Մեկնաբանություն

27.02.2021 13:35


Էրդողանը խիստ մտահոգված է, որ կկորցնի նիկոլի «իշխանությունը» Հայաստանում

Էրդողանը խիստ մտահոգված է, որ կկորցնի նիկոլի «իշխանությունը» Հայաստանում

Արձանագրենք ակնհայտը. Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի, գրեթե բոլոր զինվորական գեներալների, բանակային կորպուսների հրամանատարների կողմից նիկոլ փաշինի հրաժարականի պահանջից ամենից շատ անհանգստացած է... Թուրքիայի իշխանությունը:

Դեռ, ինչպես ասվում է, ՀՀ ԶՈՒ գեներալիտետի այդ հայտարարության «թանաքը չէր չորացել», Թուրքայի ԱԳ նախարարը հայտարարությամբ հանդես եկավ, որի իմաստն այն է, որ թուրքական իշխանությունների համար անթույլատրելի է... Հայաստանում «ռազմական հեղաշրջումը»: Դրան կայծակնային արագությամբ հաջորդեց Էրդողանի մամուլի խոսնակի նույնաբովանդակ հայտարարությունը:

Իսկ ահա արդեն երեկ նիկոլ փաշինի «իշխանությունն» ու հոլիվուդյան ֆիլմերում հաճախ նշվող մարմնի փափկամասը փրկելու նետվեց անձամբ Ռեջեփ Թայիփը, նույն ինքը՝ Էրդողանը, մասնավորապես հայտարարելով. «Թուրքիան հանդես է գալիս ցանկացած տեսակի ռազմական հեղաշրջումների դեմ, դա անթույլատրելի է...»:

Հարկավ, այլ երկրներ ու այսպես կոչված՝ «միջազգային կառույցներ», որոնք «էշի ականջում քնած էին» Արցախի հայության դեմ իրականացվող գենոցիդային պատերազմի նկատմամբ այս ընթացքում, հանկարծ հիշեցին, որ՝ «վա՜յ, այդ հայերին դեռ լրիվ չեն փրթե՞լ, դեռ կա՞ն, դե լավ, որ կան, եկեք սաստենք, որ նի-նի-նի, հանկարծ «ռազմական հեղաշրջում» չանե՜ն, նիկոլ փաշինին չհեռացնե՜ն, որպեսզի վերջապես լրիվ վերանան-կորչեն իրենց Հայաստանով հանդերձ, որ մեր գազանավթախողովակներին չխանգարեն կամ նման մի բան...»:

Ինչ վերաբերում է Հայաստանին ու Արցախի խնդրին հնարավորինս առնչվող ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության պետություններին, ապա Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը հնարավորինս հավասարակշռված արձագանքեցին՝ հիմնականում հորդորելով, որ գործընթացները մնան օրինականության և քաղաքական երկխոսության շրջանակում:

Բայց տեղի ունեցողից Թուրքիայի խիստ անհանգստությունն այնքան, կներեք, զռռացող է, այնքան բացահայտ, որ միայն հակահայ նիկոլ փաշինի զոմբեռանդ կողմնակիցը կարող է չնկատել:

Ակներև է նաև Թուրքիայի, անձամբ Էրդողանի մեծ անհանգստության պատճառը. վերջապես կատարվել է իրենց հարյուրամյա երազանքը (ծրագիրը), և Հայաստանում իշխանության է բերվել ակնհայտից էլ ակնհայտ թուրքական կամակատար, հակահայ, հայատյաց և հլու-հնազանդ Անկարայի ու Բաքվի հանձնարարությունները կատարող մեկը՝ ի դեմս նիկոլ փաշինի, չհաշված նրա «քայլաթիմում» վխտացող թուրքական գործակալներին, պարզապես թուրքական շահերը սպասարկողներին:

Եվ ահա, երբ Թուրքիան Հայաստանում այդպիսի նվաճումների է հասել, բնականաբար, խիստ մտահոգվելու է, որ կարող է հանկարծ կորցնել այդ հնարավորությունը: Էրդողանը խիստ մտահողված է, որ կարող է Հայաստանում կորցնել նիկոլ փաշինի «իշխանությունը»: Հենց դա է հիմնական պատճառը, որ մի կողմ դնելով թուրքական բնորոշ խորամանկությունները (ժամանակը սուղ է), Էրդողանն ու առհասարակ, թուրքական իշխանությունները ուղղակիորեն, իսկ ալիևն էլ՝ «տակից» (անուղղակիորեն) նետվել են պաշտպանելու իրենց նիկոլ փաշինի ու նրա «նիկոլիկների» հակահայ իշխանությունը:

Վերջին հաշվով, Էրդողանը նիկոլ փաշինի և նրա «ուսապարկերի» միջոցով, լծված է Հայաստանի «վիլայեթացման», Հայաստանը՝ որպես պետություն վերացնելու, Հայոց բանակը իսպառ շարքից հանելու և հայության մնացորդները բնաջնջելու «գործին»: Եվ մեկ էլ, ահա, ինչ-որ հայ գեներալներ, իբր թե՝ «ռազմական հեղաշրջման փորձ» են անում (ուր էր, թե այդ բնորոշումը համապատասխաներ իրականությանը):

Ի դեպ, բնութագրական է և այն, որ առաջինը հենց թուրքական իշխանությունները, ապա նրանց հետ ձայն-ձայնի տված նիկոլ փաշինը ԳՇ գեներալիտետի հայտարարությունը բնորոշեցին «ռազմական հեղաշրջման փորձ»: Մինչդեռ, եթե դա իսկապես ռազմական հեղաշրջման փորձ լիներ, ապա նիկոլ փաշինը հիմա ԱԱԾ մեկուսարանում հատուկ քննչական խմբի հարցերին պատասխանելիս կլիներ:

Իսկ ԳՇ գեներալիտետին երևի պետք է հորդորել, որ հաջորդ հայտարարությունից առաջ, նախ իրենց պարտքը գործողությամբ կատարեն, հետո միայն հրաժարականի ակադեմիական հայտարարություն անեն: Դուք, ի վերջո, զինվորականներ եք, այլ ոչ թե բուհի գիտխորհուրդ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը