Մեկնաբանություն

02.03.2021 12:10


Արտահերթ ընտրություններ անցկացնել-չանցկացնելու ցանկությունը սրա դեպքում գնացովի-եկովի է

Արտահերթ ընտրություններ անցկացնել-չանցկացնելու ցանկությունը սրա դեպքում գնացովի-եկովի է

Մարտի 1-ին նիկոլ փաշինի անցկացրած բռնահավաքը շատ երանգներ, նրբերանգներ ու հանգամանքներ ի ցույց դրեց: Կարելի է նաև «դասական» տարբերակով նշել, որ դրա հետ կապված երկու դիտարկում կա՝ լավ և վատ:

Սկսենք հարաբերականորեն «լավ»-ից: Չնայած պետական ու բյուջետային աշխատողներին ամենատարբեր սպառնալիքներին, գործից ազատելու և նմանօրինակ ենթադրելի այլ ահաբեկումներին, նիկոլ փաշինի մարտի 1-ի երեկվա հավաքին «բերման ենթարկելու», տոտալ վարչական ռեսուրս գործադրելու, ոստիկանական և այլ մեթոդներով «հրապարակը լցնելու» բոլոր ջանքերին, ընդամենը մի քանի հազար ներկա էր ապահովվել, տարբեր դիտարկումներով՝ 10-15 հազար:

Ցանկացած պարագայում, դա ողորմելի ցուցանիշ է, մանավանդ՝ ադմինիստրատիվ ռեսուրսի նման վայրագ ու տոտալ կիրառման պայմաններում: Այսինքն, կարելի է նկատել, որ չնայած «բերման ենթարկելու» մեթոդով գլխաքանակ ապահովելու ջանքերին՝ ի աջակցություն նիկոլ փաշինի ու թուրքական բանակի ընդամենը մի քանի հազար անձ էր ներկա:

Մյուս կողմից, վատն այն է, որ երկրում այնուամենայնիվ կա առնվազն հրապարակում հավաքվածների չափ «մասսա», որը աջակցում է թուրքական շահերն սպասարկող դավաճանական իշխանությանը: Կա առնվազն այդքան «մասսա», որը.

*արդարացնում և նույնիսկ ողջունում է Շուշին, Հադրութը, առհասարակ, Արցախի 70-75 տոկոսը թուրքին հանձնելը,

*արդարացնում է Հայոց բանակի ավելի քան 5000 զինծառայողների և կամավորագրվածների սպանությունը, ավելի քան 10000 մեր տղաների վիրավորվելն ու նրանց մի մասի հաշմվելը,

*արդարացնում և նույնիսկ ողջունում է Սյունիքը, Գեղարքունիքը հարվածի տակ դնելը և Հայաստանի Հանրապետության տարածքային ու կենսական շահերը թուրքերին զիջելը,

*արդարացնում և նույնիսկ ողջունում է Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու ընթացքը,

*ոգևորում ու խրախուսում է նիկոլ փաշինին ու նրա հակահայ, դավաճանական, քստմնելի իշխանությանը:

Զուտ քաղաքական տեսանկյունից արժե արձանագրել միևնույն հարցի վերաբերյալ նիկոլ փաշինի հայտարարությունների սաստիկ տատանողականությունը: Վերցնենք թեկուզ արտահերթ ընտրությունների պարագան:

Տեսեք. կապիտուլյացիոն կործանարար ու նվաստացուցիչ համաձայնագրից հետո, երբ բարձրացվեց կապիտուլյանտ-դավաճանի հեռացման պահանջը, նիկոլ փաշինը հայտարարեց, թե արագորեն գնում են արտահերթ ընտրությունների (այսինքն, իր կարծիքով «փակուղի» էր դնում իր հեռացումը պահանջող ուժերին, որոնք խելամտորեն նշում էին մոտակա 1-1,5 տարում ընտրությունների աննպատակահարմարութունը՝ պայմանավորված աղետային իրավիճակով):

Այն բանից հետո, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ խնդիր չկա, պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների և հաղթել, կտրուկ փոխվեց կապիտուլյանտ փաշինի խոսքը:

Միառժամանակ անց, նիկոլ փաշինն ու նրա «նիկոլները» հայտարարեցին, թե՝ չէ՛, արտահերթ ընտրությունների չեն գնում:

Հատկանշական է, որ մի քանի օր առաջ, իր աջակցության հավաքում նիկոլ փաշինը կրկնեց արտահերթ ընտրությունների չգնալու այդ հայտարարությունը և հրապարակում կուտակած «մասսան» աջակցության արձագանք տվեց:

Իսկ արդեն երեկվա հավաքում նույն նիկոլ փաշինը հայտարարեց, թե այնուամենայնիվ գնում է արտահերթ ընտրությունների, ու նույն «վախից քշվածների» մասսան էլի աջակցության արձագանք տվեց:

Այսինքն սրանք՝ նիկոլն ու իր «նիկոլները» օրումեջ կարող են նույն հարցի վերաբերյալ տրամագծորեն հակառակ հայտարարություններ անել, մե՛կ արտահերթ են ուզում, մե՛կ չեն ուզում, մե՛կ նորից են ուզում, ու՝ ոչինչ: Տվյալ պահին քամին ինչպես փչեց, այնպես էլ շորորում են:

Դե, Շուշին էլ, ասում է, դժբախտ, դժգույն քաղաք էր... «Իսկանդերն» էլ 10 տոկոսով էր պայթել, բայց իրեն սխալ էին, իբր, զեկուցել, ինքն էլ դրա մասին իր ստորագրած կապիտուլյացիայից 3 ամիս անց իմացավ:

Մի խոսքով՝ «գժեր, գժվեք, շրջայց է»:

Մյուս կողմից, նիկոլ փաշինը երեկվա հավաքում փորձարկեց ադմինիստրատիվ ռեսուրսով, ճնշումներով ու ահաբեկումներով, «բերման ենթարկումներով» ենթադրելի ընտրություններում կեղծիքներ կատարելու և վերարտադրվելու իր հնարավորությունը:

Գիտեք, տեսականորեն շատ ու շատ տարբերակներ կարելի է դիտարկել, քննարկել, փորձարկել: Բայց հիմնական սխալը այն է, որ ժողովրդին ու պետությունը կրախի մատնած որևէ մեկն ու նրա որևէ մեկուհին կարծում են, թե իրենք արդեն մարսել են աններելի ոճրագործությունը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը