Քաղաքական

27.02.2021 17:45


«Կան տեղեկություններ, որ Դատախազությունում, Ոստիկանությունում, Քննչականում կան աշխատակիցներ, որոնք հրաժարվում են ծառայել այս դավաճանին». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

«Կան տեղեկություններ, որ Դատախազությունում, Ոստիկանությունում, Քննչականում կան աշխատակիցներ, որոնք հրաժարվում են ծառայել այս դավաճանին». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը դիմելով Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի մասնակիցներին՝ շեշտեց, որ այսօր կարևոր օր է, քանի որ ժամը 18։00-ին լրանալու է այն ժամկետը, երբ ՀՀ նախագահը պետք է հայտնի իր տեսակետը՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։

«Մենք երեկ այցելեցինք ՀՀ նախագահին, ներկայացրեցինք մեր պահանջը, ժողովրդի պահանջը և շատ հստակ պահանջեցինք, որ ՀՀ նախագահը պետք է տեր կանգնի Սահմանադրությանը և չգնա հակասահմանադրական քայլերի, կանգնի ժողովրդի կողքին և տուրք չտա այդ դավաճանի շանտաժներին»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ հայոց բանակը պետք է իմանա, որ իրենք բանակի կողքին են։

«Սիրելի հայրենակիցներ, մոտենում հարցնում եք, թե ինչ է լինելու, ինչու գործողությունների չենք գնում, ձեր այստեղ լինելն արդեն գործողություն է։ Ամեն ինչ հստակ է, մեր պլան «Ա»-ն լիարժեք աշխատում է, մենք հետևողականորեն գնալու ենք այս իշխանության հեռացմանը։ Արդեն կան տեղեկություններ, որ Դատախազությունում, Ոստիկանությունում, Քննչականում կան աշխատակիցներ, որոնք հրաժարվում են ծառայել այս դավաճանին։ Մեր գլխավոր նպատակն այս գլխավոր դավաճանին հեռացնելը չէ, մեր բոլորի գլխավոր նպատակը երկրի ապագան է, մեր երկիրն անկայունության չենք տանելու, այս խելագարին հեռացնելու ենք անցնցում ու արագ»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը։

Հավաքվածներն իրենց ողջույնները փոխանցեցին Սյունիքում տեղի ունեցող հանրահավաքի մասնակիցներին, Իշխան Սաղաթելյանն էլ ընդգծեց, որ իրենք Սյունիքի կողքին են։

«ՀՀ նախագահի որոշմանը ծանոթանալուց հետո, մենք կհայտնենք մեր հետագա քայլերի մասին»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը