Քաղաքական

20.02.2021 12:28


Այսպիսի գործողություններով 1 տարում երկիրն ամբողջությամբ կկազմալուծեն․ Մեղրիի համայնքապետը՝ հարուցվող քրգործերի մասին․ «Հրապարակ»

Այսպիսի գործողություններով 1 տարում երկիրն ամբողջությամբ կկազմալուծեն․ Մեղրիի համայնքապետը՝ հարուցվող քրգործերի մասին․ «Հրապարակ»

«Փաշինյանին քննադատողների դեմ քրեական գործեր հարուցելու գործընթացը շարունակվում է։ Օրերս հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել և մեղադրանք առաջադրվել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկա­նիշներով․․․

- Դուք մշտապես իշխանությունների մասին Ձեր մտածածն արտահայտել եք, քննադատել, միացել հրաժարական պահանջողներին. Ձեր կարծիքով՝ այս քրգործը քաղաքական դրդապատճառներ ունի՞:

- Ես չգիտեմ, ես ուզում եմ մտածել, որ անգրագիտություն է: Նախ՝ անհեռանկար ճանապարհ է, որովհետև դա ոչ մի բան չի կարող փոխել իմ դիրքորոշումների առումով, բայց խանգարում է մեր առօրյա աշխատանքին: Տեղից էլ մի լավ օրի չենք, Դուք գիտեք՝ ինչ վիճակում ենք, մի հատ էլ այս անհեթեթ քրգործերով շեղում են: Դրանից ընդհանուր երկիրն է տուժում, ժամանակի, էներգիայի վատնում է: Խափանման միջոցն էլ 4 միլիոն գրավ են կիրառել, դա էլ ենք բողոքարկում, դրա տրամաբանությունն էլ չենք հասկանում, թե որտեղից է այդ 4 միլիոնը վերցված:

-Դուք ունե՞ք այդքան գումար:

-Մեր ընտանիքը բիզնես ունի, բայց մենք այդ գումարն ավելի լավ տեղեր կարող էինք օգտագործել, քան թե գրավ թողնել:

-Այս քրեական գործը Ձեզ կաշկանդելո՞ւ է իշխանությունների հետ հարաբերություններում:

-Ոչ, ընդհակառակը՝ ավելի է ամրապնդում այն կարծիքը, որ այս իշխանությունն ի վիճակի չէ մեր երկիրն էս վիճակից հանելու, նույնիսկ կայուն ընթացող եվրոպական երկիրը չեն կարող իներցիայով ղեկավարել, ուր մնաց այսքան խնդիրներ ունեցող երկիրը: Այսպիսի գործողություններով 1 տարում երկիրն ամբողջությամբ կկազմալուծեն:

-Ասում են, որ Սյունիքում իրավիճակը կայունացնում են. այս պահին ռեալ վտանգներ կա՞ն:

-Ամեն այդպիսի հայտարարությունն անձամբ ինձ մոտ ավելացնում է տագնապը, որովհետև փորձը ցույց է տալիս, որ որտեղով զբաղվել են, այնտեղ ավելի մեծ խնդիրներ են առաջացել: Տագնապ, իհարկե, կա: Մենք չգիտենք, թե, ինչպես ինքն է հայտարարում, բանավոր կամ գաղտնի կնքված համաձայնագրերով՝ ինչ է մեզ սպասվում, այնպես, ինչպես այս վերջում պարզվեց, որ գաղտնի փաստաթուղթ կա ստորագրված: Երկու դեպքում էլ մենք չգիտենք, թե էլ ինչ գաղտնի պայմանավորվածություններ կան:

-Արտագաղթը Մեղրի է՞լ է մտել:

-Դե, այդպես տեսանելի հաշվարկ, ճիշտն ասած, չունեմ, բայց քանի որ մթնոլորտը տագնապային է, ապա, իհարկե, սպասելիքները դրական չեն: Ժողովուրդը կայունություն է սիրում, մանավանդ սահմանին ապրողը վստահություն է ուզում, պետության ներկայություն է ուզում: Մենք այսօր դա չենք տեսնում, ցավոք սրտի: Այսպես շարունակվելու դեպքում սպասելիքները դրական չեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը