Քաղաքական

25.02.2021 12:55


2,1 մլրդ դրամ՝ պարեկային ոստիկանության համար․ կլինեն նոր մեքենաներ, նաև ավելի բարձր աշխատավարձ. Կառավարությունն ընդունեց որոշումը (տեսանյութ)

2,1 մլրդ դրամ՝ պարեկային ոստիկանության համար․ կլինեն նոր մեքենաներ, նաև ավելի բարձր աշխատավարձ. Կառավարությունն ընդունեց որոշումը (տեսանյութ)

Նախատեսվում է պահուստային ֆոնդից ՀՀ ոստիկանությանը հատկացնել 2 մլրդ 161,6 մլն դրամ պարեկային ոստիկանության ստեղծման նպատակով: Այս մասին Կառավարության հերթական նիստին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշումը կապված է պարեկային ոստիկանություն ունենալու նպատակադրման հետ: Նա ասաց, որ թեև նախկինում պլանավորել էին մարտից ունենալ, սակայն համավարակի և պատերազմի պատճառով հետաձգվեց և հիմա նախատեսվում է այս ծրագիրն իրականացնել ամռանը:

«Մեր ապագա պարեկային ոստիկանության աշխատակիցները հիմա անցնում են ուսումնառության փուլ Ոստիկանության ակադեմիայում, և շատ կարևոր է, որ այստեղ ընդգրկված են ոչ միայն ոստիկաններ, այլ նաև քաղաքացիական անձինք, ովքեր առաջին անգամ են կրելու ոստիկանի համազգեստը»,-ասաց նա:

Նա հայտնեց, որ մեկնարկը լինելու է Երևանից, ապա կիրականացվի Շիրակի և Լոռու մարզերում, այնուհետև մնացած բոլոր մարզերում: «Սրանով նոր շունչ և ազդակ կհաղորդվի ընդհանրապես Ոստիկանության բարեփոխումներին, ըստ էության, լինելու են նոր մեքենաներ, նոր դիզայն: Պետք է ասել նաև, որ պարեկային ոստիկանությունում նաև ավելի բարձր աշխատավարձ սահմանելու որոշում ենք կայացրել և հույս ունենք, որ այս գործընթացում ոչ միայն գործող ոստիկանները, այլ նաև քաղաքացիական անձինք որոշում կկայացնեն և այս ծառայության մեջ ներգրավելու քայլ կկատարեն»,-ասաց նա։

Կառավարությունն ընդունեց նախագիծը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը