Մեկնաբանություն

23.02.2021 15:55


Լոգիկայից զուրկ և «լոգիստիկ խնդիրների» տակ մնացած նիկոլական ոստիկանա-չը-պետություն

Լոգիկայից զուրկ և «լոգիստիկ խնդիրների» տակ մնացած նիկոլական ոստիկանա-չը-պետություն

Աբու Դաբիի IDEX-2021 Expo ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի տաղավարն ուղղակի շշմեցուցիչ է եղել: Մինչ մյուս՝ կյանքից ու ժամանակից հետ մնացած երկրները ինչ-որ զինատեսակներ էին ներկայացնում իրենց տաղավարներում, Հայաստանը, որպես բարձր տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար գերտերություն, ներկայացրել է... թղթե բուկլետներով ու անզեն տաղավարով:

Չար լեզուներն ասում են, թե դա խայտառակություն է, այնինչ դա նիկոլի տիկնոջ հռչակած խաղաղասիրության քարոզչությունն է: Դե իհարկե, էլ որտե՞ղ պետք է այդ «խաղաղասիրությունը» դրսևորվեր, եթե ոչ՝ ռազմաարդյունաբերական խոշոր ցուցահանդեսում:

Իսկ եթե ավելի լուրջ... Չնայած, սրանց այլևս անհնար է լուրջ վերաբերվել, որքան էլ որ ողբերգական են սրանց ավերիչ ու երկրաքանդ, գլխակեր իշխանավարման հետևանքները:

Այն բանից հետո, երբ Աբու Դաբիում արձանագրված խայտառակությունը դարձավ հայկական տեղեկատվական հոսքերի գլխավոր ծաղրանյութը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում տարածեց առ այն, թե ոնց է պատահել, որ այդ «բարձր տեխնոլոգիական» պատվիրակությունը՝ նախարարով-բանով, հասել է ԱՄԷ մայրաքաղաք, իսկ ցուցանմուշները՝ ոչ:

Ավելի լավ էր լռեին:

Արշակյանի նախարարությունն, ուրեմն, ասում է. «Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես՝ այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն»:

Այս պարզաբանման միակ դրական կողմն այն է, որ այն փետրվարի 31-ին չի տարածվել: Հիշողները չեն մոռանա, ըստ նախարար Արշակյանի, փետրվարի 31-ին ընդունված օրենք է եղել (տե՛ս կից տեսանյութը):

Եվ, ինչպես փետրվարի 31-ի դեպքում է, իրենց խայտառակվելու վերաբերյալ պարզաբանումն էլ է լոգիկայից զուրկ: Ի՞նչ է նշանակում՝ ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես՝ հաշվարկով, որ ժամանակին տեղ հասնեն, բայց «լոգիստիկ խնդիրների» հետևանքով տեղ չեն հասել:

Իսկ դա նշանակում է, որ ոչ մի բան էլ չեն կազմակերպել, ոչինչ էլ չեն հաշվարկել, աշխատել են փնթի, անկազմակերպ, թափթփված, անպատասխանատու, այսինքն՝ չեն աշխատել: Միայն այդ դեպքում է հնարավոր, որ տասնյակ միլիոնավոր դրամներ հարկատուների հաշվին հատկացվեն այդ ցուցահանդեսին հավուր պատշաճի ներկայանալու համար, բայց... միայն նախարարական պատվիրակությունն ու թղթե բուկլետները տեղ հասնեն: Իսկ ցուցանմուշները մնան ինչ-որ «լոգիստիկ խնդիրների» տակ: Այսինքն, հիմնականը, ինչի համար էլ փող է հատկացվել, ծախսեր են ձևակերպվել և այլն, տեղ չի հասել:

Սա ավելին է, քան պարզապես խայտառակությունը: Այս եղելությունն ի ցույց է դնում, թե նիկոլի իշխանությունը ինչ մոտեցումներով է գործել նաև նախապատերազմական շրջանում և պատերազմի ժամանակ: Այս խայտառակությունը պարզորոշ ցույց է տալիս, թե ինչի հետևանքով են հազարավոր հայ տղաներ անպաշտպան մնացել մարտադաշտում, ինչպես է եղել, որ ամբողջական ստորաբաժանումներ հայտնվել են ոչ այնտեղ, որտեղ պետք է, այլ մեկ ուրիշ վայրում և ընկել թշնամական ինտենսիվ կրակի տակ: Ինչպես է եղել, որ առաջնագծում զինվորները զրահաբաճկոն ու սաղավարտ չեն ունեցել, ինչպես հիմա վկայում են շատերը:

Իսկ այլ կերպ չէր էլ կարող լինել: Սրանք ուղղակիորեն ոչ մի բանի պիտանի չեն, ոչ մի գործ չեն կարող անել, ո՛չ մի: Սրանք բացարձակապես անպատասխանատու են: Սրանք միայն կարողանում են քանդել, ապականել, փչացնել, ջարդել, անպատկառորեն ստել, զազրախոսել, շնաբարո դուրսպրծուկների նման վնգստալ և... բյուջեի հաշվին պարգևավճարներ լափել:

Սրանցը միայն հազարավոր ոստիկաններով շրջապատված, վախի տենդի մեջ «իշխանավարելն» է:

Ինչ վերաբերում է այդ ցուցահանդեսին, առհասարակ, խորհրդանշական է, որ Հայաստանի տաղավարում միայն թուղթ է ցուցադրվել: Երկիրը, ժողովրդին, բանակը խայտառակ պարտության ու կործանման տարած ապիկար ռեժիմը հենց այդպես էլ պիտի ներկայանար: Ու ընդհանրապես, հազիվ թե որևէ մեկին հետաքրքրի, թե բացարձակ կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը ինչ զինատեսակներ կարող է առաջարկել: Առաջարկող լիներ, իր բանակը կսպառազիներ ու էս ողորմելի վիճակի մեջ չէր գցի:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը