Քաղաքական

20.05.2011 15:04


Կ. Ռուբինյան. «Ենթադրենք` խորհրդարանում Կոնգրեսն ինչ–որ տեղեր ունենա, բայց մեր երկրին դա՞ է պետք»

Կ. Ռուբինյան. «Ենթադրենք` խորհրդարանում Կոնգրեսն ինչ–որ տեղեր ունենա, բայց մեր երկրին դա՞ է պետք»

ՀԱԿ–իշխանություն երկխոսության մասին խոսելիս «ՀՀ քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի» նախագահ, Գերագույն խորհրդի փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն ասել է, թե ինքն այդ երկխոսությանը դեմ չէ սկզբունքորեն։ Նա ուղղակի հիշեցրել է, որ համաժողովրդական բնույթ կրող իրենց պայքարը մինչև 2008թ. մարտի 1–ը անթերի է եղել, որը պետք է բերեր իշխանությունների հրաժարականին։ Ցավոք, նրա խոսքերով, իշխանություններն անցան մարդկայնության սահմանները, որից հետո, իր կարծիքով, ՀԱԿ–ը պետք է վերականգներ իր ուժերն ու վերսկսեր պայքարը՝ շարունակելով նույն ոգով։

Մարտի 1–ին տեղի ունեցածը հնարավոր չէ մարսել։ Այս տարեսկզբին արդեն ինչ–որ տեղ լճացող պայքարը ՀԱԿ–ի (որն ընթացքում էլ էի քննադատում, որովհետև կորցրել էր սրությունն ու համարձակությունը) փոփոխություններ կրեց։ Ժողովրդի տնտեսական ու սոցիալական վիճակի վատթարացումը համընկավ արաբական հեղափոխություններից եկած ոգևորության հետ, և տեսանք, որ ժողովուրդը պատրաստ է կանգնելու ու պայքարելու իր իրավուքների համար մինչև վերջ։ Այստեղ անձամբ ինձ և երևի շատերին զարմացրեց Կոնգրեսի կուրսի կտրուկ փոփոխությունը և հայտարարությունը, որ ընտրվել է խաղաղ, անցնցում ճանապարհը,–ասել է Կարապետ Ռուբինյանը։

Նա նշել է, թե այս վարչախմբի գոյատևումն ավելորդ մեկ օր, մեկ ամիս, պարզապես կործանում է Հայաստանը, քանի որ այն մրցակցության մեջ է հարևան պետությունների հետ ու տանուլ է տալիս այդ մրցակցությունը։

Նրա խոսքերով՝ հայտարարվում է, թե այսպիսի զարգացումն էապես կլիցքաթափի իրավիճակը, սակայն Կ. Ռուբինյանի համար անհասկանալի է, թե էապես լիցքաթափված իրավիճակում ինչո՞ւ պետք է վարչախումբը սկսի բանակցել հրաժարականի մասին։

Տրամաբանությունը բերում է նրան, որ ամեն ինչ խաղաղ ճանապարհով գալու է ու հանգելու է հերթական խորհրդարանական ընտրություններին, որտեղ թամադան նորից լինելու է ռեժիմի ղեկավար Սերժ Սարգսյանը, և կարելի է հիմիկվանից կանխատեսել, թե ինչ արդյունքներ են ունենալու և որքանով են արդար լինելու այդ ընտրությունները,–ասել է Կ. Ռուբինյանը։

Կարապետ Ռուբինյանի կարծիքով՝ ՀԱԿ–ը, հնարավոր է, հաշվարկել է ու հասկացել, որ «կոնֆրոնտացիոն ճանապարհն» իրենց որևէ հեռանկար չի խոստանում, ու որոշել են՝ ոնց կստացվի, թող ստացվի։

Հնարավոր է՝ դա զուտ անձնական շահերից ելնելով չէ, ուղղակի ես մտածում եմ, որ ենթադրենք՝ խորհրդարանում Կոնգրեսն ինչ–որ տեղեր ունենա, դա կարելի է ինչ–որ հաջողություն համարել։ Հաստատ գիտեմ, որ հիմարներ ու սրիկաներ չեն գնա, նորմալ մարդիկ կգնան խորհրդարան, ու ինչ–որ չափով խորհրդարանի մակարդակը կբարձրանա։ Բայց մեր երկրին դա՞ է պետք,–տարակուսել է Կարապետ Ռուբինյանն ու հավելել, որ Հայաստանին խոր, արմատական բարեփոխումներ են հարկավոր բոլոր ոլորտներում, սակայն ներկայիս զարգացումները դրան չեն հանգեցնելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը