Քաղաքական

18.02.2021 17:09


Փաշինյանի հրաժարականը պահանջող բժշկին ազատել են աշխատանքից

Փաշինյանի հրաժարականը պահանջող բժշկին ազատել են աշխատանքից

Yerkir.am-ը գրում է․ «Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար աշխատանքից հեռացրել են Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկական հիվանդանոցի տնօրեն Արտակ Եդոյանին։ Լուրը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Եդոյանը։

«Աշխատավայրում նստած եմ, զանգում, ասում են՝ աշխատանքից ազատված եք։ Արամ Խաչատրյանին հարցնում եմ՝ ո՞րն է պատճառը, որ ազատում եք, ասում է․ «Պատճառ չկա, ուզել եմ՝ ազատել եմ։ Իրավաբանների հետ խոսել եմ, իրավունք ունեմ առանց պատճառի աշխատանքից ազատել»։ Բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանի՝ Փաշինյանի հրաժարականի կոչին միացել էի նաեւ ես։ Ես կուսակցական դիրքորոշում չունեմ։ Ենթադրում եմ, որ դրանով է պայմանավորված, որովհետեւ այլ պատճառ չկա»,-ասաց նա։

Եդոյանն այսպես մտածելու կոնկրետ պատճառ ունի։ Զրույցի ընթացքում նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը, որը, մինչ գործադիր տեղափոխվելը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, թեման քաղաքական դաշտ է տեղափոխել, Եդոյանից հետաքրքրվել, թե ինչո՞ւ է դեմ Փաշինյանին։

«Մարզպետն ասաց՝ նախկին իշխանությունների ժամանակ կարո՞ղ էիք կարծիք հայտնել։ Ասում եմ՝ այո, եւ օրինակ բերում, որ նախկին մարզպետի ժամանակ քաղաքական խնդիր եմ ունեցել, ազատ արտահայտել եմ իմ տեսակետը։ Կարծիք հայտնելու համար նախկինում երբեք նման փաստի առաջ չեմ կանգնել»,-նշեց բժիշկը։

Եդոյանը մարզպետին դատի է տալու, իրավաբանների եւ իրավապաշտպանների հետ արդեն պայմանավորվել է։ «Պոլիկլինիկան ապաքաղաքական կառույց է, պոլիկլինիկայի տնօրենը՝ ապաքաղաքական անձ։ Նա իրավունք ունի իր անձնական տեսակետն ամեն տեղ հայտնելու, միշտ հայտնելու։ Դատի եմ տալու»,-շեշտեց նա։

Հիշեցնենք՝ Հայաստանի բժշկական համայնքի ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ պահանջելով ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականը եւ նրա կառավարության ինքնակամ ու անցնցում հեռացումը»:

Այս խորագրի վերջին նյութերը