Կարծիք

24.02.2021 19:27


Դեպի նոր պատերա՞զմ

Դեպի նոր պատերա՞զմ

Համոզված եմ, որ 2020թ․ սեպտեմբերի 27-ի արցախյան պատերազմը փաստացի սկիզբ առավ 2018թ․, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ «քրեական գործ» հարուցվեց։ Ի դեպ, անցյալ տարի բավականին հետքրքիր զրույց ունեցա արևմտյան մի բարձրաստիճան դիվանագետի հետ։ Զրույցի ընթացքում դիվանագետն անկեղծացավ․ «Պատկերացնում եմ, որ մեր երկրի ներկայացուցիչը լիներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար և մենք նրա դեմ քրեական գործ հարուցեինք․․․ԱՄՆ-ը մեզ ուղղակի կոչնչացներ»։

Չթվարկեմ, թե դրանից հետո ինչպես էր հետևողականորեն շարունակվում մեր դաշնակից Ռուսաստանի դեմ քարոզչական արշավը։ Եվ Ադրբեջանի ղեկավարը, ով էլ լիներ, առնվազն հիմար պետք է լիներ պատերազմ չսկսելու համար։ Արդյունքում, տալով հազարավոր զոհեր, կորցրեցինք Արցախը։

Եվ հիմա նոր անակնկալ։ Պարզվում է՝ վարչապետ կոչեցյալը ժամանակակից զինատեսակների «հմուտ գիտակ» է։ Եվ նրա անմիջական հրահանգով Հորդանանից Հայաստան ներկրվեցին համաշխարհային զինտեխնիկայի մեջ նախադեպը չունեցող ՀՕՊ համակարգերը, թեկուզ անհրթիռ ՍՈՒ-երը, բա ելա՞կը։ Ահա և զինվորական բարձր գիտելիքներով օժտված, պատերազմների բովով անցած, «հաղթելու ենք» բոռալով հայրենիքի մի մասը հանձնած անձը հարցազրույց է տալիս հակահայկական, թրքաբարո մի լրատվամիջոցի, որի տերը փաստաթղթեր կեղծած դասալիք է, և հայտարարում․ «Իսկանդերի» հրթիռը չի պայթել կամ 10 տոկոսով է պայթել»:

Դեռ մի կողմ թողնենք, որ «Իսկանդերը» ժամանակակից հզոր զինատեսակ է և շատ երկրներ կերազեին ունենալու նման համակարգեր։ Որ, օրինակ, ոչ մի, նույնիսկ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրի ղեկավար իրեն թույլ չէր տա նման արտահայտություն, էլ չեմ ասում խորամանկ, դիվանագետ Ադրբեջանի նախագահը։ Սա ի՞նչ է, եթե ոչ հերթական սադրանքն ու թշնամական կեցվածքը Ռուսաստանի հանդեպ։

Հարց է առաջանում, արդյոք ինչպես Յուրի Խաչատուրովի «գործը», սա էլ երկրորդ պատերազմի ահազա՞նգն է և արդեն վտանգի տա՞կ է Սյունիքը։

Իսկ գուցե վարչապետ կոչեցյալն՝ իր կարճ խելքով, անձնական վրեժն է լուծում Ռուսաստանի վերնախավից իրեն արհամարհելու համար՝ թքած ունենալով Հայաստանի վրա։

Ավետիք Իշխանյան

Այս խորագրի վերջին նյութերը