Հարցազրույց

17.02.2021 21:07


ԲՀԿ-ն ինձ համար զսպաշապիկ էր, ես հանդես էի գալիս թիրախային ու խիստ քննադատությամբ, ինչը հարուցում էր իմ կուսակցության անհասկանալի անհանգստությունը. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

ԲՀԿ-ն ինձ համար զսպաշապիկ էր, ես հանդես էի գալիս թիրախային ու խիստ քննադատությամբ, ինչը հարուցում էր իմ կուսակցության անհասկանալի անհանգստությունը. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Ես հրաժարվել եմ ԲՀԿ խմբակցությունից ոչ թե Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ անձնական խնդրից ելնելով, այլ քանի որ ես ըմբոստ մարդ եմ, և իմ քաղաքական ակտիվությունը հաճախ գնահատվել է իբրև ավելորդ, ինչն անդրադարձել է նաև ԲՀԿ-ի վրա․ կուսակցությունում եղել են որոշ անառողջ կրքեր, ես մանդատը չեմ վերցրել սրան-նրան հաճոյանալու համար, ես ներկայացնում եմ ժողովրդին և հանդես եմ գալիս թիրախային ու խիստ քննադատություններով, ինչը հարուցում էր իմ կուսակցության անհասկանալի անհանգստությունը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ինձ համար կուսակցությունում լինելը զսպաշապիկ էր, ես փորձում էի ավելին անել։ Ես Ծառուկյանի հետ չեմ զրուցել, նախապես չեմ համաձայնեցրել։ Մեր խմբակցության քարտուղարին իշխանությունից մոտեցել ու ասել են, թե ոմանք կարմիր գծեր են անցնում՝ ինձ նկատի ունենալով, խմբակցության քարտուղարն էլ դա ինձ է փոխանցել։ Ես մի կանոն ունեմ, որով ղեկավարվում եմ՝ ինձ համար պետականության շահը գերակա է կուսակցական շահի նկատմամբ»,-ասել է ընդդիմադիր գործիչը:

Ըստ Պետրոսյանի՝ խմբակցությունում գտնվելը կաշկանդել է իր ազատությունը, նրան ասել են, թե իր ամեն ելույթի համար Ծառուկյանին կանչում են ԱԱԾ, իսկ հիմա ազատվել է այդ բեռից. «Իմ քաղաքական ակտիվությունը որևէ օրենք չի խախտել։ Այդ նրանք են խախտել կարմիր գիծը՝ Արցախը մսխողները, պետական դավաճանության մեջ մեղադրվողները, երկիրը սոցիալական աղետի շեմին կանգնեցնողները, պետական բյուջեն քաղաքացու հաշվին գրպանողները։ Նախկինում ես մեկ անգամ դուրս եմ եկել ԲՀԿ-ից իմ կամքով, երկրորդ անգամ հեռացվել եմ, հիմա էլի իմ կամքով եմ դուրս գալիս։ Կուսակցությունը կին չէ, որի հետ ամուսնանաս, որևէ տեղ գրված չէ, թե պատգամավորը պետք է ծառայի կուսակցության շահերին»:

Անկախ պատգամավորի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է՝ սահմանապահ գյուղերը պետք է լինեն արտոնյալ, մինչդեռ գյուղապետերն են իրենց մերձավորների հետ սահման պահում. «Այդ մարդիկ իրենց տները վառում են, սա՞ է արտոնությունը։ Նիկո՛լ, ինչո՞ւ ես գնացել Գյումրի, քեզ և քո աջակիցներին ոչ թե ձվով, այլ աթարով պիտի խփեին։ Մոռանալով այսքան երեխաների կորուստը, երկրի սրընթաց անկումը՝ ինչպե՞ս են պաշտպանում նրան։ Ապիկար Նիկոլը թող գնա սահման պահի, ոչ թե միայն իր կեցավայրի անվտանգությունն ապահովի»:

Գևորգ Պետրոսյանի պնդմամբ՝ Փաշինյանին արդարացնողները պետական դավաճանություն կիսողներ են, նրանք վարչական ռեսուրսով են բերվում փոքրաթիվ հավաքներին․ «Եթե վստահ ես քեզ վրա, առանց թիկնազորի շրջիր քաղաքում, Նիկո՛լ։ Թիմակիցներից մեկն ասում է՝ դուք պաշտպանության նախարարի ճամփան եք փակում, հո սոցապ նախարար չի՞, դա ասելու բա՞ն է։ Հիմա իշխանափոխություն է տեղի ունենում, ժողովրդի մեծամասնությունը թքում է նրանց երեսին, մնում է դրա իրավաբանական ձևակերպումը։ Քաղաքական ուժերի արժեքն ու առաքելությունն այն է, որ ի կատար ածեն ժողովրդի մեծամասնության տրամադրությունները»,-ամփոփել է Գևորգ Պետրոսյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը