Քաղաքական

02.03.2021 15:05


«Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի երեխաներին արգելել են տեսակցել հորը. փաստաբան

«Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի երեխաներին արգելել են տեսակցել հորը. փաստաբան

Այսօր քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ այցելեցի «Գագիկ Սողոմոնյանի» գործով անհասկանալի պատճառներով կալանավորված Արամ Սարգսյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:

«Երեք անչափահաս երեխաների հայր Արամը շարունակում է կալանավորված մնալ ծայրահեղ անհեթեթ մեղադրանքով, ըստ որի՝ նրա միակ առնչությունը «Գագիկ Սողոմոնյանին» կայանում է նրանում, որ փետրվարի 18-ին և 19-ին նա «ProtonVPN» հավելվածի միջոցով Հայաստանից նույն համացանցային հասցեով, որով 2020թ. հոկտեմբերի 10-15 «Գագիկ Սողոմոնյան» օգտատերն է միացել «Ֆեյսբուքին», մուտք է գործել համացանց։

Ընդ որում՝ Արամը մուտք է գործել ոչ թե «Ֆեյսբուք», այլ՝ «Յություբ»:

Դեռ ավելին՝ փետրվարի 18-ին և 19-ին այդ հասցեով Հայաստանից համացանցին միացել է մի քանի տասնյակ անձ, բայց չգիտես ինչու կալանավորվել է միայն Արամը։

Մեղադրանքի իրավական կողմի մասին չեմ էլ ուզում խոսել։ Կատարյալ անհեթեթություն է։ Բավարար է ասել, որ Արամ Սարգսյանը կալանավորված է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածով։ Իրավաբան գործընկերներս և լրագրողները շատ լավ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը։

Ավելի դժվար է Արամ Սարգսյանի ընտանիքի անդամներին բացատրել, թե ինչ գործով է կալանավորված Արամը։ Սակայն անհնար է Արամի երեք անչափահաս երեխաներին բացատրել նաև, թե ինչ պատճառով է քննիչն արգելել նրանց տեսակցել իրենց պապային։

Իմիջայլոց, Արամի պուճուրը երեկ դարձավ 5 տարեկան»,-գրել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին:

Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262-րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Արա Սաղաթելյանը և Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել են, Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը ազատ են արձակվել։

Այս խորագրի վերջին նյութերը