Կարծիք

23.02.2021 11:21


Ինչպես իմանալ, թե արդյոք ձերբակալված կամ մեղադրվող անձը ենթարկվում է քաղաքական հետապնդման (լուսանկար)

Ինչպես իմանալ, թե արդյոք ձերբակալված կամ մեղադրվող անձը ենթարկվում է քաղաքական հետապնդման (լուսանկար)

Ինչպե՞ս իմանալ, թե արդյոք ձերբակալված կամ մեղադրվող անձը ենթարկվում է քաղաքական հետապնդման: Նախ նշեմ, որ քաղաքական հետապնդումն ամենևին չի նշանակում, թե չպետք է գործ ունենանք քրեական օրենքի հետ: Առանց դրա քրեադատավարական հարկադրանք (կասկածյալ, ձերբակալում, մեղադրանք, կալանք և այլն...) չի կարող կիրառվել:

Քննարկենք մեկ օրինակ: Ընդդիմադիր հայացքներ ունեցող և իշխանությանը քննադատող քաղաքացի Ա.Բ.-ն պարբերաբար ֆեյսբուքում իր հրապարակումներով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է անում: Այդ արարքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում հատուկջոկատայիններն այցելում են քաղաքացի Ա.Բ.-ի բնակարան և վերջինիս ձերբակալում: Հետո մեղադրանք են առաջադրում և կատարում անհրաժեշտ քննչական գործողություններ:

Այդ նույն ժամանակահատվածում (նույնիսկ ավելի վաղ սկսելով) իշխանություններին պաշտպանող, ամեն օր իշխանահաճո գրառումներ կատարող քաղաքացի Ն.Փ.-ն նույնկերպ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է անում: Սակայն որևէ իրավապահ մարմնում այս դեպքի առթիվ որևէ վարույթ չի հարուցվում, անգամ ձևական ուսումնասիրություն չի կատարվում, իսկ այդ քաղաքացին մնալով անպատիժ, վայելելով իշխանությունների սերն իր հանդեպ, շարունակում է ավելի լկտիանալ ու սկսում է ֆեյսբուքում անբարոյական գրառումներ կատարել ընդդիմադիր կին գործիչների հասցեին:

Հենց այս օրինակով հաստատվում է, որ քաղաքացի Ա.Բ.-ի նկատմամբ իրականացվում է բացահայտ քաղաքական հետապնդում: Առավել ևս, որ ԱԱԾ-ում նույնիսկ քննության ընթացքում որևէ կերպ չի հիմնավորվում, որ նշված քաղաքացին անձամբ կատարել է քրեորեն պատժելի արարք, քանի որ նրան մեղսագրվող արարքն իբր նա կատարել է կեղծ օգտահաշվի միջոցով: Մինչդեռ քաղաքացի Ն.Փ-ի դեպքում դա բացահայտ է, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը նա կատարել ու կատարում է հենց իր օգտահաշվով: Նույնիսկ՝ ուղիղ եթերում:

Ի դեպ, այս կանոնն իմ բացահայտումը կամ հայտնագործությունը չէ, այն տեղ է գտել միջազգային բազմաթիվ փաստաթղթերում:

Հասկանալու համար այդպես է արդյոք Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, Նարեկ Մալյանի և այլ անձանց դեպքում, արդյոք նրանց նկատմամբ իրականացվողը հենց քաղաքական հետապնդում է, թե ոչ՝ բավարար է կարդալ սույն գրառմանը կցված նյութերը։

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը