Այլևս նպատակահարմար չեմ գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իմ գործունեությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 9-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով՝ սույնով հայտարարում եմ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին:
Անկեղծ ասած՝ մեծ դժվարությամբ եմ կայացրել այս որոշումը:
Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ առաջնային մանդատ կրող պաշտոնյայի թիվ մեկ առաքելությունը ցանկացած իրավիճակում երկրի ու ժողովրդի համար գերկարևոր խնդիրներին առավելագույնս արագ և համարժեք արձագանքելու պարտականությունն է, այլ ոչ թե անձնական զգուշավորության մասին հոգածությունը, ինձ համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը, ինչը պայմանավորված է խմբակցությանն անդամակցության հանգամանքով:
Երկրում արդեն տևական ժամանակ սկիզբ առած ակնհայտ անօրինական հետապնդումներին ու ապօրինություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն ինձ համար անընդունելի մոտեցում է, իսկ երբ ես լրացրել եմ այդ պակասը և իրերն անվանել եմ իրենց անուններով, հարուցել եմ առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը:
Վերը նշվածով պայմանավորված՝ այլևս նպատակահարմար չեմ գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իմ գործունեությունը:
Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ պատգամավորը պարտավոր է քաղաքացու տված վստահությունը հասցնել ավարտին, ես կշարունակեմ Ազգային ժողովում իմ աշխատանքը՝ որպես անկախ պատգամավոր...
Շնորհակալ եմ ԲՀԿ խմբակցության իմ սրտացավ գործընկերներին համատեղ աշխատանքի համար...
Այլևս նպատակահարմար չեմ գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իմ գործունեությունը