Մեկնաբանություն

17.02.2021 17:00


Սասուն Միքայելյանը մերժո՞ւմ է «իր սրտի վարչապետ» ու Հայաստանի վարչաՂետ նիկոլին

Սասուն Միքայելյանը մերժո՞ւմ է «իր սրտի վարչապետ» ու Հայաստանի վարչաՂետ նիկոլին

Օրերս, իսկ ավելի կոնկրետ՝ անցած ուրբաթ, փետրվարի 12-ին, պարզվում է, Երևանի քաղաքապետարանի գլխավոր հրամանատար Հայկ Մարությանը պաշտոնական այցով և իր բարձրաստիճան անձով պատվել է Սասուն Միքայելյանի գլխավորած «Երկրապահ» կամավորականների միության վարչությունը: ԵԿՄ վարչության շենքի մատույցներում նրան, ինչպես հարկն է, դիմավորել են: ԵԿՄ Վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ու Հայկ Մարությանը մատուռում մոմ են վառել և աղոթել հայրենիքի նահատակված հերոսների անմահ հիշատակի համար: Հայկ Մարությանը շրջել է ԵԿՄ շենքում, ծանոթացել ԵԿՄ թանգարանին, գրադարանին և պատմական արխիվին:

Մի խոսքով, ԵԿՄ տարածած հաղորդագրության համաձայն՝ վերջում Հայկ Մարությանը ԵԿՄ պատվոգրով է պարգևատրել (ոչ թե նրան շնորհվել է պատվոգիր, այլ պարգևատրվել է, հասկանո՞ւմ եք):

Չէ, այս այցի, դրա մասին հաղորդագրության մեջ ու դրան կից ԵԿՄ պատրաստած տեսանյութում հրաշալի է, եթե ոչ՝ ամեն ինչ, ապա շատ բան:

Նախ, հետաքրքիր է, որ փետրվարի 12-ին տեղի ունեցածի մասին հաղորդվում է եղելությունից 4 օր անց: Բայց դա մանրուք է: Ենթադրենք, շաբաթ-կիրակի է եղել, երկուշաբթին էլ կորած օր է, և հետո, գոնե Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նույն օրը մի շատ կարճ տեղեկություն հայտնել էին հանրությանը:

Ամենից էականը, ինչը, քիչ է ասել՝ թե գրավեց տողերիս հեղինակի ուշադրությունը, այլ ուղղակիորեն մխրճվեց այդ ուշադրության մեջ, ԵԿՄ վարչության նախագահ, նվիրյալ «նիկոլաքայլական» Սասուն Միքայելյանի հայտարարությունն էր: Մեջբերենք ամենից տպավորիչ նախադասությունը. «...Հետին պլան է մղվում մեր նախկին հաղթանակը, որը ես շատ սխալ եմ համարում»:

Խոսքը, հասկանալի է, Արցախի ազատամարտի (1988-94թթ., առավել ակտիվ պատերազմական լայնածավալ գործողությունները՝ 1992-94թթ.) մասին է, որին, ինչպես հայտնի է, որպես ջոկատի հրամանատար, այսինքն՝ անմիջականորեն մասնակցել է ԵԿՄ ներկայիս վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Այո, այո, նույն Սասուն Միքայելյանը կամ հենց այն նույն Սասուն Միքայելյանը, ով «իր սրտի վարչապետ» ու Հայաստանի վարչաՂետ նիկոլի կողքին կանգնած, կհիշեք, ուղղակիորեն զրոյացրեց Արցախի ազատամարտում տարած հաղթանակը՝ հայտարարելով, թե այն պակաս կարևոր էր, քան... «թավշյա» հեղաշրջումը:

Դեպքը, եթե չենք սխալվում, Թալինում է եղել, 2018թ. նոյեմբերի 26-ին, նիկոլի «քայլի» նախընտրական արշավի շրջանակում, իսկ Սասուն Միքայելյանն էլ մասնավորապես հայտարարել էր. «...չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը»:

Անցել է 2 տարի 3 ամիս: Իրողություններ են փոխվել, իսկ ավելի ճիշտ՝ գլխիվայր շրջվել ու, նույն Սասուն Միքայելյանի, իր «քայլակիցների», նրանց փայփայած-պաշտպանած հողատու-կապիտուլյանտ նիկոլի պատճառով Հայաստանը գահավիժում է անդունդը, ժողովուրդն էլ, ծանր ու դեռ երկար չսպիանալիք վերքերով, աղետի ու վշտի մեջ է:

Եվ ահա, նույն Սասուն Միքայելյանն այսօր, այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել, իր սիրելի նիկոլի ու նաև իր պատճառով տեղի ունեցած համընդգրկուն աղետի պայմաններում հայտարարում է, թե, գիտե՜ք, էդքան էլ ճիշտ չի, ավելին՝ շատ սխա՜լ է, որ «հետին պլան է մղվում մեր նախկին հաղթանակը»:

Էհ, հաղթողներին հետին պլան ու բերդի խցերը մղողնե՞րն ովքեր էին: Դո՞ւք չէիք: Հաղթողներին վիրավորող, նվաստացնող, պախարակող, թացուչոր խառնած՝ ցեխոտո՞ղն ովքեր էին, դո՞ւք չէիք: Մեկն էլ նույն Սասուն Միքայելյանի կողքին ԱԺ-ում նստո՞ղը չէր (այն որ պլաստիկե շիշը դիմացից փախցրեց հայտնի Մարուքյանի հետ «լուսավոր» ընդհարման ժամանակ), որը մինչև հիմա էլ շարունակում է իր սև ու կեղտոտ «գործը»:

Իսկ Սասուն Միքայելյանն անձամբ՝ իր վերը մեջբերված 18 թվի հայտարարությամբ առհասարակ հենց այն «մեր նախկին հաղթանակն» է հետին պլան մղել, հիմա եկել, ու դժգոհում է, որ «մեր նախկին հաղթանակը»... հետին պլան է մղվում:

Եվ ո՞վ եք դուք այդ ամենից հետո...

Կամ էլ, պետք է ենթադրել, 18 թվին Սասուն Միքայելյանն աղմկահարույց հայտարարության միայն հնչեցնողն էր, այսպես ասած՝ «կուսակցաքայլական» հանձնարարություն կամ խնդրանք էր: Իսկ հիմա իր սրտից է ասում, անկեղծ սրտնեղում է (գուցե զղջո՞ւմ), որ «մեր նախկին հաղթանակը հետին պլան է մղվում»: Իսկ միգուցե Սասուն Միքայելյանը այդպիսով մերժո՞ւմ է «իր սրտի վարչապետ» ու Հայաստանի վարչաՂետ նիկոլին: Ի՞նչ իմանաս: Իսկ կարո՞ղ է... Սասուն Միքայելյանն ու հայ մարդկանց սորտավորիչ, ներքին ատելության գեներատոր ու սև-սպիտակող Հայկ Մարությանը ինչ-որ անակնկա՞լ են պատրաստել նիկոլի համար:

Ուշագրավ է և այն, որ նիկոլի «քայլոները» վերջերս ինչ-որ շատ են սկսել խոսել հաղթանակների մասին: Մի քանիսը կան, որ ընդհանրապես, հայտարարում են, թե այս վերջին պատերազմում Հայաստանը հաղթել է: Հա, կան: Անպատկառորեն այդպես էլ հայտարարում են, թե՝ «հաղթել ենք»: Այն ամենից հետո, ինչ կատարվել է, Արցախը ալիևին նվիրելուց, Սյունիքը հարվածի տակ դնելուց, ահռելի տարածքային կորուստաներից, անդառնալի մարդկային կորուստներից, բանակի ողնաշարը ջարդելուց, Հայաստանն ինքնիշխանությունից գործնականում զրկելուց, թուրքի ոտներն ընկնելուց հետո... հայտարարում են, թե՝ հաղթել են: Ո՞ւմ եք հաղթել, հայ ժողովրդի՞ն...

Ախ, հա՜, չէ՞ որ դուք ձեր նիկոլի հետ պայմանավորվել եք, որ «ինչ էլ լինի, ձեզ պարտված չեք համարելու»: Ակնհայտ է, որ դա կոնկրետ նիկոլական հանձնարություն է: Բայց... համարեք, ինչ ուզում եք, ձեր նիկոլով հանդերձ խորապես արհամարհվածներ: Հա, ու մի՛ կարծեք, որ եթե ձեր ազգանունը փաշինյան չէ, այլ Մարության կամ, ասենք, Հովակիմյան, դուք պատասխան չեք տալու այն աղետի ու ողբերգության համար, որ բերեցիք մեր հայ ժողովրդի գլխին:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը