Լրահոս

15.02.2021 20:40


Մեկ անձ կալանավորվել է փախստականի կարգավիճակ ունեցող Արցախի բնակիչներից գումարներ հափշտակելու մեղադրանքով

Մեկ անձ կալանավորվել է փախստականի կարգավիճակ ունեցող Արցախի բնակիչներից գումարներ հափշտակելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող Արցախի բնակիչներից խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«Փաստի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և խարդախության կատարման մեխանիզմը:

Քննությամբ պարզվել է, որ երկու անձինք օգտվելով պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության բնակիչների անօթևան մնալու և փախստականի կարգավիճակ ձեռք բերելու հանգամանքից, ՀՀ կառավարության կողմից փախստականների համար նախատեսված համապատասխան ծրագրի շրջանակներում բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպելու, այդ նպատակով մուծումներ կատարելու և այլ խնդիրներ կարգավորելու պատրվակով, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ուրիշին պատկանող գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձանցից խարդախությամբ հափշտակել են տարբեր չափերի գումարներ:

Մասնավորապես՝ իրենց մտադրությունն իրագործելու նպատակով նրանցից մեկը ներկայացել է որպես ՀՀ ոստիկանության աշխատակից՝ վստահեցնելով ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյա ընկերոջ միջոցով Երևանում բնակարանների հատկացում կատարելու հնարավորությունների մասին և համապատասխան վճարումներ կատարելու, կեղծ վճարային փաստաթղթեր, սեփականաշնորհման վկայականներ կազմելու, տրամադրելու պատրվակով նրանցից պահանջել 6 000 000, 3 000 000, 4 475 000 ՀՀ դրամ և 1000 ԱՄՆ դոլար գումար։

Նշված անձանցից, որպես կանխավճար, սկզբում ստացել են տարբեր չափերի գումարներ՝ ներկայացնելով կանխավճարի վերաբերյալ կեղծ վճարային փաստաթղթեր, կեղծ անդորրագրեր, հատկացվելիք բնակարանի սեփականաշնորհման կեղծ վկայական՝ վստահեցնելով, որ սեղմ ժամկետում կիրականացվի բնակարանի հատկացումը։

Այնուհետև՝ համապատասխան վճարումները կատարելու պատրվակով հերթական հանդիպումների ժամանակ ստացել են նաև պահանջված գումարների մյուս մասը, իսկ հաջորդող օրերին տարբեր պատճառաբանություններով խուսափել հետագա հանդիպումներից։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով, 34-178-րդ հոդվածի (խարդախության փորձ) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով (2 դրվագ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Հանցավոր խմբի մյուս անդամին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը