Քաղաքական

01.03.2021 14:49


Փաշինյանը փորձում է պահել իշխանությունն այնպես, ինչպես վերցրեց այն երեք տարի առաջ․ «Կոմերսանտ»

Փաշինյանը փորձում է պահել իշխանությունն այնպես, ինչպես վերցրեց այն երեք տարի առաջ․ «Կոմերսանտ»

Հայկական ընդդիմությունը վստահ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտվել է, և մնում է իրավաբանորեն ձևակերպել նրա հեռացումը, ապա հետաքննել իշխանությունների ինչպես գործողությունները, այնպես էլ անգործությունը: Սակայն կառավարության ղեկավարն այլ կերպ է մտածում: Նա փորձում է պահել աթոռը` օգտագործելով փողոցային պայքարի իր սիրած մարտավարությունը: Ավելի վաղ դա օգնեց նրան վերցնել իշխանությունը, այժմ նա հույս ունի պահպանել այն` ցուցադրելով ժողովրդական աջակցությունը: Մարտի 1-ին պարզ կդառնա` վարչապետը դեռ ունի այդ ռեսուրսը, թե՞ ոչ, գրում է «Կոմերսանտ»-ը:

Նիկոլ Փաշինյանը, ում ժողովրդականությունը հօդս ցնդեց Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում պարտությունից հետո, հույս ունի, որ «փողոցը» կերկարաձգի իր կյանքը իշխանությունում և քաղաքականության մեջ: Դա կարող է աշխատել այն պայմաններում, երբ վարչապետի ընդդիմախոսներն ի վիճակի ճնշում գործադրել նրա վրա չեն փողոցային զանգվածների միջոցով:

Մարտի 1-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանը խոստացավ խոսել ռազմական հեղաշրջման փորձի մասին. ահա թե ինչպես է նա անվանել ՀՀ գլխավոր շտաբի բարձրագույն սպայակազմի` վարչապետի պաշտոնաթողության մասին վերջին պահանջը:

Զինվորականների հայտարարությունը առճակատում առաջացրեց պարոն Փաշինյանի և երկրի նախագահ Արմեն Սարգսյանի միջև, որը հրաժարվեց հաստատել Գերագույն շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին Նիկոլ Փաշինյանի միջնորդագիրը` փաստաթուղթը վերադարձնելով կառավարությանը: Եթե ​​վարչապետը կրկին փորձի աշխատանքից հեռացնել զինծառայողին, ապա կոնֆլիկտով ստիպված կլինի զբաղվել Սահմանադրական դատարանը:

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե պահպանի իր պաշտոնը. «Նա փորձում է սոցիալական պառակտում առաջացնել և ապավինել հասարակության այն հատվածին, որին կհաջողվի մոբիլիզացնել: Դա փոքր մաս է, հատկապես եթե հանենք վարչական բաղադրիչը: Սակայն ինչ-որ հատվածի նրան կհաջողվի հավաքել: Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, որ վարչապետը կշարունակի պաշտոնավարել: Իրավիճակից որպես հաղթող դուրս գալու համար բռնապետություն, ընդդիմության դեմ ռեպրեսիաներ են հարկավոր: Սակայն այն կառավարիչը, որին դեմ է բանակը, բռնապետ չի կարող լինել: Հիմա հարցը դիալեկտիկական է. կամ դու լուծման մի մասն ես, կամ` խնդրի մի մասը: Փաշինյանը խնդրի մաս է, և առանց նրա հեռանալու ճգնաժամը չի կարող լուծվել»: Սակայն նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա, նշում է փորձագետը, նրա քաղաքական ուժը «կշարունակի կառչել իշխանությունից»:

Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ «գորգի տակ» ակնհայտորեն բանակցային գործընթաց է ընթանում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տարբեր տարբերակներ են քննարկվում: «Նրանք կարող են ինչ-որ կերպ կարգավորել քաղաքական խնդիրը: Սակայն շատ նյուանսներ և նրբություններ կան` ով և ինչպես է կազմակերպելու այդ ընտրությունները»,-ասում է նա: Բայց ավելի վստահորեն ենթադրություններ անելու համար հարկավոր է անցնել մարտի 1-ը: Ընդդիմության և իշխանությունների հանրահավաքները ոչ թե պարզապես նույն քաղաքում կանցկացվեն, այլև` գրեթե նույն ժամին: Առաջինը հանրահավաքը կսկսվի Մոսկվայի ժամանակով 17:00-ին, իսկ երկրորդը` 17:30-ին. դա անակնկալներով է հղի:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը