Քաղաքական

27.02.2021 08:39


Փաշինյանի նման վարչապետին հանդուրժել չի կարելի, նա վիրավորել է բանակը, ամբողջ Հայաստանը․ նրա հետագա գործողությունները կարող են հանգեցնել պետականության կորստի. Նորատ Տեր-Գրիգորյանց

Փաշինյանի նման վարչապետին հանդուրժել չի կարելի, նա վիրավորել է բանակը, ամբողջ Հայաստանը․ նրա հետագա գործողությունները կարող են հանգեցնել պետականության կորստի. Նորատ Տեր-Գրիգորյանց

Հայաստանում բանակը հեղաշրջմամբ չի զբաղվում, կարծում եմ, որ ԳՇ պետը իր կարծիքն է հայտնել՝ բոլոր հրամանատարների անունից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Երևանում տիրող իրավիճակին։

«Ասում են՝ լսեք, ձեր վարչապետը ոչ միայն խայտառակել է ամբողջ պետությունը և աշխարհի հայերին, ոչ միայն արել է ամենը, որ պատերազմ լինի, այլ նաեւ պատերազմի ընթացքում խայտառակ, քաոսիկ, անկազմակերպ, անտաղանդ ձևով ղեկավարել համակարգը, իսկ հիմա էլ շարունակում է հեռացնել բոլոր սպաներին, որոնք հավատով և ճշտով ծառայում են, բայց ունեն որոշակի թերություններ։ Յուրաքանչյուր մարդ, անգամ Հիսուս Քրիստոսն ունեցել են թերություններ»,-ասել է գեներալ-լեյտենանտը եւ ավելացրել. «Նա շարունակում է ազատել պաշտոններից սպաներին, ինչը վիրավորանք է բանակի հասցեին, նա բանակի հեղինակությունն իջեցրել է պլինտուսի մակարդակին։ Նրա հետագա գործողությունները կարող են հանգեցնել նույնիսկ պետականության կորստի։ Թշնամին, հետևելով բանակի և պետության հեղինակազրկմանը՝ անմիջապես կմտնի Հյուսիսային պողոտա՝ հաղթական երթով»։

Բարձրաստիճան զինվորականի գնահատմամբ՝ ԳՇ պետը հայտնել է ղեկավար կազմի դիրքորոշումը, իսկ նրանք համարվում են բանակի ուղեղը և իրենց ուղեղը վատ չի աշխատում։ Ըստ նրա՝ զինվորականները շատ լավ գիտեն, թե ինչ է պատերազմը, ինչ է զինվորական քաղաքականությունը, ինչը խախտում է վարչապետը և ինչի համար էլ իրենք առաջարկել են վարչապետին հեռանալ։ Մինչդեռ, վերջինս հեռանալու փոխարեն նախագահին է հրահանգում ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու որոշումը, ինչից հետո նրան քրեական պատասխանատվության կենթարկի՝ պետական հեղաշրջման համար։ Ընդ որում, ինչպես նշեց Նորատ Տեր-Գրիգորյանցը, սա այն դեպքում, երբ ԳՇ պետը որևէ հեղաշրջում չի իրականացնում, ավելին՝ ոչ մի սպա հեղաշրջմամբ չի զբաղվում, իրենց կարծիքն են հայտնում։ Գեներալ-լեյտենանտի դիտարկմամբ՝ վարչապետի փոխարեն ինքը կասեր, որ հոգնել է, ինչ արել՝ արել է, հեռանում է, բայց՝ ոչ, վերջինս շարունակում է պաշտոնավարել։

«ԳՇ պետը ղեկավարում է զինված ուժերի ուղեղը, լավ, թե վատ՝ բայց ուղեղ է, իսկ իրեն վերաբերում են ինչպես հեղինակության, որին ենթարկվում են զինվորականները։ ՊՆ նախարարն ընդհանրապես հեռացել է թփեր, ոչ մերն է, ոչ՝ ձերը, դրա համար էլ բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել»,-նշեց նա՝ ընդգծելով, որ ԳՇ պետին պատժելը հիմարություն և աննորմալ երևույթ է։ Նա կարծում է, որ զինվորականները պարզապես մտահոգված են ժողովրդի, պետականության և պետության անվտանգության համար, տեսնում են, որ, եթե գերագույն հրամանատարը շարունակի իր գործողությունները՝ բանակը թիրախավորելով, վիրավորելով զինված ուժերի պատիվն ու արժանապատվությունը, կդժբախտացնի ամբողջ պետությունը։

Գեներալ-լեյտենանտը գտնում է, որ բանակը նման հայտարարությամբ է հանդես եկել՝ վախենալով նաև երկրի ներսում արյունահեղությունից։

«Հայաստանին միայն Մայդանն է պակասում, առանց այդ էլ չափից շատ արյուն է թափվել։ Թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ուժերը հարձակվել են փոքր Արցախի վրա և այդքան մարդ է զոհվել, փառք և պատիվ այդ տղաներին, որոնք 44 օր պաշտպանվել են, իսկ այսօր ժողովրդի ներսում այդպիսի շարժում է սկսվել, ընդ որում՝ հենց Փաշինյանն է նման իրավիճակ ստեղծում, որ կարող է արյունահեղություն լինի երկրի ներսում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հասարակությունը պառակտվում է և ավելի հեշտ կլինի, որ Փաշինյանը հեռանա։

Նորատ Տեր-Գրիգորյանցն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես անհարգալից է վերաբերում իր մարդկանց։

«Տեսնո՞ւմ եք, թե ինչպես է վախեցնում նախագահին, թե, եթե չստորագրի, ուրեմն ինքն էլ է ընդդիմադիրների կողքին, դա ստորություն է։ Հասկանո՞ւմ եք, թե ինչպես է նա վիրավորում նախագահին, այդ մարդկանց մարդու տեղ էլ չի դնում»,-նշեց նա՝ ավելացնելով, որ նախագահը պետք է ավելի հաստատակամ լինի։

«Նախագահին այդ կերպ վիրավորելը ստորություն է, նախագահն ինքը պետք է որոշում կայացնի՝ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով։ Ավելին՝ նման վարչապետին ընդհանրապես հանդուրժել չի կարելի՝ նման անտաղանդ հայացքներով, նա վիրավորել է բանակը, ամբողջ Հայաստանը և հիմա ընդհանրապես շարքից դուրս է եկել»,-ընդգծել է գեներալ-լեյտենանտը։

Այս խորագրի վերջին նյութերը