Քաղաքական

01.03.2021 09:42


Անընդունելի է բանակից կիլոմետրերով հեռու անձի ղեկավարումը, դա մեզ տանում է կործանման. Մեղրիի քաղաքապետ

Անընդունելի է բանակից կիլոմետրերով հեռու անձի ղեկավարումը, դա մեզ տանում է կործանման. Մեղրիի քաղաքապետ

Այս ապիկար իշխանությունների մնալու դեպքում առաջինը մենք ենք մեր կաշվի վրա զգալու դրա բացասական հետեւանքները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

«Պարտության մասին մենք անցյալով ենք խոսում, բայց այսօր խնդիրը ոչ միայն նրա բերած պարտությունն է, այլ շատ ավելի վատ ակնկալիքներ ունենք, քան այս եղածն է։ Պարտության վերջը չի երեւում։ Սյունքի ակտիվությունը մենք վերագրում ենք ոչ թե նրան, որ մեր ժողովուրդը ավելի սթափ է կամ խելոք, այլ եթե այլ մարզերի բնակիչներին պետք է նկարագրել խնդիրները, մեր բանկիչները իրենց աչքի առաջ ամեն օր տեսնում ենք դրանք, եւ այս ապիկար իշխանությունների մնալու դեպքում առաջինը մենք ենք մեր կաշվի վրա զգալու դրա բացասական հետեւանքները։ Դրա համար ենթագիտակցորեն ժողովուրդը ավելի զգայուն է այս խնդիրների նկատմամբ։ Ես համոզված եմ, որ մեր հայ ժողովուրդը արդեն համոզվել է, որ պատերազմող, այսպիսի մարտահրավերներ ունեցող երկրում անընդունելի է բանակից կիլոմետրերով հեռու, իմպուլսիվ, պետության համար մեկ օր չաշխատած իր ողջ կյանքում, եւ ոչ միայն նա, այլեւ իր թիմը, անձի ղեկավարումը, մեզ դեպի կործանում է տանում»,-ասաց նա։

Քաղաքապետի կարծիքով` բանակը պետության հիմնաքարերից մեկն է եւ իրավունք ունի նման հայտարարություններ տարածել,եթե տեսնում է վտանգ պետության նկատմամբ:

«Այս բոլոր թերությունների անմիջապես հետեւանքների կրողը բանակն է, ընդհուպ մինչեւ իրենց կյանքի գնով են այդ հետեւանքները կրում։ Եւ երբ ասում են՝ բանակը իրավունք չունի խառնվել եւ այլն, այն պետության հիմնաքարերից մեկն է եւ բանակի կորիզը կազմող սպաները բնական իրավունք ունեն, տեղնելով, որ պետությունը կործանման է գնում, իրենց ձայնը բարձրացնեն։ Ես ողջունում եմ նրանց քայլը։ Բոլորս ընդունում ենք, որ հայրենասիրության առաջնագծում զինվորականներն են, այսինքն այնտեղ կենտրոնացած են հայրենասիրության առաջամարտիկները, եւ շատ բնական է, որ երկիրը կործանման եզրին հասցրած իշխանության դեմ նաեւ իրենք են անհամաձայնություն հայտնում»,-հավելեց նա։

Զաքարյանը նախագահին համարում է այս բոլոր բացասական իրադարձությունների մասնակից, սակայն գտնում է, որ նախագահը կարող է քավել իր մեղքերը չստորագրելով ԳՇ պետին ազատելու առաջարկությունը:

«Ես դեռ չեմ կարող գնահատական տալ դավաճանական, թե անգրագետ իշխանություններ են սրանք: Երբ նրանք կգնան, կլինի նոր քաղաքական պայքար, այնպես չէ, որ եթե սրանք գնան, նախկինները կգան, մենք այդպես չենք կարծում»,-նշեց նա։

Մեղրի քաղաքապետը հույս հայտնեց, որ Փաշինյանի հրաժարականը չի ուշանա, բայց եթե կարիք առաջանա, հնարավոր է Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա կազմակերպվի Մեղրիում:

Այս խորագրի վերջին նյութերը