Կարծիք

24.05.2011 11:46


Հայոց ցեղասպանության հարցը` դարձյալ քաղաքական շահարկման ծիրում

Հայոց ցեղասպանության հարցը` դարձյալ քաղաքական շահարկման ծիրում

Իսրայելի խորհրդարանում` Կնեսետում, քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Կնեսետի կրթության եւ մշակույթի հանձնաժողովին այս օրերին հանձնարարվել է այդ կապակցությամբ որոշման նախագիծ պատրաստել եւ ներկայացնել խորհրդարանի հաստատմանը: Այս քայլով Իսրայելը փորձում է Թուրքիային ետ պահել հակաիսրայելական նոր քայլեր ձեռնարկելու մտադրությունից:

Պաշտոնական Անկարայի եւ Թել Ավիվի փոխհարաբերությունները կտրուկ սրվեցին անցյալ տարվա մայիսի 31-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, երբ Իսրայելի զինված ուժերը ռազմական գործողություն իրականացրին` կանգնեցնելու համար Գազայի շրջափակումը ճեղքելու եւ նրան հումանիտար օգնություն հասցնելու նկատառումով ծով մտած «Ազատության նավատորմիղը»: Զոհվեցին տասնյակ մարդիկ, այդ թվում` Թուրքիայի քաղաքացիներ: Այնուհետ փոխադարձ կոշտ հռետորաբանությունն ու պաշտոնական մեղադրանքները միջազգային հանրությանը ցույց տվեցին, որ երբեմնի գործընկերներ ու դաշնակիցներ հանդիսացող այդ երկու երկրների շահերը տեւական բախման փուլ են մտել եւ Անկարային ու Թել Ավիվին հետզհետե կարող են մղել քաղաքական լրջագույն առճակատման:

Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններում լարվածության ի հայտ գալը կապված է Անկարայի մերձավորարեւելյան նոր քաղաքականության հետ, որը գործնականում կյանքի կոչվեց հենց թուրք-իսրայելական հարաբերությունների համատեքստում: 2009թ. հունվար ամսին Դավոսում Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Իսրայելի նախագահ Պերեսի միջեւ պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ձեռնարկած ռազմական գործողությունների փաստով ծագած տհաճ միջադեպը դարձավ երկու երկրների հարաբերությունների վատթարացման պատճառ: Վերադառնալով Անկարա` Էրդողանը հայտարարեց Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր շրջանի եւ այն մասին, որ «աշխարհը տեսավ Թուրքիայի հզորությունը»:

Արտաքին քաղաքականության հայեցակարգում Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ստանձնած նոր քաղաքական ուղեգիծը ենթադրում է անմիջական հարեւանների ու հատկապես արաբական աշխարհի, Իրանի ու Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատում եւ նախորդ շրջանից ժառանգած խնդիրների չեզոքացում: Նման ռազմավարության որդեգրումը նպատակ ունի նպաստել Թուրքիայի տնտեսական ու քաղաքական կշռի անհամեմատ բարձրացմանն ամբողջ աշխարհում, որը մյուս տերություններին կստիպի համաշխարհային քաղաքականության մեջ թուրքական գործոնի հետ հաշվի նստել առանց վերապահումների ու պայմանականությունների:

Ինչպես եւ կարելի էր սպասել, Իրանի, Սիրիայի, «Համաս» խմբավորման եւ, ընդհանրապես, արաբական աշխարհի հետ Թուրքիայի սկզբունքային նման գործակցությունն անմիջապես բախվելու էր Իսրայելի տարածաշրջանային շահերին` դառնալով երկու պետությունների քաղաքական հարաբերությունների վատթարացման աղբյուր: Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, թուրքական պետական մեքենայի համար իսրայելական շահերին հակադրվելը ոչ թե նոր ռազմավարությունից ծագող մարտահրավեր էր, որը հարկ էր մեղմել կամ չեզոքացնել, այլ արտաքին քաղաքականության կարեւոր նպատակակետ: Թիրախ ընտրելով Իսրայելին ու նրա հետ մտնելով կոշտ պայքարի մեջ` Թուրքիան լուծում էր իսլամական աշխարհի գաղափարական առաջամարտիկը լինելու եւ նրա քաղաքական շահերը սպասարկելու խնդիր: Այդ գործում պաղեստինցիների իրավունքների պաշտպանության խնդիրն այդուհետ ձեռք էր բերում առանցքային դերակատարություն: Իսրայելի հետ մտնելով հակադրությունների տեւական փուլ` Թուրքիան պետք է համոզեր ողջ միջազգային հանրությանը եւ, հատկապես, արաբական աշխարհին, որ այլեւս ավարտված է Անկարայի` Արեւմուտքի կցորդի կարգավիճակի դարաշրջանը:

2009թ. Դավոսում թուրք-իսրայելական հարաբերություններում արձանագրված առաջին խոշոր ճաքերը շատ վերլուծաբաններ ու փորձագետներ փորձեցին տեսնել երկու դաշնակիցների ժամանակավոր մարտավարական հակասությունների տիրույթում: Սակայն նույն թվականի հոկտեմբեր ամսին «Անատոլիական արծիվ» զինավարժություններում Թուրքիայի կողմից Իսրայելի մասնակցության արգելափակումը (ըստ թուրքական լրատվամիջոցների` Անկարայի նման քայլի պատճառը իսրայելական օդանավերի հնարավոր մասնակցությունն էր Գազայում պաղեստինցիների ռմբակոծումներին) կրկին ճգնաժամի առջեւ կանգնեցրեց երկու երկրներին: Իսկ արդեն 2010թ. մայիսի 31-ին «Ազատության նավատորմիղի» գրավման եւ դրան հետեւած իրադարձությունները վկայեցին, թե որքան են Թուրքիայի նոր ռազմավարության որդեգրման արդյունքում իրարից հեռացել երկու երկրների երբեմնի ընդհանրական ռազմավարական շահերը:

Մեկ ամիս առաջ շատ լրատվամիջոցներ սկսեցին ահազանգել մայիս-հունիս ամիսներին թուրք-իսրայելական հարաբերություններում սպասվող նոր սուր ճգնաժամի մասին: Խնդիրն այն է, որ նախորդ տարվա մայիսի 31-ի դեպքերի տարելիցի առիթով ծրագրվում էր Թուրքիայի գործուն աջակցությամբ եւս մեկ նավատորմիղի ուղեւորություն դեպի Գազա: Նախնական ծրագրերի համաձայն` նավատորմիղի ուղեւորության մեկնարկը պետք է տրվեր մայիսի վերջին, սակայն կազմակերպիչները հետագայում որոշեցին հետաձգել այն մինչեւ Թուրքիայում հունիսի 12-ին կայանալիք ընտրությունների ավարտը:

Թուրքական նախապատրաստական աշխատանքներին հետեւեցին պաշտոնական Թել Ավիվի արձագանքները: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ապրիլի 27-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցությունից հետո հայտարարեց, որ բանակին հանձնարարված է շարունակել Գազայի շրջափակումը պահպանելու անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները, իսկ դիվանագետներին` ջանքեր գործադրել Թուրքիայից նավատորմի ուղեւորությունը կասեցնելու նպատակով:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ներգրավումը Կնեսետի կրթության եւ մշակույթի հանձնաժողովի քննարկման ոլորտ` վկայում է, որ հրեա դիվանագետների կանխարգելիչ ջանքերի հիմնական գործիքներից մեկը դիտարկվում է հենց Հայոց ցեղասպանության հարցը: Նախորդ տարիներին Իսրայելի խորհրդարանում ճանաչման հարցն արդեն դրվել էր քննարկման: Սակայն նախկինում հարցն ընդգրկվել էր Կնեսետի ոչ թե կրթության եւ մշակույթի հանձնաժողովում, այլ` պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների, ինչը վկայում էր, որ Իսրայելի իշխանություններն այն խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ մտցնելու ցանկություն չունեն, քանզի տվյալ հանձնաժողովի յուրաքանչյուր որոշում ընդունվում է` ելնելով բացառապես Իսրայելի պետական շահերից ու քաղաքական նպատակահարմարությունից:

Իհարկե, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ներառումը կրթության եւ մշակույթի հանձնաժողովի քննարկման տիրույթ` ամենեւին էլ չի նշանակում, որ Իսրայելն այժմ մտադրվել է հարցին վերջնական լուծում տալ: Հրեա դիվանագետներից մեծ ջանքեր կպահանջվեն Ցեղասպանության ճանաչման մտադրության լրջությունը թուրք գործընկերներին հավաստիացնելու համար: Սակայն Պաղեստինի շուրջ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումները, պաշտոնական Թել Ավիվի համար բավական անբարենպաստ քաղաքական միջավայր են ստեղծել: Առանձին պետությունների կողմից Պաղեստինի անկախության ճանաչման փաստը` այն էլ մինչեւ 1967թ. եղած սահմաններում, մյուս կողմից էլ գլխավոր դաշնակից Օբամայի` օրերս արած հայտարարությունն առ այն, որ իսրայել-պաղեստինյան խնդրի լուծումը երկու առանձին պետությունների կազմավորման եւ մինչեւ 1967թ. եղած սահմաններին վերադառնալու մեջ է, խոչընդոտներ են դառնում թուրք-իսրայելական դիվանագիտական շփումներում: Մայիսի 20-ին Օբամայի եւ Նեթանյահուի միջեւ տեղի ունեցած բանակցություններում նույն դիրքորոշման հետեւողական պահպանումն ԱՄՆ նախագահի կողմից առավել խոցելի է դարձնում հրեական դիվանագիտական ջանքերը:

Իսրայելը` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դարձնելով շահարկման առարկա, երբ ինքը խնդիր ունի պաղեստինցիների հետ, ում իրավունքների պաշտպանության մասին սկսել են խոսել անգամ մերձավոր դաշնակիցները, հնարավոր է, շուտով կանգնի այնպիսի փաստի առջեւ, որտեղ իր գործողությունները կարող են ասիմետրիկ քաղաքական քայլեր դառնալ: Խնդիրն այն է, որ Թուրքիան Պաղեստինի հարցում ձեռնարկելիք գործողություններում սկզբունքորեն հակված է գնալ Իսրայելի հետ առճակատման, իսկ Իսրայելն, ընդհակառակը, ելքը տեսնում է Ցեղասպանության հարցը շահարկելու մեջ: Հետեւաբար, առաջիկա դեպքերը կարող են վկայել, թե որքանով են պատրաստ հաղթահարել միմյանց ձեռնարկելիք խոչընդոտները պաշտոնական Անկարան եւ Թել Ավիվը: Այդ տեսանկյունից Իսրայելի գլխավոր խնդիրը սկզբունքների փոփոխությունն է: Նրան հարկ կլինի կամ նոր քաղաքական գործիքներ ներգրավել իր հակաթուրքական քայլերում` ինչպես օրինակ, քրդական խնդրի շահարկումն ու Իրաքի Քրդստանում իսրայելական շահերի արմատավորման համար որոշակի գործողությունները, կամ իսկապես սկզբունքորեն փոխել վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Առաջիկա ամիսները ցույց կտան, թե որ ուղին է առաջնային Իսրայելի համար:

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Այս խորագրի վերջին նյութերը