Լրահոս

13.02.2021 16:04


Երկրաշարժ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ (տեսանյութ)

Երկրաշարժ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ (տեսանյութ)

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Արատկարագ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ կա հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ ԱԻՆ–ը բնակչությանը հորդորում է դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Ստացվել են ահազանգեր Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածությունների վերաբերյալ։

***

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է` հետցնցումների ակտիվությունը թուլացել է։

Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։

Հնարավոր է՝ լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից։ ԱԻՆ-ը հորդորում է խուճապի չմատնվել։

***

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 13-ի՝ ժամը 20:30-ի դրությամբ, երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի:

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության:

Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի:

Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում:

Այս խորագրի վերջին նյութերը