Քաղաքական

26.02.2021 13:26


«Նա իր վերջին ճիգերն է գործադրում՝ մնալու այդ աթոռին». Կապան համայնքի ղեկավար

«Նա իր վերջին ճիգերն է գործադրում՝ մնալու այդ աթոռին». Կապան համայնքի ղեկավար

Նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո անվտանգային առումով լրջագույն խնդիրներ առաջ կանգնեց նաև Սյունիքի մարզը: Թշնամին հայտնվեց Սյունիքի մարզի մի շարք գյուղերի բնակիչների ուղիղ քթի տակ, նույնիսկ դեպքեր եղան, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվեցին հայկական մի քանի համայնքների հատվածներ: Իսկ պատճառաբանությունն այն էր, որ GPS-ն է այդպես որոշել:

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները հենց այս անվտանգային խնդիրների պատճառով ամիսներ շարունակ բարձրաձայնում են վարչապետի ու կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին: Երեկ ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից վարչապետի հրաժարականի մասին հայտարարությունից հետո նրանք վերահաստատեցին իրենց դիրքորոշումը՝ սատարելով ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:

168.amի հետ զրույցում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը նկատեց՝ միանշանակ կողմ է ԳՇ պետի և Գլխավոր շտաբի հայտարարությանը, միակարծիք է իրենց հետ.

«Ինձ համար զարմանալի էլ չէ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հասցրեց այն աստիճանի, որ Գլխավոր շտաբն է արդեն իր հրաժարականը պահանջում, և, որ իր հրաժարականն արդեն խիստ անհրաժեշտություն է, որովհետև այս ձևաչափով շարունակելը և կառչած մնալը աթոռին՝ արդեն կործանարար է երկրի համար: Մենք տեսնում ենք, որ նա իր վերջին ճիգերն է գործադրում՝ մնալու այդ աթոռին»:

Հարցին՝ արդյոք վարչապետի հրաժարականից հետո հնարավոր կլինի՞ լուծել այն անվտանգային խնդիրները, որոնց առջև այսօր փաստացի կանգնած է Սյունիքի մարզը, Գևորգ Փարսյանը պատասխանեց. «Այժմ երկիրը խիստ քաղաքական ճգնաժամային վիճակում է, և միանշանակ պետք են փոփոխություններ ու նոր իշխանություններ՝ նախևառաջ՝ ներքաղաքական իրավիճակը կայունացնելու համար:

Փոփոխությունների, նոր իշխանություն ձևավորելու արդյունքում մենք կունենանք նոր հնարավորություններ միջազգային ասպարեզում հանդես գալու համար, և նոր բանագնացի արդյունքում՝ կունենանք նոր բանակցություններ վարելու հնարավորություններ: Եվ, այո՛, դրանով իսկ հնարավորություն է առաջանում նոր բանագնացի միջոցով մեզ համար ավելի շահավետ արդյունքներ արձանագրել, իսկ ներկա դրությամբ մենք պարզապես այդ արդյունքները չենք ունենում. նկատում ենք օրեցօր ավելի վատթարացող իրավիճակ: Դրա համար մեզ հիմա խիստ անհրաժեշտ են այդ փոփոխությունները, և խիստ անհրաժեշտ է երկրում ստաբիլ ներքաղաքական իրավիճակը»:

Այս խորագրի վերջին նյութերը