Մեկնաբանություն

25.02.2021 14:00


Վաղը Հայաստանում կարող է վերջապես լինել նոյեմբերի 11-ը... Զինված ուժերը միացան նիկոլ փաշինի հեռացման պահանջին

Վաղը Հայաստանում կարող է վերջապես լինել նոյեմբերի 11-ը...  Զինված ուժերը միացան նիկոլ փաշինի հեռացման պահանջին

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին կամայականորեն պաշտոնանկելու նիկոլ փաշինի ջղաձգումը, փաստորեն, դարձավ Հայոց բանակի ղեկավարության համբերության սպառման վերջին կաթիլը:

ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, շտաբային բոլոր ղեկավար ներկայացուցիչների՝ գործող գեներալիտետի և բոլոր բանակային կորպուսների հրամանատարների համատեղ հայտարարությունն ու նիկոլ փաշինի և նրա ապիրատ կառավարության հրաժարականի պահանջը այդ, թվում էր, թե՝ ծով-համբերության սպառման արտահայտությունն է.

«ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ.

..Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»:

Այո, մեր ժողովուրդը միշտ եղել է իր Բանակի կողքին, իր Բանակի հետ՝ տալով իր Բանակին ամենից թանկը՝ իր և իր զավակների կյանքը: Եվ զարմանալի է, որ Հայոց բանակը դեռ այս «տարօրինակ պատերազմի միջնամասում» չդրսևորեց իր ազգային ու զինվորական պատվախնդրությունը՝ մարտական գործողությունների վարումից մեկուսացնելով նիկոլ փաշինին փրկելու համար այն, ինչ հնարավոր էր փրկել դեռ հոկտեմբերի 18-19-ին, չհանձնելով Շուշին, Հադրութը, Քարվաճառը, չհանձնելով Շուռնուխն ու Որոտանը...

Զարմանալի և տարօրինակ էր, որ Բանակը չդրսևորվեց նոյեմբերի 9-ի, նոյեմբերի 10-ին, նիկոլ փաշինի կողմից կապիտուլյացիոն հայտարարությունն ստորագրելուց հետո:

Բայց վերջապես Զինված ուժերի ղեկավարությունը հասկացավ, որ նիկոլ փաշինը ոչ միայն իրենց է «փուռը տալու» և իրենց «գրպանը գցելու» տեղի ունեցած ողբերգական, «տարօրինակ պատերազմի» մեղքը, այլ ուղղակիորեն պետությունը տանում է վերջնական կործանման:

Զինված ուժերի ղեկավարությունը, կարծում ենք, հասկացավ, որ չվճարած պարտք ունի սեփական Ազգին:

Ու հիմա առավել քան կարևոր է լինել Ազգ-Բանակ, կարևոր է աջակցել մեր բանակային ղեկավարության թեկուզև ուշացած դիրքորշմանը, կարևոր է կանգնել մեր Բանակի կողքին, ինչպես եղել է միշտ:

Այժմ շատ կարևոր է, որ մյուս ուժային կառույցների ղեկավարությունը, բարձր սպայակազմը կանգնի զինվորական ղեկավարության կողքին՝ կանխի հոգեվարքի մեջ գտնվող իշխանության կողմից արյունահեղության դիմելու, ներքին բախումներ հրահրելու մղումները:

Այժմ շատ կարևոր է բոլոր արժանապատիվ քաղաքական ուժերի համախմբված և համակարգված գործունեությունը, ժողովրդին բախումներից ու եղբայրասպանությունից զերծ պահելը:

Այժմ կարևոր է Հայաստանի պետության գլուխ համարվողի դիրքավորումը:

Այժմ կարևոր է շատ բան:

Բայց ամենից կարևորը մեր ժողովուրդն է ու մեր պետությունը, որը փրկելու վերջին շանս ունենք՝ չկորցնելով մտքի սթափությունը, սառնասրտությունը և վճռականությունը, հատկապես՝ ապիրատ, օտարի կամակատար «իշխանությանը» պետական կառավարման լծակներից և հասարակությունից չեզոքացնելու, պատասխանատվության ենթարկելու և առաջ շարժվելու համար:

Վաղը մեր երկրում վերջապես կարող է ավարտվել շարունակական ու կործանարար անկման նոյեմբերի 9-10-ը, և վերջապես կարող է գալ նոյեմբերի 11-ը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը