Քաղաքական

13.02.2021 10:55


Ալիևը Փաշինյանին է տեսնում որպես առանցքային կերպար, որը կօգնի կատարել իր պահանջները. Թոմաս դե Վաալ

Ալիևը Փաշինյանին է տեսնում որպես առանցքային կերպար, որը կօգնի կատարել իր պահանջները. Թոմաս դե Վաալ

Բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալի դիտարկմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Նիկոլ Փաշինյանին դիտարկում է որպես առանցքային կերպար, որը կօգնի հասնելու իր պահանջներին։

Հայտնի վերլուծաբանի հոդվածը հրապարակվել է Carnegie Europe պարբերականում՝ «Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման անավարտ գործընթաց» խորագրով, որտեղ Թոմաս դե Վաալն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը, այդ թվում 2020 թ. սեպտեմբերին սկսված պատերազմին, նոյեմբերին կնքված փաստաթղթին, որը Լեռնային Ղարաբաղում պատերազմը կանգնեցրեց։ Հեղինակն ամրագրում է՝ այդ փաստաթղթով պատերազմը դադարեցվեց, սակայն իրավիճակը դեռևս այդքան էլ կայուն և խաղաղ չէ։

Հարավ կովկասյան հակամարտությունների մասնագետ Թոմաս դե Վաալի պնդմամբ՝ նոյեմբերի 9-ից տարածաշրջանի աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան փոխվեց՝ Մոսկվային կրկին տալով գլխավորի դերը։ Գերիների նկատմամբ վայրագությունները զայրույթ են առաջացնում հանրությունում, իսկ զոհերից շատերի աճյունները ընտանիքներին չեն հանձնվել, մինչդեռ երկու երկրները շարունակում են իրենց պահել այնպես, կարծես նրանք դեռևս գտնվում են պատերազմական վիճակում։

«Հայերը կարծես թե վիրավորվել են ճակատագրի հանկարծակի շրջադարձով, եւ շատերը՝ հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրները, պնդում են, որ համաձայնագիրը իրավական կարգավիճակ չունի։ Խոստանում են՝ օգտագործել իշխանությունը՝ վերադարձնելու կորցրած հողերը»։ Թոմաս Դե Վաալը խոսում է նաև ադրբեջանցիների տրամադրությունների մասին, ըստ որոնց՝ Ղարաբաղյան հակամարտությունն այժմ լուծված է և «անցյալում» է։

Հոդվածում պնդումներ կան, որ չնայած մարտական գործողությունների ավարտին ՝ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ շատ հարցերի շուրջ են վիճում, իսկ տրամադրություններն արմատապես տարբեր են։

«Հաղթանակի շնորհիվ նոր լեգիտիմության հասած Ալիևն օգտագործում է առավելությունն ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ հայերի նկատմամբ։ Նա բազմիցս քննադատել է ընդդիմադիր՝ «Ժողովրդական ճակատ» և «Մուսավաթ» կուսակցություններին, ովքեր 90-ականներին կառավարություն են ձևավորել ու այդ տարածքները կորցրել են։ Այն կարելի է մեկնաբանել նաեւ որպես Ալիեւի ՝ իր ժառանգությունը կառուցելու ձգտում, որով վերջինս ցանկանում է հարված հասցնել այն ադրբեջանցիներին, որոնք հիասթափված են օրինակ՝ ռուս խաղաղապահների տեղակայմամբ կամ Ադրբեջանի տնտեսության ծանր վիճակով»։

Հոդվածագիրը ասում է, որ անգամ զինադադարից հետո Ալիևը շարունակում է հայերին «թշնամի» համարել եւ հիշեցնում այն տեսանյութերը, որով Ալիևը առաջին տիկնոջ հետ ծաղրում էին հայերին։

Նրանք մեքենան կանգնեցնում էին Կուբաթլիի ազատագրված շրջանում ՝ հայերեն ցուցանակ տեսնելիս հրամայում է զինվորներին հանել այն, ապա ոտնակոխ անում։ Բացի այդ, Բաքուն փոստային նամականիշեր է թողարկել,որտեղ պատկերված էր Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղը եւ վերջերս գրավված շրջանները, որոնք քիմիական ախտահանման է ենթարկվում՝ հայերին բացահայտ ներկայացնելով որպես ինֆեկցիա։

Վերլուծաբանն արձանագրել է, որ կոնֆլիկտից անմիջապես հետո, ժամանակ առ ժամանակ Ալիևն անձամբ հայհոյել է Փաշինյանին։ «Ne oldu, Pashinyan»՝ «Ի՞նչ պատահեց, Փաշինյան» արտահայտությունը, որն Ալիևն արեց նոյեմբերի 10-ին՝ կայծակնային արագությամբ տարածվեց երկու երկրների օնլայն տիրույթում։

«Վերջին շաբաթներին նրա տոնը մի փոքր փոխվել է, և Ալիևի արտահայտություններն ուղղվեցին Հայաստանի նախկին առաջնորդների դեմ, գուցե այն պատճառով, որ նա տեսնում է Փաշինյանին որպես առանցքային կերպար, որը կօգնի հասնել իր պահանջների կատարմանը»։

Հոդվածագիրը նկատել է, որ հայկական կողմից առնվազն 3500 մարդու կյանք խլած՝ հանկարծակի, անսպասելի եւ ջախջախիչ պարտությունը շատերին թողել է անելանելիության, իսկ երկիրը՝ քաղաքական շփոթության մեջ։

«Ինքը՝ Փաշինյանը, հնարավոր է, օգնել է 2020 թ. պատերազմի հրահրմանը՝ ղարաբաղյան հարցում իր ազգայնական հռետորաբանությամբ և հրաժարվելով ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների շրջանակներում խաղաղ գործընթացի վերաբերյալ պարտավորություններ ստանձնելուց։ Սակայն միանգամայն հավանական է, որ նա այդպես վարվեց ոչ թե Ղարաբաղի հարցին կրքոտ նվիրվածության, այլ հակառակը՝ քանի որ ցանկանում էր հետաձգել ղարաբաղյան հարցի լուծումը, որպեսզի կենտրոնանա Հայաստանի՝ իր հավակնոտ ներքին օրակարգի վրա»։

Հոդվածում մեջբերել են նաև Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերը, թե Փաշինյանը հետխորհրդային Հայաստանում իշխանության եկած առաջին առաջնորդն է, ում օրակարգը կենտրոնացած չէր Ղարաբաղի շուրջ։

«Ղարաբաղն իր համար խնդիր էր»:

Նոյեմբերի 10-ին հրադադարի մասին ստորացուցիչ համաձայնագրի ստորագրումից հետո Փաշինյանը բախվեց ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների կողմից հրաժարական տալու կոչերին, այլ նաև նախագահ Արմեն Սարգսյանի, Եկեղեցու տարբեր ճյուղերի ղեկավարների կողմից նույն պահանջին։ Փաշինյանը նախընտրեց պայքարել իր դիրքի համար և պարտության մեջ մեղադրեց իր նախկին ղեկավարներին։

«Չնայած նախկինում ունեցած բարձր վարկանիշներին, որը նա վայելում էր 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, կտրուկ իջել է, սակայն մինչ օրս շարունակում է կառչել իշխանությունից»։

Հոդվածում ներկայացնում են նաև այն խնդիրները, որի առաջ կանգնեց Հայաստանը՝ տարածքային կորուստներ, դիրքային փոփոխություններ Սյունիքի մարզում։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը