Քաղաքական

23.02.2021 14:00


Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով հերթական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով հերթական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Նիստն ընդմիջվեց սկսվելուց անմիջապես հետո։ Հայտարարված 20 րոպեանոց ընդմիջման ընթացքում դատարանը պետք է պարզեր նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառները և նրա՝ նիստին ներկայանալու հնարավորությունը։

Դատական նիստից առաջ դատարանն ստացել է Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ պետք է ներկա գտնվի Վերաքննիչ քրեական դատարանում քննվող մեկ այլ գործով այսօր նշանակված նիստին։ Դանիբեկյանը նաև նշեց, որ դատարանի աշխատակազմը Վերաքննիչ դատարանից տեղեկացել է, որ տվյալ գործով նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվել է, որպես հետաձգման պատճառ նշված է «այլ հիմք»։

Նախորդ լսումների ժամանակ Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է դատավոր Դանիբեկյանին Վերաքննիչ դատարանում այսօր նշանակված նիստի մասին և խնդրել նիստ չնշանակել փետրվարի 23-ին։ Սակայն, դատավորն անտեսել է փաստաբանի խնդրանքը՝ նշելով, որ Ալեքսանյանին հայտնի է, որ սույն գործով դատական նիստերը տեղի են ունենում երեքշաբթի օրերին և կարող էր նման խնդրանքով դիմել Վերաքննիչ դատարան։ Դանիբեկյանը նաև զգուշացրեց, որ Ալեքսանյանի բացակայությունը կդիտվի որպես դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք։

Դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը կկայանա մարտի 2-ին, ժամը 13։00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը