաև կեղծորեն հայտարարեց, որ Աղթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցին «այժմ բաց է պաշտամունքի համար»։ Փաստն այն է, որ Թուրքիայի կառավարությունը եկեղեցին դարձրել էր պետական թանգարան՝ թույլ տալով, որ այնտեղ սուրբ պատարագ մատուցվի միայն մեկ անգամ։ ԵԽԽՎ-ի մեկ այլ անդամ՝ Նաիրա Զոհրաբյանը, որին Չավուշօղլուն թույլ չտվեց ուղել իր հարցը, նիստից հետո բռնացրեց Էրդողանին միջացքում և, մի կողմ հրելով թիկնապահներին, հանձնեց նրան ցեղասպանության ժամանակ սպանված հայ մանուկների լուսանկարների ալբոմը։

Մինչ վարչապետը կարող է հեշտությամբ տպավորել իր երկրի բարեպաշտ հետևորդներին, նա լիովին ամոթալի դրության մեջ դրեց իրեն Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում իր ելույթով։ Հաշվի առնելով նրա ամպագորգոռ թյուր հայտարարությունները, կարելի է հուսալ, որ Էրդողանը ավելի հաճախ ելույթ կունենա եվրոպական լսարանի առաջ, որով կօգնի համոզել նրանց, որ Թուրքիան չի պատկանում Եվրոպային։

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը