Քաղաքական

24.02.2021 13:16


«Իսկանդերի» 10 տոկոսով կրակելը 10 տոկոսով հղի լինելու պես մի բան է. Կարեն Վրթանեսյան

«Իսկանդերի» 10 տոկոսով կրակելը 10 տոկոսով հղի լինելու պես մի բան է. Կարեն Վրթանեսյան

«Իսկանդերի» 10 տոկոսով կրակելը 10 տոկոսով հղի լինելու պես մի բան է: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որտեղ ասում է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է, որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:

Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ ոչ մի հիմնավորում ու տրամաբանություն չկա Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ. «Իր ասածն իրականությանը չի համապատասխանում, առավել ևս, որ վերջում ինքն էլ ասաց, որ չգիտի: Հարցն այն մասին էր, թե ինչո՞ւ չեն կրակել 4-5-րդ օրը, իսկ նա պատասխանեց՝ ասելով, որ մենք չենք կրակել, որվհետև 40-րդ օրը ենթադրաբար ինչ-որ խնդիր են ունեցել, այսինքն 4-5-րդ օրը չօգտագործելը հիմնավորում է 40-րդ օրվա խնդիրներով: Ինչ-որ աբսուրդ է, այստեղ պետք չէ ինչ-որ տրամաբանություն փնտրել, ուղղակի նա նման է այն խորամանկ գյուղացուն, որ ոտքի վրա փորձում է խաբել ու անորակ ապրանքը մեկին ծախել, հետո ինչ ուզում է լինի. այդ ոճի ինչ-որ բան էր»:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե «Իսկանդերը» չի փորձարկվել մինչև պատերազմը և արդարացված է Փաշինյանի հայտարարությունը, թե համակարգը կարող էր կրակել 10 տոկոսով, Կարեն Վրթանեսյանն ասաց. «Նախ «Իսկանդերը» փորձարկվել է 90-ականներին՝ Ռուսաստանում, մինչև 2004 թվական պետական փորձարկումներ էին ընթանում, «Իսկանդերը» կրակվել է Ռուսաստանում տարբեր պոլիգոններում, դա բազմիցս արձանագրված, վավերագրած փաստ է: Ես համոզված եմ, որ դեռ մինչև գնումները հայկական կողմի ներկայացուցիչները որոշ փորձարկումների կամ զորավարժությունների ժամանակ օգտագործմանը ներկա են եղել: «Իսկանդերն» այնքան թանկ զենք է, որ ձեռքի հետ կրակելու համար չէ, որ բերես ասես մի հատ էլ մենք կրակենք: Բացի դա, դա Հայսատանում էլ կարելի էր կիրառել, մեր մոտ ունեցած տարբերակի 300 կիլոմետր է առավելագույն հեռավորությունը, ոչ մի բան չէր խանգարում կիրառել 200 մետր հեռավորության վրա:

Ի դեպ, «Իսկանդերը» կիրառվել է նաև «Սիրիայում» մարտական պայմաններում, գոնե խոսակցություններ կային այդպիսի: Բայց այդ ամենը մի կողմ՝ ով ասաց, որ «Իսկանդերը» չի պայթել, Նիկոլ Փաշինյանի ասածում չկա, որ չի փայթել, ինքն ասում է՝ կամ չի պայթել, կամ 10 տոկոսով է պայթել»:

Կարեն Վրթանեսյանը նաև ընդգծում է. «Արդեն շատ սովորական է դարձել, որ պետության ղեկավարի երեք ասածից երկուսը սուտ են, մեկն էլ մանիպուլյացիա է: Ես վստահ պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում է, որի հետևանքներն արդեն տեսնում ենք ռուսական լրատվամիջոցներում, ադրբեջանցիները, ուկրաինացիները ոգևորված դա տարածում են, մեկնաբանում են և այլն: Իսկ ես նաև հիշեցնեմ, որ Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ Ռուսաստանն արտահանեց «Իսկանդեր», շատ երկրներ էին ուզում, բայց միայն Հայաստանին տրվեց՝ անձամբ Սերժ Սարգսյանի ջանքերի շնորհիվ»:

Այս խորագրի վերջին նյութերը